Պատերազմ և խաղաղություն. Հայաստանը՝ վտանգավոր հարևա՞ն…
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից
Հարավկովկասյան տարածաշրջանը, որը հարյուրամյակներ շարունակ արյունալի ռազմական բախումների թատերաբեմ է եղել իշխանության ու ազդեցության ձգտող խոշոր տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, կարծես թե, սպառնում է վերաճել առճակատման հերթական մրցասպարեզի: Այդ մասին վկայող հիմնական կռվանը Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ որոշ հատվածներում զինուժի ու զենքի-զինամթերքի մեծ կուտակումներն են:
Հակառակ խաղաղության մասին բարձրագոչ շահարկումների՝ տարածաշրջանում պատերազմի հավանականությունը հետզհետե ավելի ու ավելի նկատելի է դառնում: Ադրբեջանը իր զինուժն ու ծանր տեխնիկան ընդհուպ մոտեցրել է Արցախի և Սյունիքի, Իրանը՝ Ադրբեջանի, իսկ Թուրքիան՝ Իրանի սահմաններին: Այսօրինակ պատրաստություններն ամենևին խաղաղության մասին չեն խոսում: Եթե սրան հավելենք աշխարհաքաղաքական վայրիվերումները, պատկերը կամբողջանա:
Հարավային Կովկասում, անշուշտ, խաղաղություն կլինի, երբ այդտեղ ուժերի ու շահերի հավասարակշռություն հաստատվի խոշոր խաղացողների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Այլ կերպ ասած՝ պատերազմի ու խաղաղության հարցը կախված է սույն պատմական եռյակի միջև ուժերի բալանսի առկայությունից կամ դրա բացակայությունից: Հենց նման հավասարակշռության ստեղծմանն էր միտված «3+3» ձևաչափը, որի մասին մի ժամանակ շատ խոսվեց, բայց գործնական քայլեր չարվեցին:
Այդ ձևաչափը, սկզբունքորեն, տարածաշրջան մտնող 4-րդ կողմին դիտարկում է որպես ուժերի հավասարակշռությունը խախտող, ասել է թե՝ պատերազմի հավանականությունը մեծացնող գործոն։ Ավելին՝ եթե տարածաշրջան 4-րդ ուժ բերողը Հարավային Կովկասի երեք երկրներից մեկն է (օրինակ՝ Հայաստանը, որը 2022թ. հոկտեմբերին ԵՄ դիտորդական առաքելություն էր հրավիրել տարածաշրջան), հարևան մեծ երկրները՝ ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը նրան դիտարկում են որպես թշնամի՝ համապատասխան հետևանքներով հանդերձ։ Բացարձակապես կարևոր չէ, թե տվյալ պահին ով է այդ 4-րդ կողմը։ Հիմա այդ դերում Արևմուտքն է, որն, ըստ էության, չհայտարարված պատերազմի մեջ է ՌԴ-ի և Իրանի հետ:
Կարող է հարց առաջանալ, թե ինչու են մյուս երեքն այդպես զգայուն 4-րդ կողմի հանդեպ: Բանն այն է, որ 4-րդն այստեղ չունի կենսական շահեր. նա ուղղակի փորձում է խախտել ուժերի հավասարակշռությունը, այսինքն՝ պատերազմ սադրել։ Ավելի պարզ ասած՝ 4-րդ ուժը մեր տարածագոտում չունի կենսական շահագրգռություններ, այլ այստեղ է ժամանակավոր շահաբաժիններ ստանալու նպատակով։
Վրաստանը մի անգամ՝ 2008-ին, դրա համար պատժվել է, Ադրբեջանը նույն պատճառով մի օր կպատժվի, բայց Հայաստա՞նն ինչու է նման փորձ անում, այն էլ մի իրավիճակում, երբ իր հարավային սահմանի անվտանգությունն այսօր ապահովում են իրանական զորամիավորումները, իսկ Արցախինը՝ ռուս խաղաղապահները, այլ ոչ թե ԵՄ դիտորդները։ Այսօր իշխող ՔՊ-ն՝ հայտնի անձի գլխավորությամբ, փաստորեն փակել է ՌԴ ղեկավարության հետ երկխոսության խողովակները։ Փոխադարձ վիրավորանքներն արդեն չեն տեղավորվում դիվանագիտական վարքականոնի մեջ՝ նման խոսելակերպը հակառակորդներին է բնորոշ։
Իրանի նախագահը նույն «հայտնի անձին» ամիսներ առաջ կշտամբեց իր երկրի «կարմիր գիծն» անցնելու համար՝ խոսքն Իրանին թշնամի՝ արտատարածաշրջանային ուժերին տարածագոտի բերելու մասին է։ Իսկ մի քանի օր առաջ կատարվեց աննախադեպը՝ «հայտնի անձի» հետ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ, որի բովանդակությունը խիստ լղոզված էր ներկայացվել, ըստ երևույթին, թաքցնելու բան կա: Ամեն դեպքում փաստ է, որ Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի և Ռուսաստանի միջև, իսկ ավելի ստույգ՝ տարածաշրջանի ոստիկան:
Սա շատ բան է նշանակում, բայց ամենաուշագրավն այն է, որ Թուրքիան պետք է խոսք ունենա Հայաստանի իշխանության ձևավորման հարցում՝ բնականաբար, Ալիևի հետ խորհրդակցելուց հետո։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, փաստացի, դառնում է Հայաստանի խնամակալը, իսկ Հայաստանն ինքը «3+3» հնարավոր ձևաչափի մյուս անդամների համար դառնում է տարածաշրջանում նոր պատերազմ հրահրող վտանգավոր հարևան: