Սերժ Սարգսյանի հետքերո՞վ․ Ֆրանսիայի նախագահն էլ տեղի տվեց

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ինչպես 2018 թվականին շատերիս համար անակնկալ էր, երբ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն  ընդունեց, որ սխալ է, և հրաժարական տվեց, այնպես էլ կիրակի օրը քչերն էին սպասում, որ Ֆրանսիայի նախագահն անմիջապես կլուծարի պառլամենտը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակի, երբ պարզ դարձավ, որ իր «Վերծնունդ» կուսակցությունը  ուղիղ երկու անգամ ավելի քիչ ձայն է ստացել Եվրախորհրդարանի ընտրություններում, քան Մարին Լը Պենի «Ազգային միավորումը»։
 
ԲիԲիՍի-ի փարիզյան թղթակիցը փաստում է՝ Մակրոնը շատ հանգիստ կարող էր պահպանել գործող պառլամենտը, շարունակել նախկին ուղեգիծը, չէ՞ որ առաջիկա ամիսներին բոլորի ուշադրության կենտրոնում են լինելու ոչ թե քաղաքական հարցերը, այլ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը Գերմանիայում և Համաշխարհային օլիմպիական խաղերը Ֆրանսիայի մայրաքաղաքում, և դժվար թե մարդիկ սկսեին պայքարել խորհրդարանի արտահերթ ընտրությունների համար։ Բայց Մակրոնը փաստորեն ընդունեց՝ եթե հանրությունում տիրող տրամադրությունները կտրուկ փոխվել են, և ընտրողներն այլևս չեն աջակցում այն ուժերին, որոնց ընտրել էին երկու տարի առաջ, ուրեմն պետք է հնարավորինս արագ վերացնել այս անհամապատասխանությունը և երկիրը կառավարելու հնարավորություն տալ նրանց, ում հետևից գնում է ժողովուրդը։ Իհարկե, կարելի էր հայաստանյան իշխանավորների նման երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ ու պնդել՝ մի քանի տարի առաջ մեզ են ընտրել, և ոչ մի նշանակություն չունի, որ մեր վարկանիշն այսօր նվազել է մի քանի անգամ, իսկ հանրության տրամադրության փոփոխությունը բացարձակ որևէ նշանակություն չունի մեզ համար։ Բայց Մակրոնն այլ կերպ վարվեց։ 
 
Ճիշտ է, քաղաքագետները համոզված են, որ եվրոպական ընտրությունների արդյունքները  ամենևին էլ անսպասելի չէին Ֆրանսիայի նախագահի համար և նա պահի ազդեցության տակ չի ընդունել խորհրդարանը լուծարելու որոշումը։ Չէ՞ որ բոլոր սոցիոլոգիական հարցումները վաղուց արդեն ցույց էին տալիս, որ աջերը գնալով ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են վայելում հասարակության գրեթե բոլոր շերտերում։ Մեծահասակներին եւ հատկապես տարեցներին ամենից շատ դուր են գալիս ներգաղթը խիստ սահմանափակելու ծայրահեղականների խոստումները։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ աջերին են սկսում համակրել նաև երիտասարդները, որոնք ավանդաբար հակում ունեն դեպի սոցիալիստական հայացքները։ Դա հասկանալի է. շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, բնակչության ամենաանպաշտպան  շերտերը թոշակառուներն են և ուսանողները, որոնք ակնկալում են պետության աջակցությունը։ Բայց հենց այդ աջակցության պակասն է երիտասարդներին մղում դեպի պոպուլիստները, որոնք ոսկե սարեր են խոստանում։
 
Կա նաև մեկ այլ պատճառ։ Հայաստանյան, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխության հաջողության պատճառներից մեկն այն էր, որ շարժումը ղեկավարում էին երիտասարդները։ Անկեղծ ասենք, մարդիկ պարզապես հոգնել էր այն գործիչներից, որոնք տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում և անփոխարինելի էին թվում։ Ֆրանսիայում էլ շատերը, մանավանդ երիտասարդները, այս կիրակի աջակցեցին 28-ամյա Ժորդան Բարդելային, որը կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Մարին Լը Պենին։ Այսինքն՝ եթե ուզում ես, որ քո կուսակցությունը շահի երիտասարդների սիրտը, ղեկավար ընտրիր նրանց հասակակիցներից մեկին։
 
Իհարկե, Էմանուել Մակրոնը կարող է հուսալ, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններում, որոնք կայանալու են ընդամենը 20 օրից, չի կրկնվի եվրոպական ընտրությունների պատկերը, բայց չի կարելի նաև բացառել, որ աջերը մեծամասնություն կկազմեն պառլամենտում։ Եվ այն ժամանակ վարչապետ կդառնա Ժորդան Բարդելան։ Կամ նույնիսկ Մարին Լը Պենը։ Դժվա՞ր է պատկերացնել։ Ախր, վերջին տարիներին այնքան բաներ են կատարվել, որոնք մեզ առաջ պարզապես անպատկերացնելի էին թվում։ Էլ չեմ ասում, թե դեռ ինչեր կարող են կատարվել մոտ ապագայում։
 
Արմեն ԴՈւԼՅԱՆ․ Սպուտնիկ Արմենիա