Փաստորեն 8-ամսյա փոքրիկն էլ կալանավորվեց
Զարուհի Փոստանջյանը երեկ պարզաբանում-ահազանգ էր հնչեցրել, ուր
մասնավորապես ասվում էր․
«Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 11-ին, Շենգավիթի դատարանը որոշում է կայացրել 3 ամսով կալանավորել քաղաքացի Լիանա Հարությունյանին։ Վերջինս ունի բարձրագույն կրթություն և մատուցել է թարգմանչական ծառայություններ Հնդկաստանի քաղաքացիների համար։ Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով։
Հատկանշական է, որ Լիանա Հարությունյանը երեք անչափահաս երեխաների մայր է, որոնցից ամենափոքրն ընդամենը 8 ամսական է։ Միևնույն ժամանակ, ազատության մեջ են գտնվում երեք տղամարդ, ովքեր հանդիսանում են իբրև թե ապօրինի միգրացիայի կազմակերպիչներ։
Դատարանի որոշումից արդեն անցել են ժամեր, սակայն մինչ այս պահը որոշման օրինակ չի տրամադրվել պաշտպանական կողմին, ինչը խոչընդոտում է բողոքարկման հնարավորությանը։
Այս պարագայում մնում է բաց հարց՝ ինչպես և ո՞ւմ միջոցով է ապահովվելու 8 ամսական երեխայի խնամքը, արդյո՞ք խոցելի սոցիալական վիճակում գտնվող մոր նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, համաչափ է, կալանավորման պայմաններում ո՞վ է ապահովելու երեք երեխաների խնամքը։
Փաստացի, Հայաստանի Հանրապետության դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման՝ անտեսելով նրանց շահերը և օրենքով սահմանված պաշտպանությունը։
Լավագույն դեպքում 8 ամսական փոքրիկ երեխան կգտնվի կալանավայրում՝ իր մայրիկի կողքին։ Սա է մեր «արդարադատությունը»։
Լիանա Հարությունյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան
11 հուլիսի, 2025թ»․
Զարուհի Փոստանջյանի այս հայտարարությունից հետո լրատվամիջոցներն այսօր տեղեկացրել են, որ երեկ կալանավորված կինը 8 ամսական երեխայի հետ տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։
8 ամսական երեխայի մայրը՝ Լիանա Հարությունյանը, ով նախօրեին երեք ամսով կալանավորվել է, արդեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է։
Մասնավորապես, panorama.am-ը նշել է՝ ՔԿՀ դիմացից ուղից եթերում փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ Լիանայի մեծ երեխաներն արդեն իսկ տեղափոխվել են Լիանայի հիվանդ մայրիկի բնակավայր՝ գյուղ, ժամանակավոր կգտվեն այնտեղ, իսկ փորքիկ Լիանային ժամը 21։00-ի սահմաններում բերել են ՔԿՀ։
- Խոսել եմ պատգամավորների հետ, կտերամադրեն երաշխավորագրեր, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գա Լիանան ՔԿՀ-ից,- ասել է փաստաբանը։
Լրատվամիջոցը նաև հիշեցնել է, որ մանկահասակ երեխայի մորը կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արշակ Մաթևոսյանը։ Փաստաբան Զ.Փոստանջյանը երեկ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ Լ. Հարությունյանը գործում ներգրավված է եղել որպես վկա, այնուհետև արդեն մեղադրյալ։ Գործը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիների անօրինական միգրացիային, որի շրջանակում երիտասարդ կինը յոթ անգամ թարգմանություն է արել։





