Շիշը կտամ գլխիդ. դեժավյու` ԱԺ-ում
«ԵԼՔ» & ՀՀԿ

Կառավարության ծրագիրն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունվեց խորհրդարանի կողմից: Մինչ այդ ելույթներով հանդես եկան խմբակցության ղեկավարները: Անդրադառնալով ընդդիմությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նրանց ելույթներն օբյեկտիվ չի համարում.
- Չգիտեմ` մի գիշերվա մեջ ինչ է եղել: Երեկ բավական մեղմ էիք, գիշերն ինչ-որ վատ է անդրադարձել:
Ըստ Բաղդասարյանի` անվտանգության հարցի մասին շատ է խոսում ընդդիմությունը, և հատկապես «Ելք» դաշինքը` ասելով, թե նոր ծրագրում մանրամասն գրված չէ` ինչ է արվելու:
- Անվտանգության կիզակետը ԼՂ-ի կարգավորման խնդիրն է` դուք ի՞նչ եք կարծում` պետք է կետ առ կետ ասվի՞ այդ մասին: Անվտանգության հարցում ոչ թե պետք է անընդհատ խոսվի, այլ գործ արվի: Չպետք է գրգռել զինվոր կորցրած ընտանիքների զգացմունքները, պետք է խոսել հաղթանակած բանակի մասին,-նկատեց Բաղդասարյանը:
«Ելք»-ին հուզող մյուս հարցն այն էր, թե 2018-ին ով է լինելու կառավարության ղեկավարը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը «Ելք» դաշինքին հարցրեց` ընտրություններից հետո նրանք գիտեի՞ն արդյոք, թե ո՞վ է լինելու իրենց խմբակցության ղեկավարը, որ անընդհատ ուզում են ճշտել, թե ով է 2018-ին լինելու վարչապետ:
- Կաջակցեք մեզ մինչև 2018 թվականը, գուցե ձեզանից մեկի թեկնածությունն էլ առաջադրվի վարչապետի պաշտոնում: Այստեղ բավականին իրոնիայով են խոսում շատերը, և ես ակամայից հիշեցի լուսահոգի Վահան Հովհաննիսյանի` «պադեզդների» ակնարկի մասին: Ովքեր հեգնանքով են խոսում, թող այդ պատմությունը հիշեն` այն շատ վտանգավոր պատմություն էր,- ասաց ՀՀԿ-ականը:
Վահան Հովհաննիսյանի խոսքերի հիշատակումը զայրացրեց «Ելք» դաշինքի պատգամավորներին: Նախ Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքեց.
- Իմ մասին էդ տոնով չխոսաս, «պադեզդի» մակարդակ ես ուզում` եկեք գնանք, խոսենք:
- Նիկոլ, քո մասին չի, ինչի՞ ես քո վրա վերցնում,- արձագանքեց Բաղդասարյանը։
Փաշինյանը չէր հանդարտվում. շարունակում էր խոսափողն անջատած խոսել:
- Լավ, քո մասին ա, կարգի հրավիրեք էս երիտասարդին,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
- Երիտասարդը դու ես, շշով կտամ գլխիդ,- պոռթկաց Փաշինյանը:
Փաշինյանի այս պատասխանը հիշեցրեց նախորդ գումարման խորհրդարանում հանրության կողմից քննադատված ՀՎԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, ով «շիշտ կտամ գլխիդ» սպառնալիքն ուղղել էր Փաշինյանին` լեզվակռվի ժամանակ:
«Ելք»-ի մյուս անդամ Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ին հորդորեց չհամեմատվել իրենց հետ և նշեց, թե գիշեր-ցերեկ երազում են` «Ելք»-ը պառակտված տեսնել:
- Մեր դարդով ու ցավով մի տապակվեք,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց և հակադարձեց.
- Մի փոքր համբերեք` մինչև 18 թվական:
Վարման կարգով ձայն խնդրեց նաև «Ելք»-ից Գևորգ Գորգիսյանը .
- Պարոն Բաղդասարյան, ի տարբերություն ձեզ, մեր նորընտիր պատգամավորները մասնակցել են քարոզարշավին, ունեն հեղինակություն և իրենց վստահված ձայներով են ընտրվել: Մենք քայլել ենք «պադեզդներով» և չենք վախենում,- ասաց նա ու մատնացույց արեց ՀՀԿ ուսխորհուրդներին, որոնք, ըստ նրա, «սրան-նրան քսմսվելով են առաջ գնում»:
«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, թե հետևելով վարչապետի հորդորին, նրան է փոխանցելու ընտրակեղծարարությունը հաստատող փաստաթղթեր, որոնք ձեռք են բերել աղբարկղից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց հանդարտեցնել կրքերը.
- Հանգիստ, բոլորս էլ ունենք ժողովրդի վստահությունը և ընտրվել ենք, որ ծառայենք ժողովրդին, եկեք, ծառայենք: