Եվրոպա՞ն՝ Արցախին, թե՞ Արցախը՝ Եվրոպային
Արցախն այսքան տարի ապրե'լ է նաև առանց Եվրոպայի կամ մնացած աշխարհի աջակցության: Երոպացիները թող փայփայեն ու քաղաքական անօրինակ արտոնություններ տան, ասենք, Կոսովոյին` ուրիշի հողում իրենց աջակցությամբ անկախություն ստացած երկրամասին: Իսկ իր հնամյա բնօրրանում ապրող ու արարող հային նրանք միշտ կարողացել են միայն խանգարել: Իր ժամանակին Իսրայել Օրին օգնության կոչերով Եվրոպան շրջեց, ինչի՞ հասավ: Մեզ համար միշտ հաղթանակի մեկ ճանապարհ է եղել՝ հույսը դնել սեփական ուժերի վրա: Երևի թե Արցախում լինելն ավելի շուտ Եվրոպային է հարկավոր. սովորելու այնքա˜ն բան կունենա:
Հանրային պահանջագրերի Change.org հարթակում ուշագրավ նախաձեռնություն է ի հայտ եկել: Սկսվել է մի ստորագրահավաք, որը Եվրոպային կոչ է անում ներգրավվել Արցախում: Պահանջագրի անգլերեն վերնագիրն է. «We Want Europe in Nagorno-Karabakh», որը կարելի է թարգմանել՝ մենք ցանկանում ենք, որ Եվրոպան Լեռնային Ղարաբաղում ներկա լինի: (Հայկական լրատվամիջոցներում սա բառացի է թարգմանվել և հետևյալ տեսքն է ստացել՝ մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում):
Պահանջագրում նշվել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը Արցախի նկատմամբ մեկուսացման քաղաքականություն է վարում.
- Նավթով հարուստ Ադրբեջանը նշանակալի ջանքեր և գումարներ է ներդնում, որպեսզի արգելի օտարերկրյա առաջնորդների, պաշտոնյաների, լրագրողների և կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքն այս տարածք: Ադբեջանի պնդմամբ Եվրոպական միությունը ևս Լեռնային Ղարաբաղ մուտք չունի: Անցած 20 տարում ԵՄ որևէ պաշտոնյա այնտեղ չի այցելել, իսկ բնակչությանը ԵՄ-ի կողմից որևէ օժանդակություն չի ցուցաբերվել:
Պահանջագրի կարևոր շեշտադրումներից մեկը հիշեցումն է, որ Արցախի մեկուսացումը բացառիկ է, քանի որ Եվրամիությունը օժանդակություն է ցուցաբերում աշխարհի 150 երկրի՝ ներառյալ չճանաչված պետություններ Աբխազիան, Մերձդնեստրը և Հյուսիսային Կիպրոսը: Այս վերջինների պարագայում իրենց քաղաքականության անունը դնում են «ներգրավում առանց ճանաչման»:
Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի նախաձեռնած այս պահանջագրի ներքո արդեն իրենց ստորագրություններն են թողել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Բարթ Ստաեսը, Ջիլ Էվանսը, Պիտեր Նեյդելմյուլերը, բազմաթիվ գիտնականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, դիվանագետներ և այլք (հաղորդել է «Արցախպրես» կայքը): Նշվում է, որ առայժմ ստորագրողների թիվը գերազանցում է ընդամենը 550-ը:
Իհարկե, ցանկալի է, որ նման նախաձեռնությունը աջակցության արժանանա և շատերն արձգանքեն: Բայց մինչ ստորագրահավաքը կրիայի դանդաղկոտությամբ առաջ է գնում, թուրքադրբեջանական գործիչներն արդեն հաստատ գործի անցած կլինեն` ելներով «կաթիլը քար է ծակում» իմաստուն միտքը կապկելու իրենց վաղեմի գործելակերպից: Ադրբեջանի անվան շուրջ ծավալվող աղմկահարույց միջադեպերը գուցե որոշ եվրոպացիների նաև մտածել տան, թե որքան ժամանակ է կորսվել այդ արհեստական երկրի բարձրացրած վայնասունի ու տարբեր կարգի եվրոպական գործիչների` ինքնուրույն կարծիք կազմելու կարողությունից զուրկ լինելու պատճառով (որպես մղիչ ուենալով, ասենք, նավթային ու խավիարային շահերը):