Իրանի ակնարկը Հայաստանին

ԻՍՐԱՅԵԼԸ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ հայկական մամուլը ողողված է հայ-իսրայելական հարաբերությունների, արցախյան խնդրի լուծման մասին Հայաստան եկած իսրայելցի երկու հասարակական գործիչների մեկնաբանություններով: Մեր երկիրը, իհարկե, վաղուց արդեն չի հալչում քաղցր-մեղցր խոսքերից: Թեև իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը հայտարարել է, որ դրական է վերաբերվում Իրան-Հայաստան բարի դրացիական հարաբերություններին. ավելին՝ անգամ Հայաստանը կարող է դերակատաում ունենալ դարավոր թշնամիներ Իսրայելի և Իրանի  կառուցողական առնչությունների համար: 
 
Բայց արի ու տես, որ Իրանն այդպես չի մտածում: Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիին խիստ անհանգստացրել է Իսրայելի ներկայացուցիչների այցերը Հայաստան: Չնայած Լարիջանին բացահայտ սրա մասին չի ասել: 
Իրանի մեջլիսի խոսնակն այլ կերպ է բացատրում Իսրայելի ակտիվությունը.
 
- Ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը կհանգեցնի բացասական հետևանքների: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի առանց արտաքին միջամտության- հայտարարել է Իրանի ներկայացուցիչը:
 
Լարիջանին հիշեցրել է, որ Իսրայելը Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարը։ Բացի այդ, Երուսաղեմը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում Բաքվի դիրքորոշմանն աջակցելու մասին։
 
Թե ինչո՞ւ է Իրանը կարծում, որ արցախյան խնդրի կարգավորման  ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարող է փոփոխվել և նոր խաղացողներ ի հայտ գան՝ դժվար է ասել. առավելևս, որ  ձևաչափի փոփոխության մասին առայժմ խոսք չկա: Ավելին, գերտերությունները երկու կողմերին կոչ են անում մոռանալ պատերազմի մասին և խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Հիշենք Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափատուրայի երեկվա հայտարարությունը. 
 
- Լեռնային Ղարաբաղի խնդրին ռազմական լուծում չկա: ՆԱՏՕ-ն ուղղակի չի մասնակցում բանակցային գործընթացին, դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք կողմերին կոչ ենք անում բովանդակային բանակցություններով գտնել խնդրի խաղաղ լուծումը: Դա միակ տարբերակն է:
 
Մյուս կողմից, Թել Ավիվ-Ադրբեջան հարաբերություններն այնքան սերտ են, որ Թեհրանը մտավախություն ունի, թե այդ հարաբերությունները արցախյան խնդրի կարգավորման վրա կազդեն հօգուտ Ադրբեջանի: 
 
Իրանի ներկայացուցիչը նաև կարևորել է էլեկտրակայանների և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդալարերի շինարարության համաձայնագիրը շուտափույթ իրականացնելու անհրաժեշտությունը։ Ուշադրություն դարձնենք՝ Թեհրանի ներկայացուցիչն օգտագործում է շուտափույթ բառը, մինչդեռ նախկինում հայ-իրանական տնտեսական որևէ  ծրագրի թեկուզ քննարկում բավական երկար ժամանակ էր պահանջում՝ նաև Իրանի անշտապողականության պատճառով:
 
Հայաստանը, այս իրավիճակում, բարդ դրության մեջ է հայտնվում:
 
Իրականացնելով բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ չի կարող հանուն Իրանի չքննարկել Իսրայելի հետ համագործակցությունը, եթե դրանից կլինեն  օգուտներ: Բացի այդ, ճիշտ աշխատելու դեպքում  կարելի է թուլացնել Իսրայելի և Ադրբեջանի սերտացումը՝ որպես հնարավոր վտանգ մեզ համար և չհարուցել Թեհրանի դժգոհությունը:
 
Ճկուն քաղաքականություն ասվածը հենց նման իրավիճակների համար է: