«Պատերազմը ևս ազդել է ընտանեկան բռնության դեպքերի վրա»

ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՏ ԵՆ ԼԻՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԷԼ Է ԱՅԴՊԵՍ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ՝ ԱՆԴՐԵԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համացանցում վերջերս բուռն քննարկման արժանացավ երգիչ Անդրեի կնոջ գրառումը, որը խոստովանել է, որ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։ Այս գրառման նկատմամբ հասարակական արձագանքը խիստ բևեռացված էր։
 
Sputnik Արմենիան զրուցել է Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ։ Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև։
 
- Եթե կինը ֆիզիկապես զոհ գնար այդ բռնությանը, ամբողջ հասարակությունը կդատապարտեր, բայց երբ մարդն աջակցության կարիք ունի, հասարակությունը դեռևս այնքան զգոն չէ, որ ասի, այո՛, մենք պետք է բռնենք բռնարարի ձեռքը և աջակցենք այն անձին, ով բարձրաձայնել է բռնության մասին»,- @ArmeniaSputnik–ի եթերում ասաց «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
 
Նման դեպքերում լինում են բռնության փուլեր` զայրույթի փուլ, բռնության փուլ, հետո գալիս է մեղրամսի փուլը, որի շրջանակներում ներողություն են հայցում, աշխարհն են խոստանում, ինչը կախվածության մեջ է գցում բռնության ենթարկվածին այդ հարաբերություններից։
 
- Երբ խոսքը վերաբերում է հայտնի մարդկանց բռնության դեպքերին, վերապահումներ մշտապես լինում են, սակայն այն որ հայտնի մարդկանց շրջանակներում շատ են լինում ընտանեկան բռնությունները՝ միջազգային պրակտիկայում էլ է այդպես։ Շատ գրողներ, երգիչներ ունեցել են ընտանեկան բռնության դաժանագույն պատմություններ:
 
Օրերս համացանցում քննարկման առիթ դարձավ երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը, որում Օհանյանը հայտնել էր որոշ մանրամասներ իրենց ընտանեկան կյանքից, նշելով, որ ընտանիքում եղել է բռնություն, ծեծ։ Գլխավոր դատախազությունը այս գրառման փաստով ուսումնասիրություն է սկսել։
 
Գլխավոր դատախազությունը վերջերս հրապարակել էր 2024 թվականի գործունեության հաշվետվությունը, որի համաձայն` ընտանեկան բռնության դեպքերը Հանրապետությունում անցած տարի զգալի աճ են արձանագրել։ Հատկապես կտրուկ ավելացել են ֆիզիկական և հոգեկան ներգործության դեպքերը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024-ին արձանագրվել է ընտանեկան բռնության 934 դեպք՝ ֆիզիկական ներգործությամբ, այն դեպքում, երբ 2023-ին այդ թիվը կազմել էր 372։ Հոգեկան ներգործության դեպքերը 2024-ին եղել են 166, իսկ 2023-ին` ընդամենը 46։ Ընդհանուր առմամբ, 2024-ին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության 1360 դեպք։ Արձանագրվել է նաև բռնության առանձնապես ծանր դեպքերի աճ։