Վա՛յ մեզ, այս ո՞ւր հասանք…
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից
Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքը՝ դա դիվանագիտական և բարոյական գրված ու չգրված նորմերով Արցախն է։ Համայն հայության Արցախը։ Հուսամ՝ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց ևս մեկ անգամ կրկնեմ՝ այդ տարածքը Արցախ է՝ իրավական, բարոյական և մյուս բոլոր առումներով։

Մի պահ փորձեք պատկերացնել նման միջադեպ ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Ֆրանսիայի դեսպանատների կամ հյուպատոսական ծառայությունների նկատմամբ։ Անպատկերացնելի է: Հատուկ այդ երկրների անունները հիշատակեցի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների։
Այս մի կարմիր գիծն էլ անցանք։ Արցախի երաշխավորից հասանք Արցախի վրա հարձակվողի աստիճանի։ Իրավացի էր մեր ազգային հերոսը, երբ ասաց, որ կորցնելով Արցախը, շրջելու ենք Հայոց պետականության վերջին էջը։
Ազգի երկու հատվածների միջև ատելություն, թշնամանք և երկպառակություն սերմանելու վերջը սա պիտի լիներ՝ ո՞ր մեկը ասես: Օրենքի պահապանին խոսեցնես, կասի՝ հրաման ենք կատարում: Հրաման կատարելը նույնպես պետք է պատվաբեր լինի, ապօրինի հրաման պետք չէ կատարել, հատկապես երբ երդում եք տալիս, տղերք…
Տեսնես՝ քանիսդ եք այդ դարպաս ջարդողներից Հայրենիքի արցախյան սահմանին անցել ձեր պարտադիր զինվորական ծառայությունը և, միգուցե, նույնիսկ հերոսություններ եք գործել։ Վա՛յ մեզ, այս ո՞ւր հասանք։ Ո՞նց կարողացաք հարձակվել Արցախի վրա։
Թևան ՊՈՂՈՍՅԱՆ