Քայլ ձիո՞վ, թե՞ պառակտման ակունքը փակելիս
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ

Նախորդ շաբաթվա սկզբին ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ, ԼՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բորբոքեց դժգոհ ու արմատական տրամադրվածների զայրույթը: Էդմոն Մարուքյանն ասել էր, որ ՊՊԾ գունդը գրավող «Սասնա ծռերի» գործողություններում հանցակազմ կա, և հրաժարվել էր նրանց քաղբանտարկյալ անվանել: Հայտարարությանը շատերն արձագանքեցին. նաև՝ «Ելք»-ի մեկ այլ անդամ՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը, ով ևս համակարծիք էր՝ թեև 2016-ին, ՊՊԾ գնդի գրավումից հետո, այլ բան էր ասում:
Հանրային դժգոհությունները «Ելք» դաշինքի անդամները չշրջանցեցին: Գուցե հասկանալով, որ «իշխանական պրոյեկտ» լինելու ասեկոսեները կարող են որպես ճշմարտություն ընդունվել, և իրենք վարկանիշի կորուստ ունենան՝ շախմատային քայլ արեցին:
- ԵԼՔ խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է՝ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից:
ԵԼՔ-ի պատգամավորները պատրաստ են նաև հանդես գալ որպես Անդրիաս Ղուկասյանի երաշխավոր: Առավոտյան գրությունը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալված է «Սասնա ծռերի» ապստամբության գործի շրջանակներում: Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով եւ 34-235 3-րդ մասով: Մասնավորապես՝ փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել:
Համաձայնեք՝ հարցեր առաջացնող գրառում է: Մի կողմից՝ Փաշինյանի կուսակիցը «Սասնա ծռերի» անդամներին քաղբանտրակյալ չի համարում, մյուս կողմից՝ նման նախաձեռնություն են հանդես բերում: Առավելևս, որ Անդրիաս Ղուկասյանն ընտրություններին առաջադրվել էր ՕՐՕ դաշինքի ցուցակով:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի նման հայտարարություն անել. մանավանդ, որ որևէ խոչընդոտ չկա դրա համար: Նույնիսկ ողջունելի է, որ պատրաստ են քաղաքացու ազատ արձակման համար երաշխավոր լինել: Բայց ինչո՞ւ՝ այս ողջ աղմուկից հետո: Կարող ենք չէ՞ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, փորձում է սրբագրել թիմակիցների հայտարարությունները և քավել նրանց մեղքերը: Բայց հետաքրքիր է իմանալ, երբ Փաշինյանը խոսում է ամբողջ խմբակցության անունից, արդյո՞ք ստորագրողների մեջ են նաև «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները:
Չի բացառվում, որ դաշինքում քննարկել են այս հարցը, եկել են ընդհանուր հայտարարի, քննարկել գործի վերաբերյալ նոր փաստեր: Բայց անգամ այս դեպքում չես կարող չհարցնել՝ հանցակազմի առկայության վերաբերյալ Մարուքյանի հայտարարությունը միայն ՊՊԾ գնդի վրա հարձակված խմբի՞, թե կարծեցյալ կազմակերպիչների մասին է:
Ցանկալի է, որ հանրությունը այս հարցերի պատասխանն էլ լսի Ելք»-ականներից: Այլապես՝ միմյանց հակասող այս հայտարարությունները դաշինքում սկիզբ առնող տարաձայնությունների ֆոն են ապահովում: