Հաճելին և օգտակարը՝ համատեղ

ՀՀ վարչապետը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այսօր քննարկել են երկկողմ տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր:
Այս հանդիպման առիթն, ակներևաբար, ԱՄՆ կառավարության անունից և իր կողմիցԿարեն Կարապետյանին շնորհավորելն էր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Սակայն ուրախալի է, որ արդյունավետ աշխատանք մաղթելով՝ դեսպան Միլսը ևս հետաքրքրված է տնտեսական երկկողմ գործակցությամբ:
Կարեն Կարապետյանն էլ կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:
Իսկ այդ հեռանկարները բոլոր ոլորտներին կարող են առնչվել:
Զրուցակիցներն այսօր մասնավորապես մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի և համատեղ ծրագրերի շուրջ: Ինչպես տեղեկացրել են Կառավարության ՏՀՀԿ վարչությունից՝ քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային, դատաիրավական ոլորտների բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին: