ՄԻ՛ ԿԵՂԾԻՐ, ՈՐ ՉԿԵՂԾԵՆ
ՍԴ-ում քննվում է ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումը

Սահմանադրական դատարանում սկսվել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Ինչպես արդեն հայտնի է` Դաշինքը վիճարկում է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունները: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ներկայացնում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Դիմումի վերաբերյալ որոշում պետք է կայացվի 15 օրվա ընթացքում:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի` դպրոցի և մանկապարտեզի տնօրենների ՀՀԿ-ի օգտին քվե հավաքելու և ՍԱՍ գրուպի ղեկավար Արտակ Սարգսյանի օգտին նրա ենթակա աշխատակիցներից ստիպողաբար ձայներ պահանջելու փաստերին:
-Ակնհայտ փաստ է` մարդկանց ստորացրել են և պարտադրել իրենց թեկնածուի օգտին քվեարկել: Բա սա հանցագործություն չէ՞: Արտակ Սարգսյանն այն պատգամավորներից է, որ հինգ տարվա ընթացքում որևէ բառ չի արտասանել: Բա այդ ինչպե՞ս եղավ, որ լռության ուխտ պահպանած պատգամավորները նորից ընտրվում են պատգամավորներ: Եվ Արտակ Սարգսյանը միայնակ չէ՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան և էլի չեմպիոններ՝ այդ ինչպես պատահեց, որ այս չխսացող մարդիկ այդքան ձայն հավաքեցին,-ասացԼևոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի փոխնախագահի խոսքով` դատախազությունը վերոնշյալ դեպքերի մասին գործ չհարուցեց, նրանց հարցաքննության չկանչեց, իսկ օրինական երկրում նման դատախազը կդատվեր:
ՀԱԿ-ի անդամն արժանահավատ չի համարում նաև ընտրողների մասնակցության թիվը: Ըստ նրա` տարեցտարի նվազում է բնակչության թիվը, իսկ ընտրողների թիվը մեծանում է: Լևոն Զուրաբյանը որպես ձեռքբերում համարեց ընտրությունների ցուցակների հրարապարակումը:
- Մենք առաջիկայում կներկայացնենք մեր վերլուծությունը ընտրական ցուցակների վերաբերյալ,- խոստացավ Զուրաբյանը:
Նրա հավաստիացմամբ գործել է ուրիշի փոխարեն քվեարկելու մեխանիզմը.
-Ստորագրված ցուցակների ստուգումը բավական աշխատատար գործ է, մենք ուսումնասիրում ենք այդ գործը, աշխատանքը տարողունակ է, բայց մենք խոստանում ենք մոտ ապագայում հանրությանը հայտնել այդ ուսումնասիրությունների արդյունքները: Այս պահին ասենք, որ մասնակցության թիվը չի տեղավորվումը որևէ տրամաբանական, ժողովրդագրական տվյալների մեջ:
Անդրադառնալով ԿԸՀ-ի 7 անդամներին, Զուրաբյանը նկատեց, որ նրանք չեն փոխվում, հանցագործություն են պարտակում: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դիտողություն արեց.
- ՍԴ-ում մարդկանց հանցագործներ եք անվանում, չի՛ կարելի, կա մարդու անմեղության կանխավարկած:
-Ես ճշմարտությունն եմ ներկայացնում,-հակադարձեց Զուրաբյանը:
ՀԳ. Ճակատագրի ի˜նչ հեգնանք: 1996-ին, երբ ՀԱԿ-ՀՀՇ-ն էր իշխանության, նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ևս վիճարկում էր ընտրության արդյունքները: Իհարկե, ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ էլ նրան հաջորդած թեկնածուներն արդյունքի չեն հասել` իշխանության և դատական համակարգի սերտաճման պատճառով: Ու զարմանալի է, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է պրն Զուրաբյանը խոսում օրինականության հաստատման մասին: