Ադրբեջանի լրտեսական սկանդալը
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԶՈՐԱՎԱՐ
Մայիսի 9-ը առանձնահատուկ տոն է և արդեն 25 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 1945-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992թ. Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:
Թե ինչ նշանակություն ունեն այս տոները հայ ժողովրդի համար, բազմիցս գրվել եւ խոսվել է: Այսօր էլ առիթ կունենանք կրկին վերապրելու եռատոնի բերկրանքը՝ լսելով հաղթանակը կերտածների հուշերը:
Բնականաբար, «բարի դրացիական» նկրտումներով մեր հարևանները անում են ամեն ինչ՝ եռատոնի «կարևորությունը» ցույց տալու համար: Բավական չէ, որ հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանին Բաքուն շարունակ արկածախնդրության է դիմում՝ արժանի հակահարված ստանալով, հիմա էլ նոր «հեքիաթ» են հնարել:
- Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության համար,- ափալ-թափալ հայտարարեցին Ադրբեջանի իրավապահները:
Զարմանալին, սակայն այն է, որ Բաքուն իրեն բնորոշ ոճով չի «դիմակազերծում» հայերի օգտին աշխատածներին, չի նշում, թե նրանք ովքեր են: Արցախի ՊԲ-ի հայտարարությունը չուշացավ: Պարզվում է՝ Ադրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ անմխիթար վիճակում:
- Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Աշաղի Աբդուրահմանլի բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետերից մեկում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ: Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ, որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին,- հայտարարեց ՊԲ-ն:
Մի քանի օր անց նոր տեղեկություններ ի հայտ եկան: Պարզվեց՝ ձերբակալվածների թիվը 60 է, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձինք: Այս սկանդալը մեծ աղմուկ է առաջացրել Բաքվում: Դատելով սոցցանցերի քննարկումից ՝ պարզ է դառնում, որ անգամ ադրբեջանցիները թերահավատ են պաշտոնական այս հաղորդագրությանը՝ այն համարելով հերթական շոուն: Վաղուց արդեն բոլորը գիտեն, որ զինվորականների մի մասը դժգոհ է Ադրբեջանի պաշտպանության նախարարի գործունեությունից, դժգոհ են իրենց սոցիալական վիճակից, հետևաբար չի բացառվում՝ լոկալ ըմբոստություն են կազմակերպել: Ու որպեսզի թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանում Ալիևը խուսափի մարդու իրավունքները ոտնահարող հարցերից, որոշել է այս ամենին հաղորդել հակահայկական երանգ:
Սակայն եթե նույնիսկ ենթադրենք, որ Բաքվի ապատեղեկատվությունն իրական է, «խավիարային» պետությունն անգամ այս դեպքում հիմար վիճակում է հայտնվում (մեղմ ասած): Փաստորեն, հայկական կողմը, որը գրեթե միշտ գրոհները հետ մղելու դերում է, այս անգամ նախահարձակ է եղել երկու ճակատով: Նախ կարողացել է «վերբովկա» անել ազերի զինվորականներին՝ գաղտնի զինվորական տեղեկություն ստանալու նպատակով: Եվ այդ տեղեկությունն օգտագործելով՝ պատրաստվել ռազմական լայնածավալ սադրանքների: Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞վ էր զբաղված ադրբեջանական «հզոր» բանակի համապատասխան ներկայացուցիչները, որոնց անունից ամեն օր հոխորտում է հեյդարօղլին՝ ռազմատենչ հայտարարություններով. ինչո՞վ էին զբաղված Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Եվ վերջապես, եթե
Բաքուն հավատում է իր զառանցանքին և այն որպես իրականություն է մատուցում,
նշանակում է՝ ադրբեջանական բանակում էլ արդեն հոգնել են ալիևյան իշխանությունից, խայտառակ թալանից ու որպես ըմբոստության ձև՝ ընտրել են հայերի օգտին աշխատելը:
Ո՞րն է մեր անելիքը: Բոլոր ատյաններով, բոլոր միջոցներով միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կեղծիքը, ևս մեկ ապացուցել՝ հարևան պետության ապակառուցողական քաղաքականությունը: Եվ, ամենակարևորը ՝ հատկապես այս օրերին հազարապատկել զգոնությունը:
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան, Արցախ, հայ Զինվոր: