Կա՛մ գիտական առաջընթաց, կամ…
Արդի աշխարհում երկրներին առաջ մղող առաջին ուժը, անկասկած, գիտությունն է: Շատերն են այդ ուժը համարում վառելիքաէներգետիկ հարուստ պաշարների առկայությունը, սակայն փորձը ցույց է տվել, որ այդպիսի երկրներն ավելի հաճախ խաղալիք են դառնում գիտական և ռազմական առաջընթաց ունեցող այլ երկրների ձեռքին:
Հայաստանը, գիտական առաջընթացի հսկայական հնարավորություններ ունենալով՝ այսօր հայտնվել է խղճուկ վիճակում: Բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ զարգացած երկրներում բոլոր տեսակի մեծամեծ գյուտերի հեղինակների թվում անպայման որևէ հայի էլ է լինում, խորհրդային տարիներին էլ փոքրիկ հանրապետություն լինելով՝ մեր երկրում գիտությունը մեծ թափով զարգանում ու նվաճումներ էր գրանցում, իսկ Գիտությունների ակադեմիան բուռն գործունեություն էր ծավալում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, սակայն, երբ վերացան գիտաարտադրական հզոր հենք ունեցող գործարանները, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ ամենաանտեսված հիմնարկներից մեկը, գիտական մեծ արդյունքներ գրանցած գիտնականները մեծամասամբ մնացին աղքատիկ աշխատավարձի, հնացած սարքավորումների ու դարն ապրած աշխատաոճի գերին: Արդեն քսանհինգ տարի խոսվում է իրավիճակը շտկելու հրամայականի մասին, սակայն …
Թե որքանով է ՀՀ ԳԱԱ-ն՝ իր բազմաթիվ ինստիտուտներով, արդյունավետ գործունեություն տանում, թերևս կյանքն է ցույց տալիս: ՀՀ-ում արդեն այնքան շատ մարդիկ են գիտական կոչումներ ստացել, որ դա էլ է արժեզրկվել: Ի դեպ, այդ տարեկան համաժողովում նաև խոսք է եղել գիտական կոչումների երկաստիճան համակարգը միաստիճան դարձնելու մասին: Ըստ էության, թերևս կարևորը դա չէ, այլ այն, թե գիտությունն իր համար զբաղմունք դարձրած մարդը որքանո՞վ է դրան համապատասխանում, էլ չասենք՝ գոնե ի՞նքն է գրում իր ներկայացրած ատենախոսությունը, կարողանո՞ւմ է իր բնագավառն առաջ մղել, ծառայել մի գործի, թե՞ թեզ է պաշտպանել միայն հարցաթերթիկներում իր կոչումը լրացնելու համար:
«Թումո» կենտրոնի գործունեությունը, ՀՀ դպրոցներում ամուր արմատներ ձգող ինժեներական կրթությունը, ռոբոտատեխնիկայի խմբակների ներդրումը արդեն իսկ սկսել է արդյունքներ տալ: Գիտությամբ զբաղվելու հակումը, կարելի է ասել, հայի արյան մեջ հազարամյակների պատմություն ունի, վկան՝ թեկուզ հնագույն աստղադիտարանները, վեցհազարամյա գինեգործարանը, մետաղամշակման հնավայրերը… Կարևոր գործեր անելու համար միայն միջավայր ու պայմաններ են անհրաժեշտ:
Վերջին տարիներին շատ անգամներ է հնչել հարցադրումը՝ այսօրվա Հայաստանին Գիտությունների ազգային ակադեմիան այս տեսքով հարկավո՞ր է, թե ուղղակի բյուջեի վրա մի ծանր բեռ է դարձել և պետք է հիմնովին վերափոխել: Տարեկան ժողովը, անշուշտ, արձանագրեց՝ պետք է պահպանել: Թե սերնդափոխությունը հին համակարգի հետ ինչպես կհարմարվի, դեռ կերևա: Մի բան ակնհայտ է՝ մենք կա՛մ պետք է վերականգնենք մեր գիտական ներուժը և մոլորակի հետ համաքայլ ընթանանք՝ հզորացնելով երկիրը, կա՛մ նայենք, թե ինչպես են օտար երկրներում հաստատված մեր գիտնականների նվաճումները այդ երկրների իշխանությունների միջոցով մեր գլխին չարիք դառնում: Եվ բավական է լացենք, թե ֆինանսների սղությունից ենք այսպիսի վիճակում հայտնվել: Պակասել է միայն ճիշտ կառավարումը: Արդյունք եթե նշմարվեր` գումարներն էլ կհոսեին: