Քաթարը` մարտահրավեր Հայաստանի համար
ԹՈՒԼԱՑՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Հայաստանը հանեց Քաթարի հետ վիզային ռեժիմը, իսկ չորս պետություններ` Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Եգիպտոսն ու Բահրեյնը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ:
Քաթարին մեղադրում են Բահրեյնի ներքին գործերին միջամտելու և ահաբեկչությանը սատարելու համար: Եգիպտոսը հայտարարել է, որ Քաթարում հանգրվանում են «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական խմբավորման առաջնորդները: Ու քանի որ ձախողվեցին «Մահմեդական եղբայրներ»-ի գլխավորությամբ ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնել համոզելու փորձերը, Կահիրեն խզոււմ է իր հարաբերությունները:
Սաուդյան Արաբիայի արձագանքը ևս ուշագրավ է: Ահաբեկիչներին հովանավորող մի պետություն մեկ այլ պետությանը մեղադրում է նույն «ախտով» տառապելու համար:
Այս ամենը մեծ հարված է նաև ՄիացյալՆահանգներին, քանի որ չեղարկվում են Թրամփի առաջին օտարերկրյա այցի արդյունքները, որոք վերաբերում էին սուննիական աշխարհի համախմբմանը՝ ընդդեմ Իրանի: Բացի Քաթարից` Վաշինգտոնը ռազմական համագործակցության պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հետ:
Մյուս կողմից` Քաթարի հետ այս հարաբերությունների խզումը կարող է տատանումներ առաջացնել նավթի շուկայում:
Իրանն ու Ռուսաստանը դեռ չեն արձագանքել դիվանագիտական այս սկանդալին: Հայկական կողմը ևս լռում է: ԱԳՆ մամլո խոսնակը միայն ասել է, որ չի կարծում, թե դիվանագիտական այս սկանդալը կազդի Հայաստան-Քաթար հարաբերությունների վրա:
Բայց համագործակցելով ահաբեկչությանը սատարելու համար մեղադրվող պետությա հետ, կարծիք կա, որ Հայաստանը կարող է նույնացվել Քաթարի հետ կամ հայտնվել ոչ ցանկալի երկրների շարքում:
Զարգացումները ցույց կտան, թե ինչպես կհանգուցալուծվի այս շիլափլավը, պարզ կդառնա, թե ինչ չեն կիսել Քաթարին մեղադրող պետությունները նրա հետ: Բայց վերլուծաբանները հույս ունեն, որ Քաթարը խաղից դուրս թողնելով` որոշակիորեն լարվածության նվազում կլինի Մերձավոր Արևելքում: