Վարորդներն ասել են, որ վերադասից հրահանգ ունեն

ՔՐԻՍՏԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Երևանում ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ընդդիմացող երևանցիների դեմ քաղաքապետարանը որպես մահակ է օգտագործում վարորդներին։
 
Պարզվում է՝ աշխատավարձից գումարներ պահելով՝ նրանց արտոնվել է ամենավայրագ մեթոդներն օգտագործել իրենց համաքաղաքացիների (նույնիսկ՝ հաշմանդամ) դեմ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։ Նրա հետ զրույցի մանրամասները՝ Sputnik-ի հրապարակումից։
 
Երևանում իրականացվող տրանսպորտային բարեփոխումների այն ոճը, որով առաջնորդվում է քաղաքապետարանը, անընդունելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։
 
Օրերս համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որում 48 համարի ավտոբուսի վարորդը քաշքշում է տարեց տղամարդուն, բղավում նրա վրա։
 
Ավագանու անդամը մեկ շաբաթ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին նամակ է գրել` պահանջելով վարորդների աշխատանքային պայմանագրի պատճենն ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի կանոնադրությունը։
 
- Ես ուղղակի ուզել եմ հասկանալ, թե իրավական ինչ հիմքով է, օրինակ, ավտոբուսի վարորդը տրանսպորտից իջեցնում ուղեվարձը բոյկոտող քաղաքացուն կամ քաշքշում նրան, այսինքն՝ կատարում ինքնիրավչություն, արդյոք նրանց պայմանագրում կա կետ, որ վարորդները նաև պետք է վերահսկեն և պատժամիջոցներ կիրառեն չվճարող քաղաքացիների նկատմամբ,- նշել է Վարդանյանը։
 
Նա տեղեկացրել է՝ երբ փորձել են վարորդներից իմանալ պատճառը, նրանք ասել են, որ իրենց վերադասից ունեն նման հրահանգ։ Բացի այդ, կան վարորդներ, որոնք նաև ասում են՝ իրենց աշխատավարձից գումար են պահում չվճարած քաղաքացիների պատճառով։
 
Վարդանյանն ընդգծեց, որ երևանցուն մատուցվում է շատ անորակ ծառայություն, մասնավորապես կապված «Telcell»-ի հետ։
 
- Այս բոլոր սխալների, սթրեսային իրավիճակի համար մարդիկ վճարում են իրենց սեփական առողջությամբ։ Ցանկացած բարեփոխում, ցանկացած գործ պետք է անի մասնագետը։ երբ Երևանում այսպես կոչված բարեփոխումն արվում է մարդկանց կողմից, որոնք տրանսպորտ բառը լսել են, երբ առաջին անգամ մտել են քաղաքապետարան, ամենավատ բանն է, որ կարող էր լինել,- ասել է  ավագանու անդամը։
 
Նա հիշեցրել է, որ Վրաստանում տրանսպորտային բարեփոխումն անում է ՄԱԿ–ի՝ տրանսպորտի գծով փորձագետը։