Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանի կազմում գտնվելուն

2025թ. մարտի 26-ին հանդես էի եկել ֆեյսբուքյան մի հրապարակմամբ https://surl.li/dqbsvz որտեղ, մասնավորաբար, հայտնել էի հետևյալը. «33 տարի առաջ ճիշտ մարտ ամսին՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի կազմում մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու օգտին:
 
1992թ. մարտի 5-ին նա այդ մասին հայտարարել է «Комсомольская правда» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ:»:
 
Իմ հրապարակումը հիմնավորելու համար կից ներկայացրել էի «Комсомольская правда» թերթի այն հատվածի լուսապատճենը, որտեղ մեջբերված էր նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի կազմ մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու մասին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որը նա հնչեցրել էր 1992թ. մարտի 5-ին հիշյալ թերթին տված հարցազրույցի ժամանակ:
 
Ֆեյսբուքյան եզակի օգտատերեր անձնական նամակով իրենց կասկածներն էին հայտնել իմ հրապարակման վերաբերյալ այն առումով, թե արդյո՞ք ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նման միտք է արտահայտել:
 
Պատասխանելով կասկած պարունակող հիշյալ հարցադրումներին՝ հարկ եմ համարում նշել հետևյալը․
 
1-ին՝ 1992 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցրել է նման միտք, Հայաստանում չի եղել համացանց, որպեսզի այդ միտքը շատ արագ դառնա հանրության համար հասանելի:
 
2-րդ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տարիներին ռուսաստանյան կարևոր թերթերի թղթային տարբերակները ԽՍՀՄ գոյության տարիների ավանդույթի ուժով առաքվում էին նախկին միութենական հանրապետություններ, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետություն:
 
Սակայն, տարիներ առաջ հայաստանյան գրադարաններում և արխիվներում «Комсомольская правда» թերթի 1992թ. մարտի 5-ի համարը գտնելու նպատակով իմ կողմից իրականացված որոնողական աշխատանքներն անցան ապարդյուն: Ավելին, հայաստանյան եզակի արխիվներում և գրադարաններում պահպանվող «Комсомольская правда» թերթի 1992 թվականի մարտ ամսվա արխիվային համարների տրցակից բացակայում էր հենց մարտի 5-ի համարը:
 
Պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորության արդյունք՝ թողնում եմ ընթերցողների եզրակացությանը:  
 
3-րդ՝ փարատելու համար ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ խոսքերին չհավատացող եզակի օգտատերերի կասկածները՝ հրապարակում եմ նաև «Комсомольская правда» թերթի 1992թ. մարտի 5-ի համարի այն էջի վավերացված լուսապատճենը, որտեղ տպագրված է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Հարկ եմ համարում նշել, որ տվյալ էջի լուսապատճենը ստորագրված և կնքված է «Комсомольская правда» թերթի խմբագրության կողմից: Խնդրահարույց հատվածը նշագծված է կարմիրով:
 
Կարծում եմ սույն հրապարակմամբ կփարատվեն եզակի օգտատերերի կասկածներն առ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել, որպեսզի նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով գտնվի Ադրբեջանի կազմում: Ավելին, իր դիրքորոշումը Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է նաև 1997 թվականին, սակայն այդ մասին՝ մեկ այլ առիթով և կրկին հիմնավոր ու համոզիչ փաստերով:
 
Ստեփան  ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
Քաղաքագետ