ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՊՐԻԼՅԱՆԻՑ ՀԵՏՈ
Հեղափոխական առաջարկներ անվտանգության ոլորտում

Այսօրվա Ազգ-բանակ համաժողովում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է առաջնագծում զինվորական ծառայության, ինչպես նաև բանակի սպայակազմի համալրման այլընտրանքային մոդելներ, որոնք պետք է հանրային հարթակում քննարկվեն: Առաջին մոդելը ենթադրում է ծառայության ժամկետի երկարաձգում՝ 2-ի փոխարեն 3 տարի, բայց մարտական հերթապահության պայմաններում:
Առանձնահատկությունն այն է, որ մոդելը ենթադրում է վճարովի ծառայություն: Իհարկե՝ որոշակի պայմաններով, որոնք պետությունն առաջադրում է զինվորին: Ընդ որում՝ միանգամայն ընդունելի պայմաններ:
Երկրորդ մոդելն առնչվում է բուհական տարկետման իրավունքին: Առաջարկվում է այդ իրավունքը դարձնել թե՛ կրթության, թե՛ նաև զինվորական ծառայության առավել արդյունավետ տարբերակ: Այսինքն, սովորելով բուհում՝ ուսանողները յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց:
Նախարարի առաջարկած մոդելներն իրոք հեղափոխական են: Ավելին՝ ինչ-որ չափով դրանք կփոխեն Հայաստանի անվտանգության այսպես ասած սոցիալական հենքը ու նաև գրավիչ կդարձնեն զինվորական ծառայությունը: Ի վերջո, պատերազմող երկրին ժամանակին համահունչ նորամուծություններն անհրաժեշտ են: Բացի այդ՝ բուհ ընդունվող, ապա ասպիրանտուրայով բանակից խուսափածներին հնարավորություն է տրվում ձեռք բերելու զինվորական կրթություն, որը, ծառայեցնելով երկրի պաշտպանությանը՝ վարձատրվում է: Այս մոդելներով նա ինչ-որ չափով գործազրկության խնդիրը կմեղմվի. Հատկապես՝ սահմանամերձ շրջաններում:
Բացի այդ՝ կարծես թե փորձում են մեղմել այն դժգոհությունը, որն առկա է բանակից խուսափածների հանդեպ, ինչպես նաև «միայն չունևորներն են սահմանը պահում» արդարացի ընդվզումներ: դժգոհությունները: Երրորդ՝ նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարը վարչապետից հետո դառնում է 2-րդ կարևոր դեմքը երկրի անվտանգության պաշտպանության համար: Ասել է թե՝ ոլորտի առաջընթացի ու զարգացման պատասխանատվության ավելացում է նկատելի:
Թե հանրային շրջանակներն ինչպես կընդունեն այս առաջարկները, ինչ կավելացնեն, կպակասեցնեն՝ ընթացքում պարզ կլինի: Բայց ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ մեր անվտանգության համակարգն արդիականացման կարիք ունի՝ հետագա մարտահրավերներին դիմակայելու համար: