25 տարի առաջ այս օրը
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Հակոբ Բադալյան
Այսօր մարտի 3-ն է, առաջին հայացքից սովորական մի օր, առանց քաղաքական որևէ նշանակալիության:
Բայց, կուզեմ մի փոքր թարմացնել հիշողությունը, ինչը հատկապես հետաքրքիր կարող է լինել երիտասարդ ընթերցողների համար:
25 տարի առաջ այս օրը՝ 2000 թվականի մարտի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի նորագույն պատմության ներքաղաքական կյանքի թերևս «քրիստոմատիական» իրադարձություններից մեկը, որն իր բնույթով օրինակ է, թե ինչպիսի տրանսֆորմացիաների կարող է ենթարկվել քաղաքականությունը շատ կարճ ժամանակահատվածում:
2000 թվականի մարտի 3-ին, այն ժամանակ դեռևս գործող Միասնություն դաշինքը՝ որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն էին ձևավորել 1999 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ, վերջնագիր էր ներկայացնում նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Մասնավորապես, հոկտեմբերի 27-ից հետո Միասնություն դաշինքի առաջնորդող դեմքեր դարձած՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, վարչապետ Արամ Զ. Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ դարձած Ստեփանն Դեմիրճյանը, և նրանց կողքին նաև այն ժամանակ զինդատախխազ, հոկտեմբերի 27-ի գործը քննող Գագիկ Ջահանգիրյանը պահանջում էին Ռոբերտ Քոչարյանից պաշտոնանկ անել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին:
Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ից հետո, երբ վարչապետ նշանակվեց Արամ Զ. Սարգսյանը, Սերժ Սարգսյանը չընդգրկվեց նրա կառավարությունում: Մինչ այդ նա ԱԱԾ և ՆԳՆ նախարար էր: Հոկեմբերի 27-ից հետո դուրս մնալով կառավարությունից, Սերժ Սարգսյանը նշանակվեց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար:
Եվ ահա, մարտի 3-ին՝ Միասնությունը դաշինքի առաջնորդների վերը նշածս կազմը պահանջում էր Ռոբերտ Քոչարյանից պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին:
Ընդամենը երկու ամիս անց՝ պաշտոնանկ եղավ վարչապետ Արամ Սարգսյանը, իսկ մարտի 3-ին նրա հետ՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկության պահանջ ներկայացնող Անդրանիկ Մարգարյանը, մայիսի 12-ին նշանակվեց ՀՀ վարչապետ: Սերժ Սարգսյանը նրա կառավարությունում զբաղեցրեց պաշտպանության նախարարի պաշտոնը: 2006 թվականին էլ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ Խորհրդի նախագահ: Այդ պաշտոնը վերաբացվեց հատուկ հենց այդ նշանակման համար: 2007 թվականին Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո, Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ նախագահ: