ՔՍԱԿՆԵՐԻ ԿՌԻՎ ՈՒ ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱ՛, ԻՀԱՐԿԵ

Իսկ նախկինում չկայի՞ն

Օրեր առաջ   «Ավանգարդն» անդրադարձել էր երկրիս երկրորդ նախագահի ակտիվացման  լուրերին: Փաստորեն, ենթադրությունը ճիշտ էր. ընտրություններից և Քոչարյանի անվան հետ կապվող ՕՐՕ դաշինքի պարտությունից հետո էլ Ռոբերտ Քոչարյանի անունը շրջանառվում է:

Այսօր նրա մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ընդարձակ հարցազրույց է  տվել և հետաքրքիր ակնարկներ արել: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն այլևս չի՞ զբաղվելու քաղաքականությամբ, Սողոմոնյանն  ասել է.

- Իրեն լավ ճանաչելով՝ համոզված եմ, որ առնվազն չի դադարելու արձագանքել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներին՝ հայտնելով իր տեսակետները հանրությանը:

Հրաշալի՛ է: Հիմա մեր երկրին անհրաժեշտ են օբյեկտիվ, անշահախնդիր տեսակետներ, եթե, իհարկե, դրանք չեն ասվում ժողովրդի մեջ որոշակի տրամադրություններ սերմանելու, բողոքի ալիք հարուցելու ու այդ ալիքի վրա իշխանության  գալու նեղ-անձնական հեռահար նպատակով:

Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակն անդրադարձել է նաև ընտրական գործընթացներին և վերահաստատել նախընտրական շրջանում վերադասի արած կանխատեսում-հայտարարությունը՝ քսակների, զոռբայության մթնոլորտի վերաբերյալ:

Այո, ՀՀ էքս նախագահն այդ առումով չէր սխալվել: Բայց արդյո՞ք նորանկախ Հայաստանի հռչակման առաջին իսկ օրից չեն դրվել արատավոր այդ երևույթների հիմքերը ու չեն շարունակվել նրա իսկ իշխանավարման տարիներին՝ դրսևորվելով նաև այսօր: Ու զարմանալի է, որ նա զարմանում է  քսակների ու զոռբայության  պայքարի վրա:  Տարիների ընթացքում համակարգը «կատարելագործվել» է, ուտողների ախորժակն էլ՝ մեծացել: Սև հումորի նման կարող է հնչել, բայց «կատարելագործվել» է նաև ընտրողը՝ իր քվեի արժեքը  գերագնահատելով և ընտրակաշառքի չափը 10.000 դրամի հասցնելով: Իսկ միգուցե քվեների այնպիսի մրցակցություն էր, որ  ընտրակաշառքի  չափը առաջարկ-պահանջկ սկզբունքով  ավելացա՞վ:  Մեր օրերի Խորենացին հաստատ կասեր՝ ողբամ քեզ, հայոց աշխարհ:

Բոլոր դեպքերում՝ Ռ. Քոչարյանն անտարբեր չէ Հայատանում քաղաքական զարգացումների հանդեպ: Իսկ մենք հաճախ համաժողովրդական համախմբման, ազգային միասնականության մասին ենք խոսում ու երազում: Գուցե հենց նախկին ու ներկա առաջնորդների միասնականացմա՞մբ դրվեն համաժողովրդական համախմբման հիմքերը…