Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու․ Ռ․ ԳԱԼՉՅԱՆ

Քանի որ սահմանազատումը դեռ 2024-ին սկսվել էր Տավուշի հատվածից, ապա, կարծում եմ, ճիշտ կլինի այնտեղից էլ շարունակել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։
 
Ինչպես արդեն հայտնել ենք՝ հունվարի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
 
Քարտեզագրի փոխանցմամբ՝ Տավուշում սահմանազատման մի մասն արդեն իրականացվել է, սակայն մի հատված կար՝ Ոսկեպարում, որտեղ ճանապարհը մտնում է Ադրբեջանի տարածք, ապա դուրս է գալիս Հայաստանի տարածքը թողնել էր ապագային՝ այդ ապագան հիմա է։
 
- Հիմա կամ պետք է այնպես արվի, որ այդ հողատարածքը, որտեղով անցնում է Հայաստանի տարածքը, հանձնվի Հայաստանին, մենք էլ դրան հավասար ինչ-որ հողակտոր հանձնենք Ադրբեջանին։ Նախորդ անգամ Բերքաբերի ջրամբարից վերև ընկած տարածքը մնացել էր ադրբեջանական վերահսկողության նորքո, որպեսզի երբ լուծվի ճանապարհի հատվածը, ապա այդ հարցն էլ պետք է լուծվեր դրան զուգահեռ։
 
Հիմա գլխավոր հատվածն այն է, թե ինչպես է լուծվելու այս հարցը, կամ պետք է ճանապարհը փոխվի ու շրջանցի այդ հատվածը, ինչը շատ բարդ կլինի անել՝ հաշվ առնելով լեռնային տեղանքը, խնդիրը բարդանում է նրանով, որ նաև այստեղով են անցնում գազատարն ու այլ ենթակառուցվածքներ։ Բայց եթե Ալիևը համաձայնեց փոխանակման, ապա դրանով ցույց կտա, որ մտադրություն ունեն այդ խնդիրը ինչ-որ կերպ լուծելու։ Եթե նա պնդեց, որ սահմանը պետք է Բերքաբերում մնա նույն տեղում, իսկ ճանապարհը իրավունք չունի անցնել այդտեղով, պարտադրեն կառուցել նոր ճանապարհ, ապա այդպիսով ցույց կտան, որ Ալիևը հարցերը լուծելու մտադրություն իրականում չունի, այլ ցանկություն ունի մեզ համար խնդիրներ առաջացնելու,- նշեց Գալչյանը։
 
Անդրադառնալով անկլավներին՝ Գալչյանն ընդգծեց, որ վերջին շրջանում այս մասին առհասարակ չի խոսվում, բայց, նրա գնահատմամբ, անկլավների հարցը լուծելու միակ ճանապարհն այն է, որ այդ 3 ադրբեջանական ակլավները միասին ունեն 45 քկմ տարածք, իսկ Արծվաշենը ունի 44 քկմ տարածք։
 
- Այսինքն, այս 3-ինը նույնն է, ինչ Արծվաշենինը, թերևս ամենադյուրին ճանապարհը այն կլինի որ այդ անկլավները մնան այն երկրի տարածքում, որտեղ գտնվում են, այսինքն, Ադրբեջանը ստանա Արծվաշենը, իսկ 3 անկլավները ստանա Հայաստանը,- ասաց քարտեզագիրը՝ ավելացնելով, որ սա, իր կարծիքով, ամենադյուրին ճանապարհն է։
 
- Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա Ադրբեջանն էլ հետագայում միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար,- նշեց նա։
 
Գալչյանն ընդգծեց, որ մենք այլևս սահմանի ողջ երկայնքով որևէ տեղ որևէ բան չունենք տալու Ադրբեջանին, մենք այլևս միայն ստանալու բան ունենք։
 
- Տավուշից եթե դուրս գանք, ամբողջ ճանապարհին՝ մինչև Սև լիճ ու Ներքին Հանդ 240 կմ Ադրբեջանը մեզնից գրավել է, մենք որևէ բան այլևս չունենք տալու, փոխարենը 240 քկմ ստանալու բան ունենք։ Եթե իրապես Ալիեւը ցանկանում է շարունակել սահմանազատումն ու սահմանագծումը՝ այդ տարածքները պետք է անմիջապես հանձնվեն Հայաստանին։
 
Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Տավուշում այլևս որևէ դիրքային փոփոխություն չի լինելու՝ Գալչյանը դրական պատասխան տվեց․
 
- Այո, ենթադրում եմ, միակ խնդրահարույց հատվածը ճանապարհինն է, խնդիրը լուծելու համար ես առաջարկում եմ հողային փոխանակում։ Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում մենք այլևս որևէ տեղ ոչինչ չունենք զիջելու, որովհետև վիճելի հողակտորները, բարձունքները արդեն կտրել ու պոկել է մեզանից։ Մենք ոչինչ չենք վերցրել։ Մենք այլևս այն սահմաններում ենք, որով անկախացել ենք 1991 թ-ի Ալմա-Աթային հռչակագրով։
 
Աղբյուր` Փաստինֆո