«Զարմացած եմ՝ ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսքան շտապ լքեց տարածաշրջանը». Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանից բացի ԱՄՆ-ը միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու Արցախի անկախությունը։ Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Միացյալ նահանգները դադարեցրել է Արցախին տրվելիք ուղիղ օգնությունը: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում մտավախություն էր հայտնել, որ Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով: Որքանո՞վ է հավանական նման տարբերակը:
«Մեդիա կենտրոն»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
- ԱՄՆ-ի հետ մենք ռեալ լուրջ օրակարգ չունենք: Կարևորագույն պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց փոքր հումանիտար զորախումբ: ԱՄՆ-ը դա շատ ցավոտ ընկալեց, քանի որ Սիրիայում ԱՄՆ-ը բավականին լուրջ տարաձայնություններ ուներ Ռուսաստանի հետ, ու ակնհայտ էր՝ եթե մենք ուղարկում ենք նույնիսկ փոքր զորախումբ, Ամերիկան շատ ցավոտ կընդուներ: Պարզ է, որ մեր մոտեցումները՝ ԱՄՆ-ի համար մի շարք կարևորագույն հարցերում, տարբերվում էին, ու դա է պատճառն, իմ կարծիքով, որ այդ աջակցությունը դադարեցրեցին: Տրամաբանական չէր լինի աջակցել Հայաստանին, Արցախին՝ ռազմական հարցերում. ի վերջո, ականազերծումը ռազմական ոլորտի հարց է: Ցավում եմ որ նրանք դա արեցին, բայց ինձ համար հասկանալի են պատճառները:
«Բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրի ֆինանսավորումը հավանական եմ համարում, քանի որ այդ առաջարկներն անում են պետդեպարտամենտի՝ տարբեր մակարդակի պաշտոնյաներ: Ես այլ առաջարկ ունեմ՝ կապված կորոնավիրուսի հետ. վատ չէր լինի, եթե Հարավային Կովկասի երեք երկրների ղեկավարները հանդիպեն, դիցուք, Թիֆլիսում, քննարկեն հումանիտար քայլեր՝ միմյանց նկատմամբ, քանի որ կորոնավիրուսն ազգություն ու կրոնական պատկանելություն չի ճանաչում:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ: Որքանո՞վ կարող է սահմանային լարվածության պատճառ դառնալ մշտադիտարկման ժամանակավոր կասեցումը և, առհասարակ, պանդեմիայի, համաշխարհային ճգնաժամի պայմաններում ինչպե՞ս եք տեսնում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը:
- Ես, ճիշտն ասած, զարմացա, որ դիտորդական առաքելությունն այդքան արագ դուրս եկավ տարածաշրջանից: Ամբողջ աշխարհում տասնյակ կոնֆլիկտի գոտիներում խաղաղապահ ուժեր են տեղակայված՝ Աֆղանստանից սկսած՝ Մալիից վերջացրած: Զարմացրեց, որ այդքան շտապ բոլորը դուրս եկան հենց Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտուց: Կորոնավիրուսի ֆոնի վրա դեռ չեմ լսել, որ խաղաղապահ առաքելությունները դուրս գան տարածաշրջանից:
- Բայց այստեղ խաղաղապահներ չկան, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոքրիկ խումբը:
- Առավել ևս. անգամ խաղաղապահների մեծ խմբերը դուրս չեն բերում, այս դեպքում, առավել ևս, երբ խոսքը դիտորդական փոքրիկ խմբի մասին է: Միջազգայնորեն մշակված մեխանիզմներ կան, որով ապահովում է առողջությունը տարբեր համաճարակներից: Կարծում եմ, ԵԱՀԿ-ն կամավորության սկզբունքներով՝ պետք է ձևավորի դիտորդների նոր խումբ, որը կվերադառնա տարածաշրջան:
- Մարտի 31-ին Արցախում նախագահական ընտրություններ են: Կա՞ր անհրաժեշտություն կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ հետաձգել այդ ընտրությունները, թե՞, այդուհանդերձ, դրանց կայացման քաղաքական արդյունքն առավել կարևոր է, քան վիրուսի հնարավոր տարածումը:
- Կային քաղաքական ուժեր, փորձագետներ, որոնք առաջարկում էին երկու-երեք ամսով հետաձգել ընտրությունները, բայց քանի որ տեսնում եմ՝ կա քաղաքական որոշում՝ անցկացել ընտրությունները, կարծում եմ՝ պետք է լուրջ միջոցառումներ անցկացնեն՝ կապված կորոնավիրուսի հետ: Խստորեն ստուգել հայաստանցիների, օտարերկրացիների մուտքն Արցախ, որ հիվանդ չլինեն:
- Միջազգային դիտորդներ այս ընտրություններին դժվար թե կարողանան մասնակցել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգը: Դա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ ընտրությունները՝ որպես միջազգային չափանիշներին համապատասխան ճանաչելու վրա:
- Չեմ կարծում, որ միջազգային դիտորդները կկարողանան մեծ թվով ներկա լինել, գիտեք,օդային կապը երկրների միջև գրեթե ամբողջությամբ խզվել է: Ցանկացած դեպքում, համոզված եմ, որ այդ դիտորդների, Հայաստանից գնացող դիտորդների առողջության ստուգումը պետք է արվի, որպեսզի առողջ լինեն մարդիկ, ու կորոնավիրուսը Արցախում չտարածվի: Թեև անգամ այն ժամանակ, երբ մեծ թվով դիտորդներ մասնակցում էին Արցախի տարբեր ընտրություններին, այդ ընտրությունները ոչ ոք չէր ճանաչել: Այն, որ միջազգային դիտորդների թիվը մեծ չի լինի, մեծ կորուստ չեմ տեսնում, քանի որ կասկած չունեմ՝ այս ընտրություններն էլ ոչ ոք չի ճանաչի: