«Կարմիր դուռ, դեղին դուռ»
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՎԱՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դեռահասները գնալով ավելի շատ են խաղում «Կարմիր դուռ, դեղին դուռ» (Red door, Yellow door) խաղը։ Խաղացողները հայտնվում են գիտակցության փոփոխված վիճակում: Կարծես անվնաս խաղ լինի։ Բայց իրականում ինքնահիպնոսի տեխնիկա է կիրառվում՝ առանց հասկանալու, թե ինչ է կատարվում իրենց հետ»,- ահազանգում է հոգեբան Արմինե Հակոբյանը։

«Մի քանի օր առաջ լսեցի այս ամենի մասին, ու շատ վախեցա։ Իմացա նաև, որ եղել են նաև ինքնազգացողության կորուստ»։
«Էս էլ եմ մի քանի օր առաջ իմացել խաղի մասին, տղաս դասարանում փորձել է խաղալ դասընկերոջ պնդմամբ, որից հենց դասընկերը վատ է զգացել, տղաս հասկացել է, որ վատ խաղ է ու չի շարունակել, ես էլ տանը բացատրեցի, որ երկրորդ անգամ չփորձի, որովհետև հետևանքները վատնն են լինում, նույնիսկ լսել եմ որ կոմայի մեջ են ընկնում»:
«Այսօր եմ լսել խաղի մասին,մի հիմար բլոգեր կա երիտասարդ, ունի 22 հազարից ավելի հետևորդ, նախ բացատրում է, թե ինչ խաղ է, վերջում օր և ժամ նշում, որ միանան իրեն և խաղան։ Նման բլոգերներին պետք է դատապարտել և էջը վերացնել։ Յութուբում էլ ունի Էջ ու էլի շատ հետևորդներ»։
Panorama.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենք դպրոցներից, ծնողներից ահազանգեր ստացել են «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղի հետևանքով դեսահասների շրջանում ինքնազգացողությունը վատանալու դեպքերի, բժշկի օգնությանը դիմելու մասին։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն ասաց, որ նախարարության թեժ գծին, իրենց ենթակայության գործող հուգեբուժարաններ ահազանգեր, ծնողների կողմից դիմումներ չեն ստացել։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը փոխանցեց, որ իրենք էլ որևէ ահազանգ չեն ստացել։
«Եթե որևէ մեկը տուժել է, կասկածներ ունեն, կարող են դիմել ոստիկանություն»,- նշեց նա։
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանն ասաց, որ իրենք ծնողներից ահազանգեր չունեն, բայց ահազանգեր ստացել են դպրոցներից, որ տվյալ խաղը մեծ հետաքրքրություն է վայելում երեխաների շրջանում։
«Դպրոցներից մեկում դասամիջոցին ուսուցիչն ականատես է եղել, որ երեխաները տարօրինակ բան են անում։ Մոտեցել է ու հանգամանքները պարզել՝ երեխաները փորձել են այդ խաղը խաղալ։ Ավելին՝ մեկ օր առաջ փորձել են տանը խաղալ, չի ստացվել, այնուհետև փորձել են կրկնել դպրոցում։
Ունեցել ենք դպրոցներ, խաղացող երեխաների ինքնազգացողությունը վատացել է։ Ուսուցիչներն արագ արձագանքել են, արագ օգնություն են ցուցաբերել, այնուհետև դպրոցներն իրենց գործողությունները կազմել են ըստ այն քայլերի, որոնք ուղենշված են դպրոցի համար տվյալ դեպքերում»,- նշեց նա։
Ե. Հարությունյանի խոսքով, ակտիվացել է աշխատանքը ծնողների հետ։
«Դպրոցը մի քիչ հարմար միջավայր չէ այդ խաղի կազմակերպման համար։ Երեխաների մեջ եթե կա հետաքրքրություն, պետք է հարմար միջավայր գտնեն խաղի ընթացքում անհրաժեշտ գործողություններն անելու համար։ Դրա համար սերտ աշխատանք է տարվում ծնողական համայնքի հետ։ Շատ դպրոցներում ծնողներին ուղարկվել են պարզաբանող տեսանյութ, որը նկարագրում է, թե ինչ վտանգներով է հղի այդ խաղը։
Փորձում ենք ծնողների հետ համագործակցելով՝ կանխել խաղի տարածումը, երեխաների վրա հետագա ազդեցությունը»,- ասաց Ե. Հարությունյանը։
ԿԳՄՍ նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ դպրոցներից նախարարությունը պաշտոնական ահազանգեր չի ստացել, սակայն, քանի որ նախարարությունն արդեն տեղեկացված է խնդրի մասին, համապատասխան հանձնարարական է տրվել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին՝ ուսումնասիրելու տվյալ խաղի ազդեցությունը երեխաների վրա. «Միևնույն ժամանակ, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջոցով նախաձեռնվել է տեղեկատվության հավաքագրում՝ պարզելու, թե արդյոք դպրոցներում արձանագրվել են դեպքեր երեխաների՝ խաղին ներգրավվելու վերաբերյալ։
Ծնողները, հատկապես հենց դեռահաս տարիքի երեխաներ ունեցողները, պետք է հնարավորինս ուշադիր լինեն, վարքային որևէ փոփոխություն նկատելու դեպքում փորձել հանգիստ զրուցել երեխայի հետ ու միասին հասկանալ լավն ու վատը, ճիշտն ու սխալը, լուծում տալ խնդիրն»։
«Չդատել, չվախեցնել, պարզապես լինել կողքին։ Դուք այն մարդն եք, ով կարող է դիմանալ, հասկանալ և օգնել երեխային»,- հոգեբան Արմինե Հակոբյանի խորհուրդն է ծնողներին։
Աղբյուր՝ panorama. am