Ռուսական «խորհրդատվություն»՝ «տհաճ անակնկալների» սպառնալիքով
Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը բավական «անկեղծ» է եղել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:
Թեև մինչ այդ էլ ամենքին հայտնի էր, որ ՆԱՏՕ-ի և, ընդհանրապես, Ռուսաստանի քիմքին անհաճո այլ երկրի հետ հարաբերությունները անմարսելի են պաշտոնական Մոսկվայի համար, այդուհանդերձ, ռուս պաշտոնյան հարկ է համարել հատուկ բարձրաձայնել Ռուսաստանի մտահոգությունն առ այն, որ Վրաստանում «բավականին հաճախ տեղի են ունենում ՆԱՏՕ-ի ծավալուն զորավարժություններ, ընդ որում, Վրաստանը նպաստում է, որ դրանց մասնակցեն նաև տարածաշրջանի այլ երկրներ, օրինակ՝ Հայաստանը»:
Երեք ժամ տևած դռնփակ հանդիպումից առաջ ու հետո արված հայտարարությունները հատկապես սկանդալային էին:
Զուգահեռ անցկացնելով Ուկրաինայի հետ, ռուս դիվանագետը
Թբիլիսիին զգուշացրել է, որ Կովկասում ՆԱՏՕ-ի ամրապնդմանը կհաջորդեն «տհաճ անակնկալներ»::
- Խնդիրն այն է, որ վրացական արտաքին քաղաքականության մեջ ավելի ու ավելի ակտիվ է արտացոլվում ՆԱՏՕ-ի հետ կապված օրակարգը: Այնտեղ բավականին հաճախ տեղի են ունենում ՆԱՏՕ-ի ծավալուն զորավարժություններ, ընդ որում, Վրաստանը նպաստում է, որ դրանց մասնակցեն նաեւ տարածաշրջանի այլ երկրներ, օրինակ՝ Հայաստանը: Վրաց գործիչները խոսում են դեպի ՆԱՏՕ արագացված ընթացքի, «ողջ ժողովրդավարական Եվրոպային սպառնացող ռուսաստանյան սպառնալիքի մասին» և այլն: Բնականաբար, դա չի նպաստում Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում փոխադարձ ձգողականության մթնոլորտի ամրապնդմանը:
Թբիլիսին պետք է կողմնորոշվի՝ կամ իրենք ընտրում են Հարավային Կովկասում տարածաշրջանային բարեկեցության մթնոլորտի ստեղծումը, կամ՝ եվրատլանտյան օրակարգը: Միաժամանակ երկուսն անելը բարդ է և հղի ամենալուրջ հետեւանքներով: Հասկանալի է, որ եթե Հարավային Կովկասում զարգանալու է ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը, դա վաղ թե ուշ խնդիրներ է առաջացնելու: Մենք հիշում ենք, թե ինչից սկսվեցին ուկրաինական խնդիրները,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը:
Կարասինի հայտարարությունը մեծ արձագանք է գտել Վրաստանում: Նրա խոսքը ընկալվել է որպես ուղղակի սպառնալիք:
- Թբիլիսին պետք է կողմնորոշվի. կամ այստեղ ընտրում են Հարավային Կովկասում տարածաշրջանային բարօրություն, կամ եվրատլատնյան օրակարգ: Դա միաժամանակ անելը դժվար է և հղի ամենավտանգավոր հետևանքներով,- ասել է Կարասինը:
Բնականաբար՝ սիրուց ծնված խանդից չէ, որ դուր չեն գալիս վերջին շրջանում հաճախակիացած վրացի քաղաքական գործիչների կտրուկ հայտարարությունները՝
- Նրանք խոսում են ՆԱՏՕ-ում արագացված շարժման մասին, ամբողջ ժողովրդավարական Եվրոպայում այսպես կոչված ռուսական սպառնալքի մասին: Բնականաբար, դա մեզ տհաճ է: Դա չի նպաստում Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում փոխադարձ մերձեցման մթնոլորտի ամրապնդմանը,- ասել է նա:
Իսկ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում Կարասինը Թբիլիսիին և վրացի քաղաքական գործիչներին հիշեցրել է, որ Ուկրաինայի խնդիրները սկսվել են այն պահից, երբ այնտեղ քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ ակտիվացավ ՆԱՏՕ-ի թեման:
- Պետք է ձգտել զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում և զերծ պահել մեր վրացի գործընկերներին տհաճ անակնկալներից,- ասել է Կարասինը «Ազատության» հետ զրույցում:
«Պետք է ձգտել» ասվածի հետևանքները վրացիները ևս զգացել են իրենց մաշկի վրա: Իսկ թե ա՛յս «խորհրդատվությունից» ինչ հետևություններ կանեն մեր դրկիցները՝ կարելի է ենթադրել: Համենայն դեպս որպես «տանիք» այլևս Ռուսաստանը չեն ընտրի: