ՎԵՐՔԸ ԽՈ¯ՐՆ Է


ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի քննարկման արդյունքը, թվում է` միանգամայն անսպասելի էր Թուրքիայի ղեկավարության համար: Մինչև հանձնաժողովի նիստը նրանք արել էին հնարավոր ու անհնար ամեն ինչ` Բանաձևի ընդունումը խափանելու համար: Թեև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նույնիսկ հայտարարել էր, թե «իրենք պատրաստ են ցանկացած արդյունքի», նիստից հետո թուրքական կողմի բարձրացրած աներևակայելի վայնասունը ցույց տվեց, որ դա ամենևին էլ այդպես չէր. թուրքերն ուղղակի, ցնցակաթվածի մեջ ընկան և կատարեցին ու կատարում են ողջամտության սահմաններն անցնող անհավասարակշիռ ու անհեթեթ քայլեր: Դրանց թվին պետք է դասել հանձնաժողովի նիստից անմիջապես հետո, հիշեցին վարչապետ Էրդողանի կայացրած որոշումը` «խորհրդակցությունների» համար ԱՄՆ-ից Թուրքիայի արտակարգ ու լիազոր դեսպանին հետ կանչելու մասին: Համաշխարհային պրակտիկայում նման քայլը ընդունվում է որպես դիվանագիտական դեմարշ, գնահատվում է որպես միջազգային սկանդալ: Էրդողանի կողմից նման որոշում ընդունելն ու այդ մասին հայտարարելը հենց այդպես էլ որակվեց աշխարհի բոլոր լրատվամիջոցների կողմից: Ոմանք սկսեցին ենթադրություններ անել նույնիսկ հնարավոր «խզման» մասին: Իհարկե, այդպիսի բան չկա և չի կարող լինել: Եթե առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իր օրակարգ մտցնի թիվ 252 բանաձևը և նույնիսկ ընդունի այն, ինչին, անկեղծ ասած, առայժմ բավական դժվար է հավատալ, միևնույն է` երկու պետությունների միջև «խզման» մասին խոսք չի կարող լինել: Նրանք այնքան ամուր և այնքան շատ թելերով են կապված միմյանց, որ նման ելքի հավատալը խելագարություն կլիներ: Դեսպանին հետ կանչելն ընդամենը դիվանագիտական խաղ էր, որով Անկարան փորձեց Վաշինգտոնին հասկացնել, թե ինքը որքա¯ն խորն է վիրավորված իր անդրօվկիա նոսյան դաշնակցից` «ամբողջ թուրք ազգի նկատմամբ նման անարդարացի դատավճիռ» կամ «քաղաքական նպատակներով խեղկատակային որոշում կայացնելու համար»: Այս արտահայտություններից առաջինի հեղինակը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն է, երկրորդինը` վարչապետ Էրդողանը: Ակնհայտ է, որ սրանք ուժեղ հուզմունքի պահին արված, և ոչ թե խորապես կշռադատված հայտարարություններ էին: Քանզի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությունն ստացած թիվ 252 բանաձևում «ամբողջ թուրք ազգի հասցեին» որևէ թթու ակնարկի նշույլ անգամ չկա: Ինչ վերաբերում է հանձնաժողովի քվեարկությունը «քաղաքական որոշում և խեղկատակություն» գնահատելու Էրդողանի անլուրջ հայտարարությանը, ապա ինտերնետում բուն Թուրքիայի քաղաքացիներից մեկը դիպուկ նկատել էր, թե «իսկ եթե հանձնաժողովը բանաձևը մերժեր` դա քաղաքական որոշում չէ՞ր լինելու»: Մեր կողմից ավելացնենք` աշխարհի ամենահզոր երկրի օրենսդիրների հասցեին Թուրքիայի վարչապետի մակարդակով «խեղկատակություն» բառը նետելը ինքնին ամենաիսկական խեղկատակություն չէ՞: Ո՞վ է Էրդողանին իրավունք տվել` նման վիրավորանք հասցնելու այն կոնգրեսականներին, ովքեր ազնվություն ունեցան անսալու իրենց խղճի ձայնին և ընդդիմացան Բարաք Օբամայի վարչակազմի` բանաձևի նախագիծը հանձնաժողովի օրակարգից հանելու, ապա նաև «դեմ» քվեարկելու աննախադեպ ճնշումներին: Ցավալի է, իհարկե, որ Նախագահ Բարաք Օբաման, ապա նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ովքեր երկուսն էլ մինչ այս բազմիցս հրապարակավ արտահայտել էին իրենց միանշանակ կարծիքը Հայոց ցեղասպանության իրողության մասին` որպես պատմական անհերքելի փաստի, վերջին պահին տեղի տվեցին Անկարայի ճնշումների առաջ և հանդես եկան հարցը հանձնաժողովի օրակարգից հանելու կամ նախագծի ընդունումը տապալելու հորդորներով: Դա նրանց երկուսին էլ պատիվ չէր բերում, սակայն Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ամբողջ աշխարհին մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ամերիկյան ժողովրդավարությունը ամենևին էլ ֆիկցիա չէ, որ այդ երկրում գործադիր և օրենսդիր մարմինները իսկապես տարանջատված են իրարից. երկրորդն առաջինի կցորդը չէ: Ինչ խոսք, Սպիտակ Տունը բավական մեծ ազդեցություն ունի Կոնգրեսի վրա, և չի բացառվում, որ վարչակազմի ճնշման տակ Ներկայացուցիչների պալատն այդպես էլ իր լիագումար նիստի օրակարգ չմտցնի դրական եզրակացություն ստացած թիվ 252 բանաձևը: Համենայն դեպս, առնվազն երեք անգամ այդպես արդեն եղել է: Եթե այս անգամ էլ նույնը կրկնվի, ապա Միացյալ Նահանգներն անվերապահորեն կխայտառակվի աշխարհով մեկ: Ինչո՞ւ: Որովհետև նախորդ դեպքերում Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայկական բանաձևերի հաստատումը Անկարան երբեք այսքան մեծ վայնասունով չէր ընդունել: Նախկինում էլ էին քրթմնջում, բայց որ Վաշինգտոնին այսքան անթաքույց սպառնային` երկկողանի հարաբերությունների կտրուկ վատթարացման հեռանկարով, հընթացս սպառնալիքներ հնչեցնեին և ցուցադրական քայլեր անեին` դեռ չէր եղել: Ավելին, Անկարան սկսեց ատամներ կրճտացնել նաև Հայաստանի դեմ` հայտարարելով, թե «Կոնգրեսի հանձնաժողովի որոշումը կվնասի հայ-թուրքական Արձանագրութ յունների վավերացմանը»: Մինչդեռ աստվածային ու մարդկային բոլոր օրենքներով Հայաստանը չի կարող որևէ պատասխանատվություն կրել ամերիկյան կոնգրեսականների ընդունած որոշման համար: Անշուշտ, մենք շահագրգռված էինք, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խնդրո առարկա բանաձևի նախագծին հավանություն տար: Մենք ո°չ հասարակայնորեն, ո°չ պետականորեն չենք թաքցրել, որ շատ կուզենայինք` Ամերիկյան Կոնգրեսն էլ, Նախագահն էլ ընդունեին Հայոց ցեղասպանության իրողությունը: Այդ առթիվ վերջերս Արևմտյան լրագրողներից մեկի տված ուղղակի հարցին, թե «դուք կուզենայի՞ք, որ Ամերիկան ճանաչեր Հայոց ցեղասպանության փաստը», ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց մեկ բառով, կարճ ու կտրուկ` «Անշո°ւշտ»: Բայց ո՞վ չի հասկանում, որ ամերիկյան օրենսդիրներն էլ, վարչակազմն էլ այդ առթիվ որևէ որոշում ընդունելիս միշտ ելել և ելնելու են զուտ իրենց ազգային ու պետական շահերից: Ամերիկան երբեք այն երկիրը չի եղել, որ հանուն ուրիշի «գեղեցիկ աչքերի»` իրեն վնաս որևէ որոշում ընդունի: Ուղղակի եկել է պահը, և ԱՄՆ-ը սկսել է հասկանալ` հենց իր ազգային ու պետական շահն է պահանջում, որ իր դաշնակիցը ազնվություն ունենա մարդեղենանալու քայլ կատարել: Քանզի ըստ մեզ` Ամերիկայի համար մեծագույն ամոթ է, որ իր դաշնակիցը 1915-ից մինչև հիմա մնում է սեփական նախնիների մեղքն ուրացող նույն մարդակերը»£ Եվ որքան էլ արդեն հավանության արժանացած թիվ 252 բանաձևում ընդգծված է, թե «Թուրքիայի ժողովուրդն ու նրա ներկայիս կառավարությունը պատասխանատվութ յուն չեն կարող կրել Հայոց ցեղասպանության համար», ինքնըստինքյան հասկանալի է, որ ժխտելով և համառորեն չընդունելով իրենց մարդակեր նախնիների անպարագիծ ոճրագործությունը` ժամանակակից թուրքերը այդ համառ ժխտողականությամբ գործնականում արդարացնում են սեփական նախնիներին: Դրանով իսկ նրանք մեղսակից են դառնում վաղեմության ժամկետ չճանաչող, համայն մարդկության, և ոչ միայն հայ ժողովրդի դեմ կատարված, հավերժորեն աններելի հանցագործությանը£

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ