Մեր համեստ առաջարկը վարչապետին

ԱՆՈՒՆՆԵՐԸ ԿԱ, ԲԱՅՑ ԱՄԱՆՈՒՄԸ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԿԱ

Պետբյուջեի միջոցներն ամեն կերպ խնայել ու ինչքան հնարավոր է՝ ձգել գոտիները. արդեն մեկ տարի է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն այս ռեժիմով է աշխատում: Գոտիները ձգելու քաղաքականության առաջին քայլերից մեկն էլ որոշ ՊՈԱԿ-ների, պետական ապարատի աշխատակիցների կրճատումն էր: Թե ինչպես են գոյատևելու գործազուրկների մեծ բանակը համալրածները՝ դեռ պարզ չէ, քանի որ Կարեն Կարապետյանի՝ «խնայած փողով չրի գործարան կկառուցենք» խոստումը կյանքի չի կոչվել:
 
Բայց արդյո՞ք միայն մի քանի ՊՈԱԿ-ների և մեկ-երկու տասնյակ հաստիքների կրճատմամբ արդյունավետ կառավարման ու պետական գանձարանի միջոցների խնայման խնդիրը լուծված է: Կարծում ենք՝ ոչ, քանի որ «Ավանգարդի» նախորդ տարվա  ուսումնասիրությունն այլ բան է փաստել: Տպավորիչ անվանումներով կառույցներ ևս կան, որոնց աշխատանքը, ավելի ստույգ՝ աշխատանքի արդյունքը տեսանելի չէ: Իսկ արվածն արդյունքով է չափվում:
 
 
Ահավասիկ.
 
Պետական ապարատի կարևոր օղակներից է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ իր երկարակյաց Արտակ Շաբոյան ղեկավարով: Այս կառույցի նպատակն է ապահովել տնտեսական մրցակցություն, պաշտպանել անհավասար պայմաններում հայտնված  ընկերություններին և, վերջապես, թույլ չտալ, որ բիզնեսմենները քաղաքացուն թալանելով միլիոններ դիզեն: 
 
Առերևույթ՝ հրաշալի անվանում և խոստումնալից նպատակ: Սակայն դրա թե՛ նախորդ տարվա, թե՛ այս տարեսկզբի գործունեությունը հակառակն է փաստում: Նախորդ տարվա վերջում թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները՝ միսը, կարագը, կաթնամթերքը: Թվում էր, թե պիտի անմիջապես քայլեր ձեռնարկվեին՝ գոնե պարզելու միջազգային շուկայի մեղքի բաժինը, չնայած տեղական արտադրության պարենը, միսն ու կաթնամթերքը ի՞նչ կապ կարող էին ունենալ միջազգային շուկայի հետ: Սակայն Շաբոյանի հովանավորյալ իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ հորդորեցին յոլա գնալ կարտոֆիլով, քանի որ իրենց կառավարման շրջանում հազիվ թե մարդիկ կարողանան միս ու կարագ ուտել, իսկ Շաբոյանի հանձնաժողովն էլ իր գործառույթները կատարելու փոխարեն դակիչ սարքի դերը ստանձնեց՝ մեղքը բարդելով միջազգային գների վրա: Սա այն դեպքում, երբ տնտեսագետները միահամուռ պնդում էին, որ կա պայմանավորված հակամրցակցային համաձայնություն: Այս տարվա հունվարին ևս ՏՄՊՊՀ-ը նույն վերաբերմունքը դրսևորեց: Դիզվառելիքի գների պայմանավորված մրցակցության մասին նույնիսկ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն խոսեց, սակայն դակող մարմնի գործառույթից Շաբոյանը չհրաժարվեց: Հիմա էլ մեղավորը Հարկային օրենսգիրքն է:
 
Արդյո՞ք միայն ՏՄՊՊՀ-ն է, որ չի կատարում իր պարտականությունները և առաջնորդվում է միայն խոշոր տնտեսվարողների շահերով և նրանցից ստացած հրահանգներով: Արի ու տես՝ ոչ: ՍԱՊԾ-ն, համատիրությունները, Երևանի քաղաքապետարանը ևս հետ չեն մնում ՏՄՊՊՀ-ից: 
 
Հանրային վերահսկողության շնորհիվ ներկրվող և տեղական արտադրության հավի մսի մեջ բացահայտվեց անտիբիոտիկների, մանրէների առկայությունը:  Համատիրությունների փոխարեն քաղաքացիներն են լուծում կամ չեն լուծում  շենքերի պահպանության խնդիրը (դե համատիրությունները զբավում են միայն սպասարկման վճարները որպես իրենց աշխատավարձեր հավաքելով և արթնանում են՝ ընտրություններին քվեներ հավաքագրելիս), իսկ մայրաքաղաքապետարանն էլ երևանցիների հարկերը հիմնականում մսխում է տոնակատարություններ բեմադրելով, ապարատն ուռճացնելով իր յուրայիններով, ովքեր էլ պաշտոնն իրենց գրպաններին են ծառայեցնում: Ինչպես անցյալ տարեվերջին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր նշել իր տարածած հայտարարության մեջ՝ «Թվերը վկայում են, որ Երևանի բյուջեի առնվազն 50 %-ը յուրացվում է»: 
 
Արդ, ժամանակը չէ՞ արդյոք, որ վարչապետը մտածի նաև այս կառույցների  լուծարման մասին: Խնայված գումարի մի մասին էլ կարող է տրամադրել հանրային այն օղակներին, որոնք  մինչս օրս անում են այս կառույցների  աշխատանքը: Թե չէ՝ դրանց անունները կա, բայց ամանումը ոչինչ չկա:
 
Իսկ գուցե այս ամենը միայն հասարակ մահկանացուների՞ն է նկատելի: Հենց այդ պատճառով էլ որոշեցինք մեր նկատառումները ներկայացնել՝ պետական բյուջեի դռները վատնումների առաջ է՛լ ավելի ամուր գոցելու համար: