Սեյրան Օհանյանը չի հեռանա քաղարենայից
ՄԻԱՅՆ ՀԱՄԱԿԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԲԱՎԱՐԱ՞Ր Է

Ոչ թե նախընտրական ժամանակավոր մենիմաստ քայլ, այլ քաղաքականությամբ զբաղվելու հաստատուն ցանկություն. այսպես կարելի է հասկանալ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի այսօրվա հայտարարությունը: Նախկին նախարարը հավաստել է, որ շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ.
- Պետք է լայն համախմբում: Պետք է լսել բոլոր կուսակցություններին, նրանց տեսակետները, քննարկումներ պետք է լինեն, որից հետո որոշում ընդունվի:
ՕՐՕ դաշինքի անդամը հստակ հայտարարում է, որ չի ընդունում իր պարտությունն ընտրություններում և շարունակելու է պայքարել՝ գաղափարների իրականացման համար: Այն, որ այլ կուսակցությունների հետ հանդիպումներ է սկսում, նոր միասնական քաղաքական ուժի ստեղծման վկայությունն է: Բացի այդ, Սեյրան Օհանյանը սրանով նաև հերքում է նախընտրական օրերին շրջանառվող այն լուրերը, թե իշխանությանը նախկին նախարարին հորդորել է մոռանալ ընդդիմադիր կեցվածքը՝ ՕՐՕ դաշինքի համակիր, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (այժմ կալանավորված) Սամվել Բաբայանի ճակատագրին չարժանանալու համար:
Մյուս կողմից Օհանյանն ակնարկում է՝ եթե քննարկումները հաջողությամբ պսակվեն, ապա իր ստեղծելիք քաղուժը չի լինի արմատական ընդդիմություն: Դա է վկայում գործող իշխանական համակարգի դեմ թշնամանք չունենալու արտահայտությունը:
Չնայած նախընտրական շրջանում ՕՐՕ դաշինքը քննադատում էր իշխանությանը, հայտարարում նոր որակի իշխանություն ստեղծելու մասին: Իսկ հակառակորդներն էլ, ի պատասխան՝ հիշեցնում էին, որ Սեյրան Օհանյանը ևս պատասխանատու է այս համակարգի, ապրիլյան պատերազմի բացթողումների համար: Սակայն քարոզարշավում մրցակցին քննադատելը դեռ արմատականություն չէ:
Իրական ու իրատեսակա՞ն է Օհանյանի՝ նոր ուժ ստեղծելու ցանկությունը: Կարծում ենք՝ այո, հաշվի առնելով պաշտպանական համակարգում նրա կողմնակիցներ ու համակիրներ ունենալը: Բայց արդյո՞ք դա բավարար է՝ նոր ուժ ձևավորելու և խորհրդարանական կառավարման համակարգում ազդեցիկ դեր ու գործոն ունենալու համար, քանի որ իրենց շուրջ գաղափարակիցներին համախմբելու, միավորվելու առաջարկներ գրեթե բոլորն են հնչեցնում:
Այս բոլոր հարցերի պատասխանը, ինչպես միշտ՝ նորին մեծություն ժամանակը կտա: Իսկ Սեյրան Օհանյանի հաջողելու հավանականությունը փոքր չէ, որովհետև այսուհետ, արդեն որպես քաղաքական գործիչ, նա ազատ է՝ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնց չէր կարող անդրադառնալ որպես պետական պաշտոնյա: