Ալիևի վախերը
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից
Այս խառնակ ժամանակների հենքին Հայաստանում իշխանական շրջանակներից դուրս քննարկվող ամենակենսահույզ թեման հայաթափված Արցախն է՝ արդյո՞ք հարցն այլևս փակված է, և մենք մեկընդմիշտ կորցրինք մեր հայրենիքի մի մասը, թե՞ հիմնախնդրի ոչ հայանպաստ զարգացումների հունը ետ շրջելու որոշակի հույսեր, այնուամենայնիվ, դեռ պահպանվում են: Միանգամից արձանագրենք, որ վերջինիս օգտին վկայող ակամա ազդակներ մենք հաճախ ենք ստանում և, որքան էլ դա տարօրինակ հնչի, ստանում ենք Ադրբեջանից՝ անձամբ նախագահ Իլհամ Ալիևից:
Այս մարդը պարբերաբար ջղաձգությունների մեջ է ընկնում՝ մերթ պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը, մերթ տեղում կարգադրելով ավերել արցախյան քաղաքներն ու գյուղերը, պատմամշակութային կոթողները, մինչև անգամ հայկական գերազմանոցները, որպեսզի հայերը չվերադառնան: Երևում է՝ Արցախի իրական տերերի վերադարձի տեսլականը նրան խիստ մտատանջում է, խաթարում հանգիստը, մատնում ներքին վախերը: Կարճ ասած՝ «գող՝ սիրտը դող»: Սակայն վախենալու լուրջ պատճառ, կարծես թե, ինքը չունի, քանի որ իր երկիրն ապահովագրված է բոլոր առումներով՝ պայմանագրային, էներգահումքային, դաշնակցային և այլն:
Չմոռանանք, որ 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հայոց Շուշիում ստորագրեցին երկու երկրների գործակցության պայմանագիր, որը կոչվում է «Շուշիի հռչակագիր»: Այն ենթադրում է «փոխադարձ ռազմական օգնություն եւ սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում»: Իսկ ավելի վաղ՝ 2020-ի փետրվարի 22-ին՝ Ռուս-ուկրաինական պատերազմից բառացիորեն երկու օր առաջ, Ալիևը Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ստորագրել էր ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների հաստատման համաձայնագիր: Բաքուն համագործակցության փաստաթղթեր է ստորագրել նաև Իրանի, Մերձկասպյան տարածագոտու երկրների հետ:
Բացի դրանից՝ մոտակա ժամանակներում Հայաստանն Ադրբեջանի համար որևէ վտանգ չի կարող ներկայացնել ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական, ո՛չ ժողովրդագրական իմաստով, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման օրոք: Եվ ամեն ինչից զատ՝ այդ երկրի դերն առաջիկայում մեծանալու է՝ պայմանավորված Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազի ծավալների աճով: Բանն այն է, որ եկող հունվարից Ռուսաստանը դուրս է գալու «կապույտ վառելիքի» եվրոպական շուկայից: Ուրեմն՝ ինչո՞վ բացատրել Ադրբեջանի ղեկավարի անհասկանալի պահվածքը՝ ժամանակ առ ժամանակ նրա մոտ ի հայտ եկող հիստերիկ բռնկումները:
Հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ կատարվեց 2020-ի սեպտեմբերին՝ ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց 44-օրյան և ինչո՞ւ մենք պարտվեցինք: Ընդ որում՝ պարտվեցինք ոչ թե Ադրբեջանից, այլ Իսրայելից, որի մատակարարած զենքերը վճռորոշ եղան: Պարտվեցինք Բրիտանիայից, որը դիվանագիտական տանիքն էր ապահովում, ինչպես նաև հետախուզական տվյալներ էր տրամադրում Ադրբեջանին: Պարտվեցինք Թուրքիայից, որի դերն ու շարժառիթներն ինքնին պարզ են, պարտվեցինք Պակիստանից, այն ահաբեկիչներից, որ բերվել էին Սիրիայից եւ, վերջապես, պարտվեցինք ԱՄՆ-ից, որը ձեռքերը լվաց, մի կողմ քաշվեց. «Հայերը խելացի ժողովուրդ են, լավ ժողովուրդ են, մի բան կանեն»,- անելիքն այսքանով ավարտել էր Թրամփը:
Պատերազմը, ըստ էության, համաձայնեցված էր, և այդ գաղտնիքը ժամանակին բացել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ կանխավ նշելով պատերազմի գլխավոր ուղղությունը, օրը և ժամը: Ահաև հասանք այն հարցին, թե որն է Ալիևի դյուրագրգիռ ու անհավասարակշիռ հոգեվիճակի պատճառը: Նա լավ է հասկանում, որ պատերազմում ինքը չի հաղթել, որ հաղթանակն իրեն մատուցվել է, և նման երջանիկ պատեհություն, հնարավոր է, այլևս չլինի: Հասկանում է, որ շատ հեռուն է գնացել՝ էթնիկ զտումներ իրականացնելով հազարամյա Արցախում և յուրացնելով դրացի պետության տարածքները: Հասկանում է նաև, որ կատարած չարագործությունների համար պատասխան տալու ժամը չի ուշանա:
Հեյդարօղլին վախենում է, որ միջազգային հարաբերություններում կարող է իրավիճակ փոխվել, վախենում է ՀՀ-ում ակնկալվող իշխանափոխությունից, հայկական ռևանշիզմից, Արցախի վերադարձից, արդար հատուցումից, անգամ՝ սեփական ստվերից: