«Վարդանանքի» վերքերը» թարմ են
ԸՆՏՐՈՂԻՆ Ի՞ՆՉ ՕՐԻՆԱԿ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ

Պարզվում է՝ ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը թշնամիներ ունի: Թեև նրանց անունները հայտնի չեն, բայց փակ գաղտնի քվեարկությունը գաղտնազերծեց նրանց թիվը՝ 36:
«Ավանգարդը» տեղեկացրել էր, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է ԱԺ-ի հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահների թեկնածուների ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքները երևի թե անակնալ էին միայն Աշոտյանի համար՝ 56 կողմ, 36 դեմ:
101 պատգամավորի համամասնությամբ, համաձայնեք՝ մտահոգիչ թիվ է: Արմեն Աշոտյանից հետո համեմատաբար ամենաշատ «դեմ» ձայները բաժին են ընկել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանին՝ 73 կողմ, 17 դեմ և Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին՝ 16 դեմ, 78 կողմ: ԱԺ պատգամավորների մեծամասնության հավանության է արժանացել միայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ 92 կողմ, 1՝ դեմ:
Ինչո՞վ են ուշագրավ նմանատիպ քվեարկության արդյունքները: Դրանք կարծես թե ցույց է տալիս պատգամավորների ազդեցությունն ու ընկալումն իրենց գործընկերների կողմից: Եթե նախկինում ՀՀԿ-ն ընկալվում էր որպես միասնական, միաբան կուսակցություն, ապա վերջին քվեարկություններն այլ բան են ցույց տալիս: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից հետո կարծես թե անցանկալի 2-րդ անձը Արմեն Աշոտյանն է: Բայց եթե Արփինե Հովհաննիսյանի դեպքում շատ-շատերը կարծում էին, թե գուցե կանացի նախանձն է գործել, որի պատճառով նա ստացավ 22 դեմ, ապա Աշոտյանի դեպքում այլ հանգամանք է եղել:
Ինչքան էլ քաղաքական գործիչները լրագրողներին համոզում են, թե անցյալի տարաձայնությունները մոռացել են, միայն ներկայով ու ապագայով են տապակվում, քվեարկությունները հակառակն են ցույց տալիս: Արմեն Աշոտյանի դեպքում, ըստ երևույթին, անցյալի «վերքերը» դեռ թարմ են:
2015 -ին ԲՀԿ-ն «Ժառանգության» և ՀԱԿ-ի հետ իշխանափոխություն էին անելու, սակայն մի գիշերվա մեջ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից: ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի քննադատական ելույթից հետո մի շարք կուսակցականներ բավական կոշտ գնահատականներ հնչեցրին Ծառուկյանի մասին: Նրանցից մեկը հենց Արմեն Աշոտյանն էր, ով հայտարարել էր, թե «Վարդանանք» չկարդացողն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել: Հակադարձումն, իհարկե, չուշացավ. ընդ որում՝ անգամ անկուսակցական մշակութային գործիչների կողմից՝ ՀՀԿ-ում քանի՞սն են կարդացել «Պույ-պույ մկնիկը»:
Ու թեև հիմա «Ծառուկյան» դաշինք-ՀՀԿ հարաբերությունները քաղցր-մեղցր են, բայց ենթադրելի է, որ դաշինքը որոշեց «վրեժ լուծել» 2015-ի համար:
Նաիրա Զոհրաբյանի պարագայում կարծիքն այլ է: Ըստ տեղեկությունների, նա միանշանակ չի ընկալվում իր խմբակցության ներսում, և չի բացառվում, որ 17 «դեմ» ձայները հենց իր կուսակիցների չարակամության արտահայտությունն է:
Հրայր Թովմասյանի դեպքում էլ, թերևս 2014 թ.Ռուստամյան-Թովմասյան «ղալաթ-ճաք տված» հայտնի մենամարտի հուշերն են «վերակենդանացել»:
Մարդկային հույզերն ու հավակնությունները հաղթահարելը բավական բարդ է, եթե անձերն ունակ չեն վեր կանգնել վրեժխնդրություն կոչվող ճղճիմությունից: Մինչդեռ իրենց ազգընտիր համարող օրենսդիրները պետք է կամք ու գիտակցություն ունենան՝ գոնե երկրի համար պատասխանատու կառույցում առաջնահերթել տվյալ թեկնածուի մասնագիտական ու աշխատանքային որակները:
Ու եթե պատգամավորները դա չեն հաղթահարում, ապա ի՞նչ սպասել անհուսություն ապրող «շարքայիններից»: Նման հոգեբանությամբ պատգամավորներն ի՞նչ օրինակ պետք է ծառայեն ընտրողներին, ովքեր ևս երկրի ապագան որոշելիս՝ հաճախ ընտրություններում «իմ ախպերն ու իմ ախպոր լավ ախպերն է» սկզբունքով են առաջնորդվում: