Սևանը՝ քավության նոխազ. տեսնես՝ ո՞ւմ ո՞ր մեղքի համար
ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ՝ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ
Խորհրդարանում այսօր ընդունված օրինագիծը տխուր մի հումոր ծնեց: Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո հեղինակազուրկ եղած Էլչիբեյն, ասում են, պոռոտախոսել էր, թե նաև Հայաստանն է գրավելու ու լող է տալու Սևանի ջրերում: Հիմա մտածում եմ՝ մեր պատգամավորները գուցե մտավախությո՞ւն ունեն և Գեղամա ծովակը որոշել են ընդամենը ոռոգման ջուր դարձնել, որ թշնամու աչքը կտրե՞ն մեր երկրից...
ԱԺ-ի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Նախագծով նախատեսվում է 2017թ. Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ³ առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ³ լրացուցիչ ջուր բաց թողնել:
Մինչ խորհրդարանում կմեկնարկեր քննարկումները, բնապահպանները խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել:
«Հայաստանի անտառներ» հ/կ նախագահ Նազելի Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սևանա լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով՝ 1900.91 սմ-ից 1900.87 սմ` օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 100 միլիոն խմ-ից ավելի ջուր:
- Եթե այս սակավաջուր շրջանում Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցվի՝ լիճն անխուսափելիորեն բացասական հաշվեկշիռ կունենա: Դեմ ենք Սևանը իջեցնելուն, դեմ ենք Սևանը ճահճացնելուն: Կոչ ենք անում բոլորին՝ միանալ բողոքի ակցիաներին,-ասաց Նազելի Վարդանյանը:
Տեղեկացնենք, որ Բնախահպանության նախարարությունը ևս համակարծիք է բնապահպաննների հետ:
Իսկ ահա ԱԺ-ում ընդդիմադիրներն առաջնորդվում էին «դեմ լինելով կողմ կլինենք» անհասկանալի մոտեցմամբ: Պատգամավորների խոսքով՝ իրենք չեն կարող դեմ քվեարկել, քանի որ 130.000 գյուղացիական տնտեսություններ կմնան անջրդի:
Հետաքրքիր է, իսկ լճի գոյությունը վտանգելով՝ քանի՞ հարյուր հազարով կմեծանա այդ թիվը:
Սա գիտակցում են պատգամավորները՝ ասելով, թե կողմ քվեարկելով, իրենք հասկանում են, որ այս ամենը կազդի Սևանի լճի ու էկոհամակարգի վրա: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարության անդամին` Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանին հորդորեց ազնիվ լինել.
- Մենք ընտրություն ենք կատարում վատի և վատագույնի միջև:
«Ելք» դաշինքի պատգամավորներն էլ արդյունավետ կառավարման հարց բարձրացրին՝ ո՞վ է պատասխանատու, որ մինչև 55% ջրային ոլորտում կորուստ ունենք. առկա է ոռոգման համակարգի խնդիր, որն անգամ խոստովանեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը:
100 միլիոն մ³ լրացուցիչ ջուր բաց թողնելուն կողմնակից էր ՀՀԿ-ական պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:
Ըստ «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանի՝ պատճառն այն է, որ Արամ Հարությունյանը Շորժայում առանձատուն ունի, հետևաբար շահագրգռված է, որ Սևանի ջրի մակարդակը չբարձրանա: Ի պատասխան՝ Արամ Հարությունյանն հակադարձեց, թե Շորժայում իր ունեցածը մետաղական, տեղափոխվող կոնստրուկցիա է, հետևաբար Սևանի ջրի մակարդակը չի կարող ազդել իր շինության վրա: Սակայն չասաց, որ բազմաթիվ պաշտոնյաներ Գեղամա մեր ծովակի ափերին շքեղաշուք բիզնես-շինություններ ու առանձնատներ ունեն, որոնք տեղափոխելն անհնարինության չափ դժվար է: Ի դեպ, հուշենք նմաններին, որ լիճը վտանգելով՝ ավելորդ է դառնում նաև իրենց մերձափնյա ունեցվածքը:
Քվեարկությունից առաջ «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, քանի որ հազարավոր գյուղացիական տնտեսությունների ոռոգման հարցը կարելի է այլ եղանակով լուծել: Արտակ Զեյնալյանը նաև հայտարարեց, որ դիմելու են ՍԴ՝ վիճարկելու օրենքի սահմանադրականությունը:
77 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց: