ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


Լենան ժպտալով գլուխն օրորեց. - Հետո՞: - Բարձրահասակ էր, բարետես, ամրակազմ, պատկառելի արտաքին ուներ: Հիշում եմ, երբ փողոցում զբոսնում էինք, կանայք հայացքով նրան էին լափում, կաշվից դուրս գալիս նրա ուշադրությանն արժանանալու համար, բայց նա ոչ ոքի չէր նկատում, նրա ուշադրության կենտրոնում միայն ես էի, արտակարգ ուշադիր էր ու հոգատար իմ նկատմամբ: Բայց այդ ուշադրությունն ու հոգատարությունը երբեք ճնշող չէին դառնում: Մեր սիրավեպը երեք տարի տևեց ու այդ երեք տարվա մեջ գեթ մեկ օր ինձ մոտ տպավորություն չստեղծվեց, որ նա իմ իշխանության տակ է: Դառը ժպտալով շարունակեց. - Մինչև հիմա չեմ մոռանում կանանց նախանձով լի հայացքները, որ ուղղում էին ինձ, երբ նրա հետ դուրս էինք գալիս: Նրանից հետո ինձ ոչ ոք այլևս այդպիսի հայացքների չարժանացրեց: Լենան մեղմորեն շոյեց մոր ձեռքը ու սիրով արտաբերեց. - Մայրիկ… - Թող, -ձեռքն ազատելով անտրամադիր ասաց մայրը և շարունակեց,-ընկերուհիներս, բոլորն անխտիր հմայված էին նրանով` ձեռքիցդ չփախցնես, այդպիսի տղամարդիկ փողոցում թափված չեն: Ընկերուհիներս ինչ, մայրս… - Տատի՞կը: - Այո, քո տատիկը, գիտես` խեղճ Իգորը այսքան տարի ինչքան է կաշվից դուրս գալիս, որ նրա բարեհաճությանը արժանանա ու չի արժանանում, իսկ նա երկու րոպեում հմայեց մորս, և դա այն դեպքում, որ մայրս մինչև նրան հանդիպելը լսել անգամ չէր ուզում նրա մասին և եկել էր նրան կոպտելու ու վռնդելու համար: - Իսկապե՞ս,-ծիծաղեց Լենան: - Պատկերացրու,-ծիծաղելով հաստատեց մայրը: - Ինչ արե՞ց,-գործնական հարցրեց Լենան: - Երբ նրանց ծանոթացրի, նա համբուրեց մորս ձեռքն ու ասաց. «Շնորհակալություն ձեզ այս հրաշքի համար, որ պարգևել եք աշխարհին, առանց Մարգարիտայի այս աշխարհը գորշ ու անհրապույր կլիներ, իսկ իմ կյանքը` դատարկ ու անիմաստ»: - Կեցցե,-ծիծաղելով ծափ տվեց Լենան: - Կեցցե,- նույնպես ծիծաղելով կրկնեց մայրը,-խեղճ տատիկդ քիչ մնաց ուշաթափվեր, փոքրիկ աղջկա նման կարմրեց ու ասելիքը չիմանալով` աչքերն էր ճպճպացնում: Պատկերացնո՞ւմ ես` ողջ երեկոյի ընթացքում այդպես էլ մի բառ չկարողացավ ասել… - Տատի՞կը,- ծիծաղելով կրկնեց Լենան,-ինչպե¯ս կուզեի այդ պահին ներկա լինել, աչքերովս տեսնել… - Դա դեռ ինչ,-ծիծաղից խեղդվելով շարունակեց մայրը,- սեղանի շուրջն, ամեն անգամ, երբ նրանց հայացքները հանդիպում էին, նա կարմրում էր ու գլուխը խոնարհում, հետո էլ թաքուն հայացքներ նետում նրա վրա: Երկար ժամանակ երկուսն էլ լիաթոք ծիծաղում էին: Մի փոքր հանգստանալով` Լենան երազկոտ կրկնեց. - Աշխարհը գորշ կլիներ, կյանքս դատարկ: Գեղեցիկ կոմպլիմենտ է… Մայրը վիսկիի մի կում էլ անելուց հետո շարունակեց. - Դա դեռ ինչ, դու տեսնեիր` ինչ նամակներ էր գրում: Երբ նրա նամակներից փոքրիկ հատվածներ էի տալիս կարդալու ընկերուհիներիս, բոլորը հիացմունքից արտասվում էին` Ռիտա, ինչ երջանիկ ես, մի՞թե այս ամենը իրականություն է, այսպիսի սիրո մասին մենք միայն գրքերում ենք կարդացել: Այդ ամենը շոյում էր իմ ինքնասիրությունը: Նրա կողքին ես ինձ արքայադուստր էի զգում.. - Դե, ասա հեքիաթի արքայազն է եղել… - Այո, նման էր, շատ էր նման սպիտակ ձի հեծած այն արքայազնին, որի մասին դեռ մանկուց երազում են բոլոր աղջնակները: Արքայազն լինելու համար նա բոլոր տվյալներն ուներ…,-հոգոց հանելով ասաց մայրը: - Նա ապրում էր Երևանում, ես` Կիևում, միմյանցից հարյուրավոր կիլոմետր հեռու: Հանդիպել կարող էինք միայն արձակուրդների ժամանակ, նախօրոք պայմանավորվում էինք, արձակուրդ վերցնում միաժամանակ ու հանդիպում Խորհրդային Միության տարբեր քաղաքներում: Թանկ հաճույք էր, բայց, բացի իմ ճանապարհածախսից, մնացած ծախսերն ինքն էր հոգում: Բացի դրանից գործուղումների ընդմիջումներում կարողանում էր ժամանակ գտնել ու գալ ինձ մոտ` Կիև: Հաճախ ընդամենը մի քանի ժամով և ամեն անգամ` նվերներով… իսկ ծննդյան տոներս... - Ծննդյան տոներդ ի՞նչ,-ժպտալով հարցրեց Լենան: - Ծննդյանս տոներին ինձ հեքիաթ էր նվիրում,-երանավետ ժպտալով շշնջաց մայրը: - Այդ ինչպե՞ս,-չհասկացավ Լենան: - Դե, գիտես, մայիսին եմ ծնվել: Նրա հետ ծանոթացանք փետրվարին: Դեռ ապրիլի սկզբից սկսած նա աշխատանքով ծանրաբեռնված էր, ինչ-որ շտապ զինվորական պատվեր էին անում, աշխատանքից հետո մնում էին ինստիտուտում մինչև կեսգիշեր: Այնպես որ, գալ ինձ մոտ Կիև ոչ մի կերպ չէր կարող: Ես այդ մասին գիտեի, դրա համար էլ ոչինչ չասացի ծննդյանս օրվա մասին: 25-ամյակս էր: (Շարունակելի)