Հրաժարում ընդհատակի՞ց
ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍԱՆԵԼԻ Է՝ ՊԱՇՏՈՆԱԶՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ
ՕՐՕ դաշինքի համակիր, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը զարմանալի մի հայտարարություն է արել՝ ՕՐՕ դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին:
- Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքն այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու, քանի որ չի դառնում կուսակցական, չի մտնում որևէ կուսակցություն և ինքն էլ կուսակցություն չի ստեղծում։ Սահմանադրությունը պարտադրում է քաղաքական գործիչներին լինել կուսակցական։ Չի կարելի ասել, որ նա քաղաքական ամբիցիաներ ունի։ Քաղաքական ամբիցիաներից հրաժարվել է՝ հայտարարելով, որ ինքը կուսակցական չի և չի ուզում դառնալ,- հայտարարել է Արշակյանը:
Եթե վերջինս լիներ շարքային քաղաքացի, քաղաքական գործընթացներից անտեղյակ ոմն մեկը, այս հայտարարությունը կհամարեինք անարժեք ասեկոսե: Բայց այդ մասին ասում է ՕՐՕ դաշինքին և ընդհանրապես քաղաքականությանը մոտ կանգնած նախկին պատգամավորը:
Ազատ Արշակյանի խոսքերը մեղմ ասած, տարօրինակ են՝ ընդամենը օրեր առաջ «Ժառանգության» համագումարին Սեյրան Օհանյանի մասնակցության փաստը նկատի ունենալով:
Նա համագումարում ելույթ է ունեցել ԱԺ-ի ընտրությունների, երկրի տնտեսական վիճակի, անելիքների մասին: Սեյրան Օհանյանը ընտրություններն անվանել է մեծահարուստների ու նաև մեր իրականության մեջ բացասական հատկանիշներ ունեցող մարդկանց կողմից պարտադրումի և ժողովրդի նսեմացման երևույթ: Խոսելով անելիքներից՝ ՕՐՕ դաշինքի անդամը վճռականորեն հայտարարել է, թե պետք է խորհրդարանի պատերից դուրս ազդել իշխանության վրա, ստիպել նրան հաշվետու լինել:
Թե 2018-ին ով կլինի վարչապետ, պարզվում է՝ Սեյրան Օհանյանին չի հետաքրքրում. կարևորը երկրի զարգացումն է:
- Տվեք զենքը հայ մարդուն, որ երկիրը տանի դեպի առաջընթաց,- ասել է կառավարության նախկին անդամը:
Որպես իշխանության վրա ազդելու միջոց՝ ՕՐՕ դաշինքի անդամը քաղաքական ու հասարակական ուժերին կոչ է արել համախմբել, որովհետև, իր իսկ խոսքով՝ գործընթացը շարունակվում է:
ՕՐՕ դաշինքի անդամին վրդովեցել է բարեփոխումների մասին իշխանության հայտարարությունները: Նախկին պաշտոնյան հակադարձում է՝ 9-10 տարի ի՞նչ է արել իշխանությունը, որ հիմա նոր բարեփոխումների մասին է խոսում:
Առողջ քննադատությունը գնահատելով հանդերձ՝ ակամա ցանկություն է առաջանում Պաշտպանության նախկին նախարարին հիշեցնել, որ մինչև ապրիլյան պատերազմը նա այս իշխանության մի մասն էր՝ քաջածանոթ ներքին խնդիրներին, մի քանի ընտրությունների ականատես. ինչո՞ւ այն ժամանակ հրապարակավ չէր բարձրաձայնում այդ ամենի մասին:
Սա՝ իմիջիայլոց: Օրվա չբացահայտված առեղծվածը Ազատ Արշակյանի բարձրաձայնումն է՝ ինչո՞ւ է նա՛ հրապարակում Ս. Օհանյանի հայտարարությունը, այլ ոչ թե դրա հեղինակը: