Արցա՞խ, թե՞ Պաղեստին

Ո՞ւՄ Է ՆԱԽԱՊԱՏՎՈւԹՅՈւՆ ՏԱԼԻՍ ՖՐԱՆՍԻԱՆ

2025թ. հուլիսի 24-ին X սոցիալական ցանցի իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, գրել է. «Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իմ պատմական հանձնառությանը հավատարիմ՝ ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի պետությունը։ Ես այս հանդիսավոր հայտարարությունը կանեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ հաջորդ տարվա սեպտեմբերին։ Այսօր հրատապ անհրաժեշտությունը Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության փրկությունն է»:
 
Մեջբերվածի առնչությամբ հարկ է նշել հետևյալը.
 
2020թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևի առաջարկ, որով կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք:
 
2020թ. դեկտմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև:
 
2022թ. նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող երկրորդ բանաձևը:
 
2022թ. նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին երկրորդ բանաձևը:
 
Չնայած Ֆրանսիայի կառավարությանն ուղղված Արցախի անկախությունը ճանաչելու մասին Ֆրանսիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների թվով չորս բանաձև-առաջարկություններին, Ֆրանսիայի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել Արցախի անկախությունը: 
 
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Ֆրանսիայի կառավարության նման վարքագիծը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի բերի. ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ Մինսկի խմբի (ԵԱՀԿ – Ս. Հ.-Ջ.) մյուս համանախագահներին, ո՛չ էլ Եվրոպային։»:
 
Երբ 2020 թվականին օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորում Ադրբեջանն արցախահայության գլխին լցնում էր մասսայական ոչնչացման զենք՝ ֆոսֆոր, արդյո՞ք Արցախի քաղաքացիական բնակչության փրկությունն այդ ժամանակ հրատապ անհրաժեշտություն չէր, ինչպես Պաղեստինի քաղաքացիական բնակչության վերաբերմամբ գրել է Ֆրանսիայի նախագահը:
 
Երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը Ադրբեջանը, արգելափակելով Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին, ցեղասպանության էր ենթարկում արցախահայությանը, արդյո՞ք Արցախի քաղաքացիական բնակչության փրկությունն այդ ժամանակ հրատապ անհրաժեշտություն չէր, ինչպես Պաղեստինի քաղաքացիական բնակչության վերաբերմամբ գրել է Ֆրանսիայի նախագահը: 
 
Երբ 2023 թվականին Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ կոտորում էին արցախահայությանը արդյո՞ք Արցախի քաղաքացիական բնակչության փրկությունն այդ ժամանակ հրատապ անհրաժեշտություն չէր, ինչպես Պաղեստինի քաղաքացիական բնակչության վերաբերմամբ գրել է Ֆրանսիայի նախագահը: 
 
Հարկ է նշել, որ եթե Ֆրանսիայի կառավարությունը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա որոշակիորեն կարող էր փոխել իրադարձությունների զարգացման ընթացքը հօգուտ Արցախի և նրա ժողովրդի: Քանզի եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող, Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ երկիր Ֆրանսիան ճանաչեր (ճանաչի) Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դրանով կստեղծվեր (կստեղծվի) նախադեպ, և մեծ է հավանականությունը, որ Ֆրանսիայի օրինակին կհետևեին (կհետևեն) ՄԱԿ-ի անդամ այլ պետություններ ևս:
 
Երկրորդ, ինչո՞վ է Պաղեստինը, որպես պետություն, առավել Արցախի Հանրապետությունից, որ Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստինի անկախությունը, իսկ Արցախի անկախությունն, ի հեճուկս Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների թվով չորս բանաձևերի, այդպես էլ մինչ օրս չի ճանաչել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերոնշյալ հայտարարությունը վկայում է, որ Ֆրանսիան առաջնորդվում է երկակի ստանդարտներով:
 
Հետևաբար, մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և դրանք լուծենք մենք և միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով: Ոչ ոքից չպետք է սպասել օգնություն: Ստեղծված ճգնաժամից պետք է դուրս գանք ինքնուրույն:  
 
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
Քաղաքագետ