Նրանք «Սասնա ծռեր» չեն, այլ՝ ՊՊ ծռեր
ՈՎ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՎԱՏԱ, ՈՒՐԵՄՆ ԻՐԱՆԻՑ ՎԱՏՆ Ա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն արդեն մի քանի օր է՝ լրագրողների ուշադրության կենտրոնում է: Եթե երեկ Սարոյանին լրագրողները նեղն էին գցել, թե ինչո՞ւ նրա որդիները չեն ծառայել բանակում, ապա այսօր հարցերը բազմազան էին՝ «Սասնա ծռերից» մինչև 2018 թ. վարչապետի թեկնածու:
- Ինչպե՞ս է լինում, որ պաշտոնյաները հարստանում են՝ գողանալով պետբյուջեի միջոցները:
-Բիզնես են անում, հարստանում են,- իր գործընկերներին արդարացրեց գեներալը:
- 2018-ին ո՞վ կլինի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը:
Իրեն բնորոշ կոլորիտով ՀՀԿ-ականն ասաց.
- Այ ցավդ տանեմ, ըտենց հարցերը իրենք մեզնից լավ են որոշում, միթոմ իմ կարծիքն ո՞վ հաշվի առավ: Վերևի խաղերը, որ կա, մենք ստեղ խաբար չենք:
- ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին խոշտանգել են, բռնության ենթարկել: Հետևո՞ւմ է այս գործընթացին իշխող կուսակցության անդամը:
Պարզվեց՝ օրենսդիր մարմնի անդամը չի էլ հետևում դատական գործընթացին, չի էլ լսել, թե ինչի մասին է խոսքը: Ավելին՝ Սասնա ծռերին նա համարում է ՊՊ ծռեր:
- Դու ընդե՞ղ ես եղել, ո՞վ ա ասել: Մարդ են, կարողա տփել են իրար: Ոստիկանները ինչի համար են, հո՞ կրթության նախարարությունից չեն: Միլիցից ո՞վ ա լավ բան տեսել, դու էլ նենց բաներ ես հարցնում,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը հարց տվող լրագրողին:
Սահմանային լարվածության հարցերը գեներալի սիրելի թեմաներից են:
- Ադրբեջանն օգտագործել է TR-107 տիպի նոր տեխնիկա:
Սեյրան Սարոյանը հումորով է վերաբերվում այդ ամենին.
- Ուզում էին ցույց տալ, որ թազա զենք ունեն, իրենք ուժեղ են, իրենք իրենց դուխ են տալիս: Թուրքին հավատալ պետք չէ։ Ես մի բան գիտեմ ու միշտ ասել եմ՝ ով թուրքին հավատա, ուրեմն իրանից վատն ա: Թուրքը մնում ա թուրք, մեր բախտը չի բերել, որ մենք լավ հարևաններ չունենք:
Ի դեպ. Սեյրան Սարոյանը երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել է լուծել որոշ գյուղերի ոռոգման հարցը, վարչապետն էլ Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանին հանձնարարել է լուծում գտնել: