Մայրաքաղաքում կատարվող ծառահատումները վտանգում են բնակիչների առողջությունը

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

Քաղաքի  կանաչապատումը  այգիների, պուրակների կանաչապատումը չէ, Կենտրոնն առանց այն էլ աղետալի վիճակում է, մի հատ էլ ծառերից են զրկում։  Բուզանդը, Մելիք Ադամյանը, Թումանյան փողոցներն  այլանդակեցին, սա վերականգնել չի լինի։ Ես սա ասում եմ որպես կանաչապատման ոլորտում 30 տարի գիտական և գործնական գործունեություն  ծավալած մարդ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։
 
Նրա արձանագրմամբ՝ բնակավայրերի կանաչապատումը  առողջապահական ոլորտ է։  
 
- Մեր քաղաքի նման քաղաքում միաժամանակ ամբողջ փողոցը զրկել  են ծառերից, դրանով օդի մղման գործընթացն ամբողջությամբ խաթարվում է։ Փողոցների կանաչապատումը լրիվ ուրիշ դեր է  կատարում,- արձանագրել է փորձագետը։ 
 
Ըստ նրա՝ եթե անգամ ծառերն այնպիսի արտակարգ վիճակում են, վարակված են, որ միանշանակ պետք է կտրել, ապա հատվում է 30 % -ը, 70 % ը մնում են։ Սա ցույց տալիս միջազգային փորձը՝ ընդգծել է մեր զրուցակիցը՝ արձանագրելով, որ  բնակչության առողջության պաշտպանվածության առաջին շերտը կանաչապատումն է։  
 
- Կանաչապատումը  գեղեցկության մասին չէ, դա առողջության մասին է։ Միացյալ Նահանգներում  կանաչապատումը առողջապահական ոլորտի  ենթակայության տակ է, ինչպե՞ս կարելի է  այսպես անգրագետ գործել,- նկատեց մասնագետը։ Նա նշեց, որ ինքը  միջազգային փորձագետ է։
 
- Աշխարհի բոլոր միջազգային փորձագետներին դիմեցինք, Ֆրանսիայի լանտշաֆտային ճարտարապետության ասոցացիային, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գիտխորհրդի անդամ է, Քեմբրիջի համալսարանին, Եվրոպական Արաբորիստների Միությանը, որը միջազգային շատ լուրջ կառույց է՝ արտոնագրում է մարդկանց, ովքեր իրավունք ունեն բույսերի հետ աշխատելու, ԱՊՀ միակ դպրոցի ներկայացուցչից էի եզրակացություն ստացել, բայց  ոչ մի բան չօգնեց։ Ասացին, որ մեր ագրարայինի դոցենտներն ասել են, որ ամեն ինչ լավ է։ Մինչդեռ ստացել էինք այդ բոլոր միջազգային կառույցներից եզրակացությունները, որ ահավոր վատ բան է լինելու, եթե նման կերպ ծառահատում արվի, բոլոր եզրակացությունները տարանք քաղաքապետին տվեցինք, բացատրեցինք, որ բոլորը դեմ են, բայց չօգնեց։ Երևանի այսքան էկոլոգիական խնդիրների պարագայում նման բա՞ն են անում։ 25 սմ ձյուն էր եկել, չէին կարողանում մաքրել, ռեսուրս չունեին, բայց մի օրվա մեջ հարյուրավոր ծառեր հատելու համար ռեսուրս ունեին,- նշեց ավագանու անդամն ու ավելացրեց՝
 
- Խնդիրն այն է, որ  ամբողջը կատարվում է պետական համակարգի կողմից ու միջազգային կառույցները պետական կառույցների հետ առնչությունն  ունենալ չեն ուզում, բոլորը տեսնում են, թե մեզ մոտ ինչ է կատարվում։
 
Աղբյուր՝ Փաստինֆո