Բարձրաստիճան պաշտոնյան 41 հազար դրամով կգոյատևի՞ մեկ ամիս. Թ․ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ՀՀ պաշտոնյաներին առաջարկում է մեկ ամիս ապրել իրենց հաշվարկած նվազագույն պարենային զամբյուղի գումարով։
 
Նվազագույն պարենային ու սպառողական զամբյուղների` Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները վրդովեցրել են «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին։
 
«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են ներկայացրած թվերը արտացոլում Հայաստանում ամենահամեստ ծախսերով ապրելու համար անհրաժեշտ գումարի իրական չափը, նա ասել է․ 
 
- Ես կուզեի, որ այդ 41 հազարը տային այսօրվա ցանկացած պաշտոնյայի, ով և՛ բարձր աշխատավարձ է ստանում, և՛ չհիմնավորված պարգևավճարներ, և ասեին` դրանով մեկ ամիս գոյատևեք։
 
Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը ամսական կտրվածքով կազմում է 41 657 դրամ։ Դրա մեջ հաշվարկված են մեկ անձին անհրաժեշտ քանակի հաց, միս, ձուկ, ձու, կաթնամթերք, ձեթ, միրգ, բանջարեղեն, կարտոֆիլ, շաքար և մարգարին։
Նվազագույն սպառողական զամբյուղը ամսական արժե 77 065 դրամ։ Բացի վերը նշված սննդամթերքից, սպառողական զամբյուղում հաշվարկված են նաև ծխախոտի, ալկոհոլայի և ոչ ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզվառելիքի և էլեկտրաէներգիայի ծախսերը։
 
Թաթուլ Մանասերյանի հաշվարկով՝ 70-80 հազար դրամը պետք է լինի ոչ թե սպառողական, այլ պարենային նվազագույն զամբյուղի գինը` մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ սննդի չափաքանակ ձեռք բերելու համար։
Ինչ վերաբերում է սպառողական զամբյուղին, տնտեսագետը տարակուսում է` ինչպե՞ս կարող է սպառողական զամբյուղում կոմունալ ծառայություններից ներառված լինել միայն էլեկտրաէներգիան, կամ հաշվարկված չլինեն առողջապահական, տրանսպորտային ծախսերը։
 
Հայաստանում սպառողական գները
2024 թ. 7 ամսում միջինում նվազել են 0.2 %-ով
 
- Չի կարելի մարդուն վերածել կենդանու։ Ես պատրաստ եմ բանավիճել այդ հաշվարկի հեղինակների հետ ու իրենց ապացուցել, որ այդ գումարները բավարար չեն անգամ 1 շաբաթվա կտրվածքով սնունդ հայթայթելու համար,- նշում է մասնագետը։
 
Նշենք, որ 2019թ․-ի համեմատ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 7.5 հազար դրամով` 33 004 դրամից հասնելով 41 657-ի, իսկ սպառողական զամբյուղի արժեքը 16 000 դրամով՝ 61 508 դրամից հասնելով 77 065–ի։
 
Ի դեպ, Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ այդ տարիներին գրանցված գնաճն իրականում մի քանի անգամ գերազանցում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկներում արտացոլված ցուցանիշները։
 
Աղբյուր՝ Sputnik Արմենիա