ԳԻՏՆԱԿԱՆԸ՝ ԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ Պատմական գիտությունների թեկնածու
«Ավանգարդ»-ի խմբագրությունում այդ օրվա ավանդական սրճախմության թեման Արամի այս՝ հիրավի զարմանահարույց գրքի որոշ դժվարամարս դրույթներն էին, որոնք արդեն ընդգծել էինք‚ որոշել հարցազրույցի չափն ու ձևը, երբ ընդգծված պարբերություններից մեկը կարդալուց հետո‚ ես Արամին հարցրի.
- Բարեկամս‚ ինչո՞ւ է գիրքդ այսքան ԲԱԶՄԻՄԱՍՏ ու տեղ-տեղ էլ՝ խրթին։
Հնչեց մի պատասխան‚ որն իր արտասովորությամբ ինձ ու Ջուլիետ Մարտիրոսյանին‚ հայացքափոխանակմամբ՝ դուր եկավ այն աստիճանի‚ որ չնկատելու տվինք անգամ դրա‚ անշուշտ, ոչ միտումնավոր ենթատեքստային վիրավորական նրբերանգը։ Նա ասաց.
- Ես բազմիմաստ խելամտության եմ ձգտում լոկ այն բանի համար‚ որ մի օր հանկարծ չհայտնվեմ հիմարների շարքում։ Իսկ միտքս խրթին կարող է թվալ՝ լոկ դժվար հասկացողներին։ Իսկ հանուն այդպիսիների‚ ըստ իս‚ ընդհանրապես չարժի ցանկացած նշաձողի բարձրությունը՝ թեկուզ մեկ միլիմետրով իջեցնել։
…Թերևս մեր ընկերոջ մտքի նման հիացական սլացքն էր պատճառը‚ որ մենք էլ հաճույքով ընկանք նրա գրքի մոտիվներին համահունչ դատողությունների աշխարհը, չզգալով անգամ թե օրն ինչպես անցավ՝ հարցազրույցն էլ հետը: Միայն տուն գնալիս ափսոսացինք‚ որ չենք ձայնագրել մեր այդ անկաշկանդ «մտացոլանքը»‚ որն հաստատ‚ կարող էր և մի հրաշալի ռադիոհաղորդման նյութ լինել։
Ինչևէ… տուն գալուց հետո էլ, ժամեր շարունակ գլխումս դեռ մեր բուռն մտքափոխանակության գունագեղ դաշտն էր‚ իսկ քնելուց առաջ էլ՝ մտքերս մեղուների նման‚ թռչկոտում էին «ծաղկից-ծաղիկ» ու որպեսզի կարողանամ նրանց բերած «նեկտարը» նույնպես մեղրի վերածել‚ ըստ սովորույթի‚ ձեռքս առա մահճակալիս հպասեղանիկին դրված այն իմաստուն գրքերից մեկը‚ որի օգնությամբ մեկ անգամ չէ‚ որ «պարզաջրել» էի հախուռն մտքերս… (խոսքը ակադեմիկոս Ի. Տ. Ֆրոլովի խմբագրությամբ‚ 1991 թ. լույս տեսած «ՄԱՐԴԸ» խորագրով ռուսալեզու գրքի մասին է)։
Դրա որոշ էջերում կատարված նախկին ընդգծումներիցս մեկ-երկուսը վերընթերցելով‚ զգացի‚ որ Արամի՝ շուրջ 30 անգամ կարդացածս գիրքը ընթերցողներին առավել դյուրըմբռնելի դարձնելու համար‚ անհրաժեշտ էր առավել բյուրեղացնել նրան առաջադրվելիք հարցերս:
Քանի որ‚ ըստ հեղինակի‚ իր գրքում ծավալվող բոլոր դեպքերի ու հետքերի մեջ այսպես ասած՝ «ԱՍՏԾՈ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է»‚ ես նույնպես ինձ պարտավորված զգացի‚ որ դրանց վերաբերող իմ բոլոր հարցադրումները նույնպես բխեն ՄԱՐԴՈՒ ԵՐԿՆԱՌԱՔ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ (ՊՈՍՏՈՒԼԱՏՆԵՐԻՑ)…
Շատ փիլիսոփաներ գտնում են‚ որ մարդու ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ‚ որպես ԲԻՈՍՈՑԻՈՒՄԻ‚ ուղիղ համեմատական է թե՛ նրա գիտելիքների (իմա՝ ԱՇԽԱՐՀԸՄԲՌՆՄԱՆ) պաշարին և թե՛ դրանից օգտվելու՝ նրա գործնական հմտություններին։
Այդ առումով նորից աչքիս զարնեց արաբ փիլիսովա ԻԲՆ ԳԱԲՐԻՈԼԻ (XI դար) լայն ճանաչման արժանացած «Մարդկային չորս տիպերի մասին» ՍԱՆԴՂԱԿԸ‚ որի պատկերն այսպիսին է.
1) Մարդ‚ որը գիտի և գիտի‚ որ գիտի – անվարան հետևիր նրան
2) Մարդ‚ որը գիտի‚ բայց չգիտի‚ որ գիտի – օգնիր նրան՝ իմանալու
3) Մարդ‚ որը չգիտի‚ բայց գիտի‚ որ չգիտի – սովորեցրու նրան
4) Մարդ‚ որը չգիտի‚ բայց ինքնավստահ է‚ որ գիտի - դա հիմարն է։
Դեռ խմբագրությունում էինք‚ երբ խոսքի բերումով ես այս տիպերը հիշողությամբ թվարկելով‚ Արամին կես-կատակ հարցրի.
- Այս չորս տիպաժներից որի՞ չափանիշներով կուզենայիր‚ որ բնութագրված լիներ անձդ ու գիրքդ։
- Իհարկե՝ ԵՐՐՈՐԴ‚- կշռադատված համոզվածությամբ ասաց նա՝ շարունակելով‚- քանզի ես նույնպես‚ որպես քո ասած ԲԻՈՍՈՑԻՈՒՄ‚ իմ միկրո և մակրո միջավայրերին աստիճանաբար ընտելացել և դրանք իմաստավորել եմ նախ ծնողներիս ու ուսուցիչներիս ջանքերով։ Այնուհետ՝ հեքիաթային‚ կոսմոգոնիկ և հոգևոր գրքերի օգնությամբ‚ ինչպես նաև՝ կյանքի դասերից‚ երազներից… Եվ‚ վերջապես՝ սեփական սխալներիցս‚ չնայած ցիտելով Մեծն Գյոթեին‚ ես էլ էի երբեմն կես-կատակ կես-լուրջ ասում‚ որ «ինձ էլ հայտնի չէ որևէ մարդկային սխալ‚ որ ինքս էլ գործել չկարողանամ»…
Իսկ ինչ վերաբերում է գրքիս‚ ապա այն իհարկե այս ամենի սինթեզն է‚ որը դու որակում ես նաև՝ «ԻՄՊՈՒԼՍԻՎ ՇԱՐԱԴՐԱՆՔ», ինչի հետ‚ ի վերջո‚ կարելի է և համաձայնել‚ եթե դու քո գրախոսականում ավելացնես‚ որ այդ իմպուլսները ոչ թե մարմնի զանգվածի և նրա արագության արտադրյալին հավասար շարժումների քանակ են կամ երազային ապրումները վերլուծելու ռեֆլեքսային հակվածություն‚ այլ՝ ՆԵՐՔԻՆ-ՄՂՈՒՄՆԱՅԻՆ ԻՄՊՈՒԼՍՆԵՐԻ‚ կամ‚ ինչպես ես եմ զգում իմ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ երազներից՝ ՏԻԵԶԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ արդյունք…
ՍԵԴՐԱԿՅԱՆ - Գրախոսը պարտավոր է իրատես լինել և հարգել հեղինակի համոզվածությունը ցանկացած խնդրում։ Ընդունում եմ…սակայն թույլ տուր նկատել, որ մեկի ճշմարտացի լինելուց բնավ չի բխում մյուսի ոչ ճշմարտացի չլինելը։ Օրինակ՝ մինչև Էյնշտեյնի գյուտը, աշխարհում ոչ ոք չգիտեր‚ որ միայն փոքր չափումների առումով է երկու կետերի միջև եղած տարածությունը ուղիղ գիծը։ Նա ապացուցեց‚ որ իրականում այն թեք է՝ երբ խոսքը վերաբերի միլիոնավոր կիլոմետրերի…
Էյնշտեյնը նաև ասում էր‚ որ իր տեսությունը մարդկանց համբերատարության և փոխադարձ հանդուրժողականության կոչ է անում ու հիմարություն է համարում պնդել‚ կամ ժխտել՝ «ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ ՊՏՏՎՈՒՄ Է‚ ԹԵ՝ ՈՉ»։ «ԱՅՈ» ‚- ասում էր նա‚ եթե դա ձեզ դուր է գալիս և «ՈՉ»՝,- եթե դա ձեր սրտովը չէ…
Ինչևէ… Էյնշտեյնին թողնենք իր բարձունքին‚ իսկ ես քեզ հարցնեմ.
- Կարելի՞ է ասել‚ որ քո այս յուրօրինակ ստեղծագործական ներշնչանքի «գլխավոր ազդակը», ի վերջո՝ ԶԱՐՄԱՆՔՆ է‚ որը մարդուն ուղեկցում է՝ ի ծնե՝ մինչ ի մահ։
ՄԱԶՄԱՆՅԱՆ - Այո՛‚ եթե դրան գումարենք, որ այն խիստ ԱՆՁՆԱԿԱՆ կատեգորիա է, որը՝ ըստ քո «իրապատումներից» մեկի գլխավոր հերոսի՝ «միագիծ լինել չի կարող»։
ՍԵԴՐԱԿՅԱՆ - Կհամաձայնե՞ս ինձ հետ‚ եթե փորձեմ քո պատասխանը համեմատել «Ծնվում ենք ակամա‚ ապրում՝ ԶԱՐՄԱՑԱԾ և մեռնում կարոտով» փոքր-ինչ կարծես աշուղական իմաստախոսության հետ…
ՄԱԶՄԱՆՅԱՆ – Կարծես վատ չի հնչում և այն անիմաստ դիտարկում չէ, սակայն ես կգերադասեի «կարոտին» ավելացնել, որ այդ պակասը մարդը լրացնում է իր հանդերձյալ աշխարհում…
ՍԵԴՐԱԿՅԱՆ - Էդ դեպքում կարելի՞ է պնդել, որ քո իրականացող երազները նաև կարոտային երևակայության արդյունք են:
ՄԱԶՄԱՆՅԱՆ – Կարելի է:
ՍԵԴՐԱԿՅԱՆ - Իսկ բացի «երևակայությունից» մարդու երազների իրականացման այլ ազդակներ կա՞ն։
ՄԱԶՄԱՆՅԱՆ – Գլխավորը ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ է, ինչպես ասենք քոնը… Օրինակ՝ բացի ՎԱՌ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, անձամբ դու ուրիշ ի՞նչ ազդակ ապրեցիր‚ երբ պատմաբան լինելով հանդերձ‚ տարիներ առաջ մտահղացար Աշխարհում ԵԶԱԿԻ այնպիսի մի ԽՈՍՈՒՆ հուշակոթողի նախագիծ՝ ինչպիսին մեր պատմահայր Մովսես Խորենացու ԱՆՄԱՀ «Հայոց պատմությանը» նվիրված հուշարձանն է։
ՍԵԴՐԱԿՅԱՆ - «Հայոց պատմության» նվիրյալ լինելս։
ՄԱԶՄԱՆՅԱՆ – Իմ էլ՝ երկնառաք ներշնչումները…
ՍԵԴՐԱԿՅԱՆ – Պարոն Մազմանյան‚ իմ գիտակ ընկեր‚ սիրելի Արամ‚ մեր զրույցի թեման այնքան տարողունակ է‚ իսկ ԶԼՄ հնարավորությունները այնքան սահմանափակ‚ որ քեզ պետք է խնդրեմ պատասխանել ևս երկու հարցի՝ մնացածը թողնելով գրքիդ ընթերցողների սեփական կողմնորոշումներին…
Եվ, այսպես՝ ՀԱՐՑ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ
– Կյանքը միշտ նորի մեջ է։ Ինչպես ասվում է՝ այսօրը երեկը չէ‚ ոչ էլ վաղը՝ կլինի այսօրը… Բնականաբար‚ նման դինամիզի մեջ է նաև մարդու վերաբերմունքը երազների հանդեպ։
Հոգեբաններն ասում են (Ֆրոմ‚ Նալչաջյան…)՝ եթե դրանց «երեկվա» իմաստային ըմբռնումների վրա հիմնականում զգալի էին սնոտիապաշտական ազդակները‚ ապա այսօր այդ խնդրում‚ արդեն դոմինանտ է դարձել «վախի ախտանիշը»։ Ու դա՝ ցավոք որպես արդյունք ԶԼՄ-ների կողմից աշխարհով մեկ սփռվող այն սարսափաազդ‚ գազանակերպ‚ արյունառուշտ դեպքերի ու հետքերի ՍԱՆՁԱՐՁԱԿ «գովազդի»‚ որոնց տպավորությունների տակ (հատկապես՝ «երազային») մարդը վախենում է անգամ լիարժեք օգտվելու իր ազատ տեղաշարժի իրավունքից… Ձեր մեկնաբանությունը։
ՄԱԶՄԱՆՅԱՆ - Համաձայն եմ‚ միայն մի հույժ կարևոր լրացում… երբ քո էդ միանգամայն տեղին կերպով խարազանված ՍԱՏԱՆԱՅԱԾԻՆ իրողությունների դեմ աշխարհով մեկ ՊԵՏԱԿԱՆԱՀՈԳ պայքար չի մղվում (կեցցե ՄԱՄՈՆԱՆ) ‚ ապա էդ դեպքում (ինչպես գիտականորեն հիմնավորված է խնդրո առարկա իմ գրքումս և հենց դա է դրա արժեքը) Տիեզերքն ինքն է կոնտակտի մեջ մտնում մարդու հետ և հենց երազների միջոցով նրան հղում հատկապես զգուշավորվելու այնպիսի զորեղ իմպուլսներ‚ որ նա չտրվի ընդօրինակման և Աստծո զորությանը ապավինած՝ խորշի «ՆՈՐԵՆ ԳԱԶԱՆԱՆԱԼՈՒ» վտանգից, ինչպես ձեր զրույցներից մեկի ժամանակ մտքի հանճարեղ ճառագումով ասել էր Վազգեն Առաջին Վեհափառը (կարծեմ իր իսկ հանձնարարական նամակով‚ դեռևս 1968 թ. քո հնդկահայ գաղթօջախ՝ գիտական գործուղման մեկնելու առիթով…)։ Հիշեցի՞ր…
ՍԵԴՐԱԿՅԱՆ - Մի անգամ չէ‚ որ այդ հանճարեղ մտքին տրվել են հիացական գնահատականներ… այդ թվում և հնդիկ մեծանուն գիտնական Սունիթա Կումայրի Չաթերճիի կողմից‚ երբ քո հիշատակած գործուղման ժամանակ ես այդ մասին Կալկաթայում պատմեցի նրան…
Ե Զ Ր Ա Փ Ա Կ Ի Չ ՈՒ Բ Ա Ց Ա Հ Ա Յ Տ Ի Չ Հ Ա Ր Ց – Արդյո՞ք տիեզերքի հետ քո զգայական զրույցները՝ մարդու գոյությունը երկրագնդի վրա առավել խորհրդավոր դարձնելու ՀՆԱՐԱՄԻՋՈՑ չեն‚ թե՞ դա ըստ քո երկնառաք համոզվածության‚ նրա այն ԵՐԿՐՈՐԴ՝ ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԻ ՑՈԼԱՆՔՆ Է‚ ԻՆՉԸ ԱՐՏԱՔՆԱՊԵՍ Ա Ն Ն Շ Մ Ա Ր Ե Լ Ի Է:
ՄԱԶՄԱՆՅԱՆ – Վերջինը… Սակայն թույլ տուր ասել‚ որ հարցդ ինձ դուր եկավ։ Նման ճշգրտությամբ դիմացինի «մտածելակերպը» կռահելը նույնպես արտասովոր հատկություն է… Կրկնում եմ՝ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ‚ ինչն արդեն՝ ուղեղի առավել «մոբիլ» և խորքային գործունակության արդյունք է‚ քան լոկ մտքեր գուշակելը։
ՍԵԴՐԱԿՅԱՆ – Համաձայն եմ… Սակայն թույլ տուր նկատել, որ պարզապես դրանց՝ ԲԻՈ-ԱԼԵՀԱՎԱՔՆԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐ ինչին հակվելը՝ ես առավել տրամաբանական եմ համարում… և հետո … շատ մի գովաբանիր… ես, ի տարբերություն քեզ՝ այդ բնագավառի ՇԱՏԻՑ՝ ՔԻՉԸ ԳԻՏԵՄ…
ՄԱԶՄԱՆՅԱՆ - Համեստություն մի արա և ընդունիր‚ որ հատկապես արտասովոր հատկություններով օժտված մարդկանց զգացումներն են հիմք ծառայում՝ ճիշտ գտնելու տիեզերական գաղտնիքների վերծանման բանալին…
ՍԵԴՐԱԿՅԱՆ - Արամ‚ բարեկամս‚ թույլ տուր մեր զրույցը եզրափակել իմ այն մտահանգմամբ‚ որ նման բարդեբարդ թեմատիկային ձեռք զարկողներս դժվար թե մեր ներկա բառապաշարով կարողանանք առավել դյուրըմբռնելի և գիտականորեն սպառիչ պատասխաններ տալ հատկապես նոր սերնդին, որին ԱՅՍՕՐ խոսք հասկացնելու համար, անտարակույս՝ ՆՈՐ ԲԱՌԱՄԹԵՐՔ է պետք‚ որովհետև այդ սերունդը հատկապես չի հասկանում՝ «չի կարելին»‚ ինչը որքան բնորոշ էր սովետական գաղափարախոսությանը‚ նույնքան էլ մերժելի է նրանց համար… Նրանք դեռևս ո´չ նոր գաղափարախոսակ ան «տ ոնածառեր» ունն և ո´չ էլ՝ դրանց սազական «խաղալիքներ»…