Ռուսական «սապոգի «աղբը» Հայաստանում
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՋԻՀԱԴԻՑ ՆԱԵՎ ՄԵՆՔ ՏՈՒԺՈՒՄ

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան արդեն երկար ժամանակ է՝ մեր ժողվրդի զարմանքի և մամուլի ուշադրության կենտրոնում է: Սեփական բնակարանում խաղաղ նիրհող Ավետիսյանների ընտանիքի սպանդը՝ Պերմյակով կոչվող տականքի կողմից, վեր հանեց ռազմաբազայում տիրող անառողջ մթնոլորտը: Մասնավորապես, ոչ պատշաճ կարգուկանոն, զինծառայության համար ոչ միայն ոչ պիտանի, այլև վտանգավոր քաղաքացիների առկայություն: Թվում էր, թե այդ սարսափելի ոճրագործությունից, հայ հանրության ընդվզումից հետո Ռուսաստանի պատկան մարմինները կսթափվեն, որոշակի եզրահանգումներ կանեն և փոփոխություններ կկատարեն անվտանգության համար պատասխանատու կառույցում: Բայց արի ու տես, որ այդպես չեղավ: Սկսենք սկզբից:
Ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի ոճրագործությունից հետո վարկածներ շրջանառվեցին, թե արտաքին ուժերի համար ռազմաբազան հիանալի միջոց է՝ Հայաստանում խժդժություններ հրահրելու, հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու, այնուհետև Հայաստանին ստիպելու, որ խզի ռազմական համագործակցությունը ՌԴ հետ: Իսկ թե ի՞նչ կլիներ դրանից հետո՝ բոլորիս համար պարզ է:
Այս տարվա ապրիլի 22-ին ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանությունը վերակենդանացրեցին վարկածները: Պարզվեց՝ ազգությամբ հայ, ստեփանավանցի Արման Ջանջուղազյանը կտրող-ծակող առարկայով մահացու 8 հարված է հասցրել ռուս զինծառայողին: Ըստ նախնական պաշտոնական տեղեկատվության՝ արարքի դրդապատճառը մեղադրյալի հոգեկան անհավասակշիռ վիճակն է եղել: Սակայն հետագայում նոր հանգամանքներ ի հայտ եկան:
Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արման Ջանջուղազյանը եղել է մահմեդականացված հայ, ընդունել է իսլամ և չի թաքցրել մահմեդական լինելը: Նրա մոտ Ղուրան են գտել, մարմնի վրա՝ Ղուրանի դաջվածքներ: Մինչ սպանությունը, ապրել է Ստեփանավանում պապի հետ, իսկ հետո եկել Գյումրի, հայտնվել այն թաղամասերում, որտեղ ռուս զինվորականներ են լինում: Այս ամենից կարելի է ենթադրել, որ Արման Ջանջուղազյանը պատահական մարդ չէ, գուցե հոգեկան հիվանդ էլ չէ: Հավանաբար, ուղղորդված է եղել իսլամիստների կողմից, որոնք ՌԴ-ին ջիհադ են հայտարարել: Իսկ ՀՀ-ն իսլամիստների համար թշնամի ՌԴ-ին դաշնակից երկիր է: Չմոռանանք՝ նրանց հովանավորում է նաև Թուրքիան, որը թշնամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Թե ինչքանով կհաստատվի այս վարկածը՝ գործի քննությունը ցույց կտա:
Ռազմաբազայի շուրջ աղմուկն այսքանով չի ավարտվում: Եթե ռուս զինվորի սպանությունը համարենք արտաքին ուժերի գործ, ապա այսօր տարածված տեղեկությունը ռազմաբազայի բարձիթողի վիճակի, անկազմակերպվածության դրսևորում է: Բանն այն է, որ Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից այսօրվանից գործադուլ են հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը: 102-րդ ռազմաբակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը, ով անձամբ էր եկել՝ հանդիպելու աշխատակիցների հետ, ասաց, թե տեղյակ չի եղել խնդրին, ապա խոստացավ զբաղվել դրանով:
Ո՜վ զարմանք, հրամանատարը տեղյակ չէ չվճարված աշխատավարձերից: Նույն կերպ տեղյակ չէին նաև Պերմյակովի գործողությունների՞ց: Ու այս զորամիավորմա՞նն է ինչ-որ չափով հանձնված մեր երկրի անվտանգությունը: Հետաքրքիր է՝ սա՞ է ռուսական բանակի դեմքը՝ այս անկարգապահությունը, անկազմակերպվածությունը, թե՞ միգուցե ռուսական «սապոգն»իր «աղբը»որպես «օրհնություն»այն երկրին է մատակարարում, որին ռազմավարական դաշնակից է կոչում: Այն երկրին, որի թշնամուն էլ զենք է մատակարարում:
«Մտրակի և բլիթի» մեթոդն է գործում: