Միայն՝ եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը
- Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը:
Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատև լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն և ձևավորում են իրենց սեփական կառավարությունը,- Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած այս նկատառումը, թերևս, լավագույն պատասխանն է հողեր հանձնելու վերաբերյալ զառանցանքներին:
Իր ելույթում, ի թիվս այլ նկատառումների, Ն. Փաշինյանը մասնավորեցրել է նաև.
- Հարավային Կովկասում դեռևս հարատևող աշխարհաքաղաքական եւ անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում մեզ: Դրանք լրջորեն խաթարում են մեր բարեփոխումների ներուժը:
Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի և տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա:
Երկրորդ, մեր հակառակորդի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը եւ կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը:
Երրորդ, 1990-ականների սկզբից մեր երկրին պարտադրված փակ սահմանները և շարունակվող տրանսպորտային շրջափակումը կտրուկ նվազեցնում են մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորությունները:
Ի վերջո, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները նույնպես բացասական հետևանքներ են ունենում մեր տնտեսության վրա՝ նեղացնելով արտաքին աշխարհի հետ կապող միջանցքներից մեկն ու հաղորդակցության հնարավորությունները:
Կցանկանայի կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական և հավասարակշռված մոտեցումը:
Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը:
Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը:
Մենք խորապես համոզված ենք, որ ներգրավված կողմերի միջև վստահությունը հակամարտությունների կարգավորման կարևոր նախադրյալներից մեկն է: Այս վստահությանը կարելի է հասնել զարգացող երկխոսության և փոխըմբռնման միջոցով: Մենք տեսնում ենք Հարավային Կովկասը որպես տարածաշրջան, որտեղ անկախ պետություններն ապրում են խաղաղության, համերաշխության և համագործակցության մեջ: Իրոք, ժամանակակից աշխարհում փակ սահմանները համարվում են առնվազն տնտեսական և քաղաքական անհեթեթություն:
…Մեր տարածաշրջանին անհրաժեշտ են երկխոսության, խաղաղ գոյակցության և տնտեսական համագործակցության նոր ձևեր: Երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթը պետք է գերակայի Հարավային Կովկասում առկա բոլոր տարաձայնությունների նկատմամբ: