Թրամփի թիմը փորձում է հասկանալ, թե Մակունցի արածը քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն. «Հրապարակ»
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ «Գեոպոլիտիկա»
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը քննարկում էր կազմակերպել՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության USAID-ի «տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարության ամրապնդման գործում»:
Միջոցառումը, որն ավելի շատ նման էր ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի մեծարման երեկոյի, վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը:
Մակունցը հատուկ երախտագիտություն է հայտնել Փաուերին, լավատեսություն հայտնել «շարունակական համագործակցության համար և ԱՄՆ ձևավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու հույս հայտնել»: Վաշինգտոնի հայ համայնքից ստացված տեղեկատվության համաձայն, Թրամփի վարչակազմը լիազորությունները ստանձնելուց հետո, անդրադարձել է դեկտեմբերին Մակունցի կազմակերպած միջոցառմանը:
Բանն այն է, որ Սամանթա Փաուերին Թրամփի թիմում համարում են թիվ մեկ թշնամի, նույնիսկ պատրաստվում են պատասխանատվության ենթարկել՝ պետական միջոցները քաղաքական նպատակներով վատնելու և Թրամփին վարկաբեկելու համար: Ընդ որում, այդ միջոցառումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփն արդեն հաղթանակել էր և բացեիբաց խոսել USAID-ի դեմ:
Թրամփի թիմում չեն հասկանում, թե ինչ է մտածել Լիլիթ Մակունցը Փաուերին դեսպանատուն հրավիրելով և մեծարելով, մանավանդ որ միջոցառումը վարել է Թրամփի մեկ այլ թշնամի Ուկրաինայում և Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Թրամփի թիմը փորձում է հասկանալ արդյոք սա քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն։