Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ կարող է վերահսկել այդ «միջանցքը», սակայն Մոսկվան սխալվում է․ Էհսան Մովահեդիան
Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող տնտեսական ամուր համագործակցության պոտենցիալը կարող է օգտագործվել նաև քաղաքական և անվտանգային հարաբերությունների խորացման համար՝ հանգեցնելով, օրինակ, երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժությունների անցկացմանը։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանն՝ անդրադառնալով Երևանի և Թեհրանի միջև տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության ներուժին:
- Ադրբեջանն, օրինակ, ամեն օր ինչ-որ զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ եթե Իրանն ու Հայաստանն ընդամենը մեկ համատեղ զորավարժություն անցկացնեն, ապա դրանից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանը կարող է ավելի բարձր դիրքում հայտնվել, քան Բաքուն, որովհետև վերջինս հասկանում է, որ Հայաստանն ու Իրանն իսկապես մտերիմ են, և միմյանց ռազմավարական դաշնակից են համարում,- ընդգծեց Մովահեդիանը՝ նկատելով, որ այդ համատեղ աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է ավելի ամրապնդել իր երկրի դիրքերը։
Անդրադարձ կատարելով տարածաշրջանային կապուղիների հնարավոր բացման համատեքստում Ադրբեջանի կողմից անընդհատ առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու վերաբերյալ պնդումներին և հայտարարություններին՝ Էհսան Մովահեդիանը վերստին կրկնեց այդ հարցի շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից արդեն բազմիցս արտահայտված հստակ և աներկբա դիրքորոշումը:
- Իրանի հոգևոր առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ հայ-իրանական սահմանը կարմիր գիծ է Թեհրանի համար, և երկու երկրների միջև հազարամյա սահմանը պետք է պահպանվի։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կեղծ է և կարմիր գիծ է մեզ համար,- նշեց իրանցի փորձագետը՝ շեշտելով, որ Իրանն աշխարհում միակ երկիրն է, որը երկու անգամ զորավարժություններ է անցկացրել Արաքս գետի հարևանությամբ՝ ապացուցելու համար, որ շատ լուրջ է տրամադրված Հայաստանի հետ սահմանի պահպանման հարցում։
Էհսան Մովահեդիանի բնորոշմամբ՝ 2020 թվականից հետո տարբեր փուլերում Բաքուն փորձել է Հայաստանից ինչ-որ տարածքներ վերցնել, սակայն Իրանը զգուշացրել է Ադրբեջանին դադարեցնել այդ գործողությունները: Ինչ վերաբերում է տարածաշրջանային ընդհանուր իրադրությանն, ապա իրանցի փորձագետը մատնանշեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը՝ տեսակետ արտահայտելով, որ այդ հարթակի միջոցով Իրանը փորձում է վերահսկել իրավիճակը տարածաշրջանում։
- Մենք փորձում ենք վերահսկել իրավիճակը «3+3» շրջանակի միջոցով:
Կարծում ենք՝ այս հարթակի միջոցով մենք կարող ենք օգնել ձեզ, որովհետև անձամբ ես կարծում եմ, որ եթե դուք ուզում եք ուղիղ բանակցել Բաքվի հետ, գուցե, նրանք փորձեն փոխել իրավիճակը հօգուտ իրենց, բայց երբ դուք ունեք ձեր կողքին Իրանին, ապա այդ դեպքում իրավիճակն այլ է:
Կարծում եմ, որ դա ավելի լավ կլինի ձեզ համար, քանի որ մենք կարող ենք կառավարել իրավիճակը: Կան այլ երկրներ, որոնք մտածում են մեզ նման, բայց Իրանն ու Հայաստանը պետք է աշխատեն՝ օգնելով միմյանց Բաքվին և Անկարային խանգարելու հարցում, որպեսզի վերջիններս չմտածեն այդ կեղծ միջանցքի ստեղծման մասին, - ասաց զրուցակիցը:
Նրա բնորոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ կարող է վերահսկել այդ «միջանցքը», սակայն Մոսկվան սխալվում է.
- Նրանք չեն կարող վերահսկել այս միջանցքը, և գիտե՞ք, ՆԱՏՕ-ն և Թուրքիան ևս պատրաստ են վերահսկել այն, սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք միասին ստեղծել մի հզոր թիմ, որպեսզի այս երկրները դադարեն մտածել նման տրամաբանությամբ:
Էհսան Մովահեդիանի կարծիքով՝ եթե կան երկրներ, որոնք ցանկանում են օգտվել Հայաստանի կողմից վերահսկվող ճանապարհից, ապա թող օգտվեն, բայց եթե նրանք ունեն այլ մտադրություններ, ապա անհրաժեշտ է կանգնեցնել նրանց: