Սահմանային գյուղերում ժողովրդագրական վիճակն աղետալի է

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Բացում եք Հայաստան-Ադրբեջան google քարտեզը և հայ-վրաց-ադրբեջանանական եռանկյունուց «քայլում» դեպի հայ-ադրբեջանա-իրանական եռանկյունի, ապա հայ-իրանա-նախիջեւանյան եռանկյունուց՝ դեպի այն կետը, որտեղ Հայաստան-Իրան-Նախիջևան-Թուրքիա կետն է, մոտավորապես Երասխ բնակավայրը:
 
Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կիլոմետր է: Սահմանի հայկական հատվածի գյուղերի և ադրբեջանական գյուղերի բնակչության թվաքանակը բացահայտ Ադրբեջանի օգտին է:
 
Եթե Ադրբեջանում Հայաստանի համեմատ բնակչության քանակը գրեթե չորս անգամ է ավել՝ Ադրբեջանում 10 միլիոն է, Հայաստանում՝ 3 միլիոն, ապա սահմանային հատվածում ադրբեջանցիների թվաքանակը գերազանցում է տասն անգամից ավելի: Շուտով Ադրբեջանը կվերաբնակեցնի նաև Սյունիքի հատվածում սահմանային Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների գյուղերը:
 
Իսկ մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք արել:
 
Դատարկ խոսել ենք և սահմանային գյուղերից հավաքվել Երևանում, խոսել Մեծ Հայաստանից՝ դեռ մի կողմ եմ թողնում Հայաստանից արտագաղթը արտերկիր:
 
Հիմա՝ պետության համար դժվա՞ր է Կապանի Ճակատեն-Ներքին հանդ հատվածի 5 գյուղերից յուրաքանչյուրում կառուցել 50-ական տուն կամ այդ դատարկված գյուղերում գնել 50-ական տուն և դրանք անվարձահատույց առաջարկել գյուղացի, աշխատավոր այն արցախցիներին, ովքեր ուզում են տուն ունենալ, զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, մեղվաբուծությամբ և ովքեր ուզում են ՀՀ քաղաքացիություն ընդունել ու չհեռանալ Հայաստանից: Այս հինգ գյուղերի բոլոր դպրոցներում միասին 50 աշակերտ չկա:
 
Խոսքը այն արցախցիներին օգնելու մասին չէ, ովքեր Երևանում են ուզում տուն ունենալ, խոսքն այն արցախցիների մասին է, ովքեր կցանկանային ապրել գյուղական շրջաններում:
 
Եթե պետությունը, այն է՝ օրվա իշխանությունը, սա չի անում, ապա՝ ա/ անտարբեր է հայ ժողովրդի մի հատվածի ճակատագրի նկատմամբ, բ/ խթանում է նրանց արտագաղթը Հայաստանից և գ/ չի մտահոգվում Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակով:
 
Հիշում եք, չէ՞, 2019-ի օգոստոսին «Արցախը Հայաստան է և վերջ» ասելու հետ մարդամեկը Հայաստանի բնակչության թիվը հինգ միլիոնի էր հասցնում:
 
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ