ԵԹԵ ԱՆԶՈՐ՝ ԱՊԱ ԻՆՉՈ՞Ի ՀԵՆՑ ԴՈՒ
Ձեր գրպանին որ խփեին, դարձյա՞լ ելք չէր լինի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի համար օրն իրոք ծանր էր: Կառավարության նիստը սկսվեց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների բողոքով: Վերջիններս «Վինար» ընկերությունից պահանջում են մթերված խաղողի գումարները: Իսկ Ընկերությունը, գյուղացիների խոսքով՝ խաղողն ընդունել է կառավարության պահանջով: Այսինքն՝ կառավարության խոսքին հավատալով, նրանք խաղողը հանձնել են «Վինար»-ին, որն էլ մթերել է բերքը, սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ չի վճարում ապրանքի դիմաց:
Թումանյանի դերձակ կատվի նման այսօր-վաղն անելով՝ Ընկերությունը հայտարարում է, թե սնանկ է, ապա որպես մխիթարանք առաջարկում է սպիրտով փոխհատուցել: Հետագայում էլ պարզվել է, որ սպիրտն էլ անորակ է:
Հասկանալով, որ բողոքները չեն դադարելու, գյուղնախարարը նշանակվելուց հետո դիմել էր դատախազություն՝ պահանջելով ուսումնասիրել տեղի ունեցածը: Թվում էր, թե սա կսթափեցնի Ընկերության ղեկավարին, որը, քաղցրաշենցիների խոսքով, թանկարժեք մեքենաների, Երևանում մի քանի բնակարանների տեր է: Բայց ապարդյուն: Ժողովրդական խոսքն ասում է՝ «հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»: Դատախազությունը դեռ ոչ մի պատասխան չի տվել, սնանկացած Ընկերությունն էլ մարդկանց գումարները չի վճարել:
Խնդիրն ուշագրավ է այն տեսանկյունից, որ մի շարք անպատասխան հարցեր կան:
Նախ ընկերությունն ինչպես և ում է իրացրել խաղողը: Երկրորդ՝ արդյո՞ք «Վինար»-ը ղեկավարությունը միտումնավոր չի «սնանկացել»՝ փորձելով վճարումների բեռը կառավարության վրա դնել: Ի վերջո, վերջին 25 տարիներին քիչ չեն դեպքերը, երբ պետությանը հասցվում է ահռելի վնաս, որը մասամբ փոխհատուցում է բյուջեն: Հիշենք «Հրազդան ցեմենտ» գործարանին տրվող արտոնությունները, որոնցով գործարանն ազատվեց 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:
Երրորդ՝ նախարարությունը «Վինար» ընկերությանը դատի էր տվել նախորդ տարվա դեկտեմբերին: Անցել է չորս ամիս, սակայն սայլը տեղից չի շարժվել: Եթե հիմք ընդունենք գյուղացիների հայտարարությունը, ապա մթերող ընկերության ղեկավարն այս ընթացքում անհետացել է:
Հասկանալով, որ վերոնշյալ հարցերի պատասխանն ինքը չունի կամ չի կարող բարձրաձայնել՝նախարարն ա յսօր ասել է, որ մթերող ընկերությունը լիցենզավորված չի եղել, հետևաբար նա մթերման գործունեություն չէր կարող ծավալել: Ասել է թե՝ ողջ գործընթացն անօրինական է: ԵՎ՝ պարզվում է, որ կառավարության անդամը ելք չի տեսնում, բացի դատախազություն դիմելուց:
-Ես էլ ձեր միջից եմ դուրս եկել, ասենք՝ ո՞րն է ելքը: Ով ստիպել է, թող նա էլ տեր կանգնի- ասաց նախարարը:
Սա անզորության ու նախորդների թողած բեռից ազատվելու փորձ է: Իհարկե, լավ է, որ նախարարը խոստովանում է իր անզորությունը: Սակայն նույնքան անզոր են իրեն դիմող «քցված» հողագործները: ՈՒրեմն ինչպե՞ս է անզորների միջից հենց ինքը դարձել գյուղատնտեսության նախարար:
Այն, որ նախարարությունը պարտավոր չէ գյուղացիներին խաբած ընկերության փոխարեն վճարումներ անել, դա տրամաբանական է: Բայց չէ ՞ որ նախորդ կառավարությունն ու նախարարն են գյուղացիների ու ընկերության միջև միջնորդ, երաշխավոր եղել:
Ու հիմա, երբ եկել է քաղաքացու ոտնահարված իրավունքներին տեր կանգնելու ժամանակը, գործադիր մարմնի անդամն ասում է՝ չեմ կարող: Բայց արի ու տես, որ հայրենի չինովնիկները կարողանում են քաղաքացիներին հիշեցնել և կատարել տալ հարկային պարտավորությունները: Հետաքրքիր է՝ եթե քարից հաց քամող գյուղացիների փոխարեն լինեին, դարձյա՞լ պիտի ասեին՝ դռները փակ են, հույս չկա…