ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎ` ԴԱՇԻՆՔՈՒՄ
ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ՄԱՆԴԱՏԻ
ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր առաջ է վերադարձել Հայաստան: Նախընտրական քարոոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմից հետո 800 հեկտարի կորստին: Ոչ ավել, ոչ պակաս նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, որ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ու պետք չէ այլոց քավության նոխազ սարքել:
Եթե «Ժառանգականը» նորելուկ լիներ քաղաքական դաշտում, նրա այս հայտարարությունը խակություն կարելի էր համարել: Մինչդեռ ոչ վաղ անցյալում` 2013-ին, երկրիս Նախագահի աթոռին հավակնող Հովհաննիսյանը պետք է լավ իմանա` տարածքների կորստի համար առաջին հերթին պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը: Ապրիլյան պատերազմին երկրի անվտանգության պատասխանատու գերատեսչության ղեկավարը ՕՐՕ-ի անդամ, ընդդիմադիր կեցվածք որդեգրած Սեյրան Օհանյանն է, ում հրաժարականը, ի դեպ 2013 -ի ընտրություններին պահանջում էր «Ժառանգության» ղեկավարը: Իսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը, երևի արևմտյան հեռատեսությամբ, շրջանցում է Օհանյանի պատասխանատվությունը՝ նրա հետ դաշնակցելու պատճառով: Դե իհարկե, Հայաստանում ամենահեշտը իշխանություններին ու թիվ 1 իշխանավորին՝ Նախագահին մերկապարանոց քննադատելն է:
Լրատվամիջոցների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը անուղղակիորեն «խոցում է» նաև իր նախկին հավատարիմ կուսակիցներին, ովքեր լքեցին «Ժառանգությունը»՝ գաղափարախոսությունից շեղվելու համար: Ու այսօր հերթական անգամ իրեն ընդդիմություն հռչակած և մի քանի պատգամավորական աթոռի համար նախկին նախարարներին կցված ընդդիմադիր «Ժառանգականը» ՕՐՕ-ում «սպիտակ ագռավի» դերում է հայտնվել` առանց ընդդիմադիր իր կուսակիցների: