ԳՅՈՒՄՐԻՆ ՀՐԱԺԵՇՏ է ՏԱԼԻՍ...
Հոկտեմբերի 7-ին հերթական անգամ տեղի ունեցավ «Քաղաքի օր» ավանդական միջոցառումը, որի «սցենարը» զարմացրեց ու... զայրացրեց շատ ու շատ գյումրեցիների: Լրատվամիջոցներից մի մասի ուշադրությունը սևեռվեց այն բանին, որ ընտրված քաղաքապետ Բալասանյան Սամվելը չմասնակցեց հանդիսություններին, անգամ հեռուստատեսային ուղերձ չհղեց իր համաքաղաքացիներին, ինչը նա սիրում էր անել ամեն մի տոնի առթիվ: Բալասանյանի հանդիսություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, իհարկե, միայն խորհրդանշական իմաստ ուներ գյումրեցիների համար, բայց, ինչպես պարզվեց, բուն հանդիսության ընթացքում նրանք այդպես էլ չնկատեցին ընտրված քաղաքապետի բացակայությունը:
Բալասանյանն, անշուշտ, իր բացակայությունը կարող է բացատրել հրավիրված չլինելով կամ էլ այն հանգամանքով, որ ինքը դեռ պաշտոնապես չէր ստանձնել քաղաքապետի պարտականությունները: Նշանակում է, շատ գյումրեցիների նման ինքն էլ շարքային քաղաքացի է: Սակայն առավել կարևորն այն էր, որ այս հանդիսությանը չմասնակցեցին երկրի իշխանությունների ներկայացուցիչները: Գյումրին Վարդան Ղուկասյանը չէ, հետևաբար իշխանությունների «բոյկոտն» ընկալվեց ոչ թե հակաղուկասյանական քայլ, այլ վերաբերմունք քաղաքի ու նրա բնակիչների նկատմամբ: Հենց սա էլ զայրացրել է շատ գյումրեցիների:
Տոնախմբությունն իսկապես համաքաղաքային էր, և գյումրեցիներից շատ-շատերը մոռացել էին անգամ, թե ինչպիսի դիրքորոշումներ էին ունեցել ընտրությունների ժամանակ ու գնացել էին մասնակցելու իրենց քաղաքի տոնին: Գյումրեցիների խանդավառ տրամադրությունը միանգամայն այլ իրողություն հաստատեց. պարզվեց, որ Վարդան Ղուկասյանը շարունակում է ամենախարիզմատիկը մնալ այս քաղաքում, որովհետև քաղաքի տոնը նա վերածեց սեփական անձի մեծարման հանդեսի` յուրովի ապացուցելով, որ գյումրեցիներն իր հետ են... Սա պարադոքսալ իրավիճակ էր, որի բացատրությունը, հավանաբար, կարող են տալ միայն նրանք, ովքեր կզբաղվեն խոր վերլուծություններով: Վարդան Ղուկասյանն, այնուհանդերձ, շռնդալից հրաժեշտ կազմակերպեց իր համար, ինչը մի նոր ընտրարշավի սկիզբ էր ավետում: Նա հավանաբար կամեցավ ստուգել, թե հետագայում կկարողանա՞ նորից ընտրազանգվածը դեպի իրեն բերել...
Ինչևէ, հոկտեմբերի 7-ին ավարտվեց Վարդան Ղուկասյանի «ժամանակաշրջանը»: Առայժմ «պյուռոսյան հաղթանակի» դափնիները բաժին հասան արդեն նախկին քաղաքապե տին: Իսկ նոր քաղաքապետի տոնախմբություններին չմասնակցելու հանգամանքը նվազեցրեց նրա «դիվիդենտները»...