ՀՀ պաշտպանության նախարարություն


ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին վերաբերող խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Անթույլատրելի համարելով նախկինում արձանագրված թերացումների կրկնությունը` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է աշնանային զորակոչի ողջ գործընթացի թափանցիկության ապահովումը: Զորակոչը բանակ-հասարակություն վստահության մթնոլորտում կազմակերպելու գործում Սերյան Օհանյանը առանձնահատուկ կարևորել է զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի դերը: Զորակոչի կազմակերպմանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում անդրադառնալով աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է. - Զորակոչը ՀՀ զինված ուժերի համալրման կարևորագույն բաղադրիչն է: Վերջին տարիներին բավական մեծ աշխատանքներ են ծավալվել նրա որակական առաջընթացի ուղղությամբ: Պաշտպանության նախարարը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում միասնական հաշվառման համակարգի ստեղծման համար` նշելով, որ կառավարության որոշմամբ նախազորակոչային տարիքը փոխվել է և արդեն 16-ի փոխարեն 14 տարեկանից է անցկացվելու բուժհետազոտություն և բուժում: Զորակոչի պատշաճ կազմակերպման հարցում Սեյրան Օհանյանը կարևորել է նաև կադրային ճիշտ քաղաքականությունը` նշելով, որ որոշ զինկոմիսարներ արդեն ազատվել են աշխատանքից, ոմանք ծառայության են անցել այլ զինկոմիսարիատներում, բժշկական հանձնաժողովներում ընդգրկվել են հանրապետության անվանի բժիշկներ: Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև կոռուպցիոն ռիսկերին` - Զորակոչի ընթացքում գրեթե խնդիրներ չկան: Միակ խնդիրը, կարծում եմ, կոռուպցիոն ռիսկերն են: Բոլոր այն գործընթացներում, որտեղ կան խախտումներ, դրանց բացահայտման համար միայն Պաշտպանության նախարարության ջանքերը լիարժեք չեն կարող լինել. զորակոչը բոլորիս խնդիրն է` և° հասարակության, և° ծնողի, և° նույն զորակոչիկի: Եվ այսօր ես ուզում եմ կոչ անել, որ բոլորը հաշվի առնեն այդ հանգամանքը, և եթե կլինեն թերություններ, բացթողումներ կամ չարաշահումներ, ապա առաջին հերթին դիմեն Պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդին, մենք ունենք թեժ գիծ, կարող են ցանկացած ժամանակ ահազանգել, դիմել Պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի ղեկավար կազմերին, անձամբ ինձ: Մենք, օրենքի սահմաններում, ցանկացած հարցի դրական լուծումներ կտանք: n Անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած դժբախտ դեպքերին, Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նշել է. -Չեմ ուզում ասել, որ աշխարհի բոլոր բանակներում էլ առկա են նմանատիպ երևույթներ, այլ ուզում եմ` մեր հայրենակիցներն իմանան, որ այդ կորուստների ժամանակ առաջին հերթին հենց մենք ենք ցավ ապրում, առաջինը մենք ենք մտահոգված: Եվ մենք ենք այդ զինծառայողների ծնողների հետ շփվում, փորձում նրանց ցավակից լինել, փորձում ինչ-որ ձևով սփոփել: Կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ունենք կատարելու: Հասարակության մտահոգությունը մենք կիսում ենք` եթե դա կառուցողական է, եթե դա ուղղված չէ բանակի վարկաբեկմանը կամ այս կամ այն հարցի քաղաքականացմանը: ...Բանակի հրամանատարությունն առավելագույնն անելու է, որպեսզի մենք կորուստներ չունենանք: Հասարակության ահազանգումն այս դեպքերի շուրջ վերջին ժամանակներում ավելի զգայուն է դարձել նաև այն պատճառով, որ Պաշտպանության նախարարությունն ավելի թափանցիկ պաշտպանական քաղաքականություն է վարում և իրազեկում է հանրությանը` փորձելով հաշվետու լինել հասարակությանը,հետևել ժողովրդավարական հասարակության կայացման սկզբունքներին: Մենք հասարակությանն իրազեկում ենք բանակի և° հաջողությունների, և° արձանագրված թերությունների վերաբերյալ: n Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում, անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորության ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է. - Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները մեզ համար նորություններ չեն: Ավելի լավ կլիներ, որ նրանք կարողանային վերահսկել իրենց ծառայությունն առաջին գծում, և այդպես ինքնագլուխ որոշումներ ընդունած «ոչ կայացած» այդ դիվերսանտները չթափանցեին մեր դիրքերը և չփորձեին ինչ-որ դիվերսիոն-հետախուզական գործունեութ յուն ծավալել: Իհարկե, նրանք իրենց արժանի հակահարվածն ստացել են… Մեզ համար տարօրինակ է, թե Ադրբեջանի ղեկավարությունն ինչպես է տեսնում այդ չկայացած դիվերսանտներին հերոսացնելուց հետո մեր միասնական, խաղաղ գոյատևումը: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու են հակառակորդին պարտադրել խաղաղություն, որպեսզի «այդպիսի հայտարարությունները մնան լոկ հայտարարություններ»: