Մեկնարկել է «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը
Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում հոկտեմբերի 10-ին մեկնարկեց HAY-At JAZZ (Հայը՝ ջազում, ջազը՝ բակում) ջազային փառատոնը։
Ինչպես տեղեկացրել է Արմենպրեսը՝ նախաձեռնությունն իրականացվում է արդեն վեցերորդ անգամ՝ դառնալով քաղաքի մշակութային և զբոսաշրջային կարևոր իրադարձություններից մեկը։ Փառատոնի ընթացքում Գյումրիի չորս թանգարանների գողտրիկ բակերը կդառնան բացօթյա ջազային հարթակներ, որտեղ հանդես կգան ինչպես ճանաչված, այնպես էլ երիտասարդ երաժիշտներ: Սա նաև բացառիկ հնարավորություն է՝ հասանելի դարձնել ջազային համերգները հասարակության լայն շերտերին և դա անել այցելուի համար անվճար:
Փառատոնի նախաձեռնողը «Մանուկյան ընկերությունն» է: Այս տարի առաջին անգամ փառատոնն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
Բացման համերգին ելույթ ունեցան Լևոն Մալխասյանը և Malkhas Jazz Band-ը, ինչպես նաև «Սոնա և ընկերներ բենդ»-ը։ 2017-ից մինչև այսօր HAY-at JAZZ-ի հետ է հայկական ջազի կենդանի լեգենդ, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը։
- Ես շատ շնորհակալ եմ, որ արդեն վեցերորդ անգամ մասնակցում եմ ջազային փառատոնին՝ «Մանուկյան ընկերության» աջակցությամբ։ Ջազը ազատ ժանր է՝ ազատ ամեն ինչից և չափազանց անկեղծ։ Այդ անկեղծությունն անմիջապես զգացվում է ունկնդրի կողմից, եթե դու անկեղծ ես քո նվագով։ Գյումրիում հրաշալի ջազային ունկնդիր կա՝ նվիրված ու մշտապես ներկայություն ցուցաբերող, ինչը մեծ ուրախություն է ինձ համար,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լևոն Մալխասյանը։
Փառատոնի շրջանակներում համերգներ նախատեսված են նաև Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակերում։
«HAY-at JAZZ»-ը Գյումրիում առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Նախաձեռնության հիմնական նպատակն է վերաիմաստավորել քաղաքային մշակութային տարածքները և Գյումրին ներկայացնել որպես ժամանակակից արվեստի ու զբոսաշրջության խաչմերուկ։





