«Ղարաբաղի հարցում փոխզիջման մասին առաջինը պետք է Ադրբեջանը հայտարարի»․ Հայաստանի վարչապետ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ. JAMNEWS

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ հայկական կողմի մոտեցումը փոխվում է։ Այս մասին են վկայում իշխանությունների վերջին հայտարարությունները:
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումների հարցում առաջին քայլը պետք է անեն Ադրբեջանի իշխանությունները։ Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետն Իրան կատարած այցի ընթացքում՝ այդ երկրի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։
 
Հստակ ի՞նչ է հայտարել Փաշինյանը
 
Ղարաբաղյան կարգավորման թեմային անդրադառնալով՝ վարչապետն ասել է, որ այսօրվա դրությամբ միայն մեկ պայմանավորվածություն  կա՝ խնդրի լուծման խաղաղ ճանապարհներ գտնելը։
 
- Արդյո՞ք ես այսպիսի հնարավորություններ այսօր տեսնում եմ։ Ցավոք սրտի, այդպիսի բան ասել ես չեմ կարող: Երբ միջազգային գործընկերները գալիս և մեզ հարցնում են՝ իսկ դուք պատրա՞ստ եք փոխզիջումների, մենք նրանց շատ պարզ պատասխանում ենք, իսկ ձեզ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանողը և առաջին պատասխանողը մենք պետք է լինենք, իսկ Ադրբեջանին հարցնո՞ւմ եք իրենք պատրա՞ստ են փոխզիջումների, թե՞ պատրաստ չեն: Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, մինչև այս հարցին հստակ չի պատասխանել Ադրբեջանը,- հայտարարել է Փաշինյանը։
 
Հայաստանի վարչապետը պարզաբանել է, թե ինչու է այդպես ասում․
 
- Այդ Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ուժով կամ սպառնալիքով Ղարաբաղի հարցը լուծել, նա չարաչար սխալվում է: Չարաչար սխալվում է հենց այն պատճառով, որ այդ ասողը չի գիտակցում, որ ինքը գործ ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ համայն հայության հետ, որն այսօր առավել միասնական է, քան երբևէ։ Եվ Ղարաբաղին սպառնացող վտանգի դեպքում այդ միասնությունը կկրկնապատկվի և կեռապատկվի և կդառնա շատ ավելի մեծ ուժ, քան հիմա է։ Դրանում թող ոչ ոք չկասկածի։
 
Եթե հարկ լինի, բանակը հարձակման կդիմի
 
Ղարաբաղյան թեման վերջին օրերին գտնվում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բանակի գործողություններում փիլիսոփայության փոփոխության մասին։ Նրա խոսքով՝ եթե նախկինում բանակը պաշտպանական ռազմավարությամբ էր առաջնորդվում, ապա այժմ  դիտարկվում է նաև հարձակողականը։
Այն հարցին, թե արդյոք բանակն անհրաժեշության դեպքում կարող է հակահարձակման գնալ, Դավիթ Տոնոյանը պատասխանել է․ «Իսկ ինչո՞ւ ոչ»։
 
Նա հայտարարել է նաև, որ ռազմավարության փոփոխմանը զուգահեռ ձեռք են բերվում նոր զինատեսակներ, սակայն հրաժարվել է նշել, թե ինչպիսի։ Այս համատեքստում Դավիթ Տոնոյանը հիշատակել է միայն ռուսական ՍՈՒ-30ՍՄ կործանիչներ գնելու և Մոսկվայի հետ 100 մլն դոլար արժողութամբ նոր՝ պաշտպանությանն ուղղված վարկի շուրջ պայմանավորվածության մասին։
 
Միաժամանակ Տոնոյանը կարծում է, որ Հայաստանը զենքի մրցավազքի մեջ չի մտնում, այլ զենք է գնում բացառապես ինքնապաշտպանության համար․
 
- Ոչ քաղաքական, ոչ ժողովրդագրական, ոչ տնտեսական առումով չենք կարող հավասար լինել [Ադրբեջանի հետ-JAMnews]։ Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին։ Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որ հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն լինի։
 
Փոխվում են ժամանակներն ու պայմանները, բանակը պետք է համապատասխանի ժամանակակից մարտահրավերներրին և հաղթահարի դրանք։ Այդ պատճառով մենք պարտավոր ենք այս քայլին գնալ, քանի որ, ինչպես ասում են, պաշտպանվող բանակը պարտություն է կրում։
 
Փորձագիտական կարծիք․ մոտեցումները փոխվում են
Իշխանությունների մոտեցումների փոփոխությունը բանակցային գործընթացի և բանակի ռազմավարության վերաբերյալ հայ փորձագետներն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատել։
Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը կարծում է․
 
- Խաղաղությունը պետք է նույն արժեքն ունենա երկու կողմերի համար էլ։ Եթե մյուս կողմը խաղաղություն չի ուզում, պարբերաբար խախտում է զինադադարը՝ կարծելով, որ պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով կարող է հարցեր լուծել, ապա աշխատում է միայն խաղաղություն պարտադրելն, այսինքն՝ հնարավորությունների համոզիչ ցուցադրումը։
 
Իսկ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ Ռուսաստանից գնված կործանիչներն անպայման պետք կգան բանակին․
«Այդ գործարքը հետաքրքիր է նրանով, որ Հայաստանը շատ ժամանակակից զինամթերք է ձեռք բերել։ Խոսքը ծանր և բազմաֆունկցիոնալ ավիացիայի մասին է։ Եվ, ըստ ամենայնի, դրանց գինը շատ գրավիչ և զգալիորեն ցածր է եղել, քան այլ երկրների համար»։