«Այսօրվա դժվարությունները նույնպես հաղթահարելի են մեզ համար»
ՀՅԴ-Ն ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀՆ Է
ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Կարինե ԲԱԲԱՅԱՆԸ 2010 թվականից աշխատում է ՀՀ Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունում՝ որպես փորձագետ:
erkir.am-ի հետ զրույցում նա իր նկատառումներն է ներկայացրել ընտրապայքարի մասին, խոսել ծրագրերից ու անելիքներից:
- Դաշնակցությունն այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որն ունի ձախակողմյան՝ սոցիալիստական ուղղվածություն։ Մյուսներն իրենց հայտարարում են ազատական։ Ձեր կարծիքով՝ արդյո՞ք մեր ընտրողը տեսնում է այդ տարբերությունը կամ կարևորում այդ հանգամանքը։ Կուսակցությունը, լինելով ձախ, երկար տարիներ համագործակցել է ազատական ուժերի հետ։ Հակասություն չե՞ք տեսնում։
- Իմ կարծիքով այսօր մեր ընտրողի համար մի փոքր դժվար կլինի կողմնորոշվել՝ կարևո՞ր է այդ հանգամանքը, թե՞ ոչ, նույնիսկ՝ տեսնել տարբերությունը: Ինչպես նշեցիք, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սոցիալիստական ձախակողմյան կուսակցություն է, սակայն հաճախ կողմ է լինում լիբերալ բնույթի օրենքների ընդունմանը: Մենք հասկանում ենք, որ աղքատ երկրում սոցիալիզմի գաղափարների սխեմատիկ ընկալումն ու հետապնդումը կարող են հանգեցնել ժողովրդի տարանջատման, իսկ մենք ձգտում ենք ներքին համերաշխության: Այդ իսկ պատճառով նախ մեր երկիրը պետք է տնտեսապես զարգացնել, ներդրումների համար դարձնել հետաքրքիր՝ որդեգրելով համադրված մոտեցումներ: Նույն տրամաբանությամբ՝ այսօր աջ կուսակցություններն էլ, ելնելով նշածս հանգամանքից, սոցիալական բնույթի օրենքների օգտին են հաճախ քվեարկում: Այո՛, կուսակցությունը որոշ հարցերի շուրջ համագործակցում է ազատական ուժերի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք շեղվել ենք մեր ձախակողմյան՝ սոցիալիստական ուղղվածությունից: Ունենալով բազմամյա քաղաքական փորձառություն՝ համոզված ենք, որ ամենակարևորը պետական գերակա շահն է՝ ազգայինի, հավատքի, պետականության, արժեքների պահպանումը, մեր երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունը: Այդ իսկ պատճառով, որոշ հարցերում ունենալով տարաձայնություններ, կուսակցությունն այսօր աշխատում է փոխզիջումների և փոխըմբռնման սկզբունքով:
- Հայաստանում շատ սուր է քաղաքական պայքարը, սակայն այն չունի որևէ գաղափարական կամ ծրագրային երանգ։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ ծրագրերի ժամանակն անցել է, և մարդիկ այսուհետ ընտրելու են բացառապես PR-ի կամ արտաքին էֆեկտների ազդեցության ներքո։
- Ձեր նշած գործոնները ժամանակավոր բնույթ են կրում: Որպես նորույթ, այո՛, այդ հնարքները հետաքրքիր են: Բայց ես համոզված եմ՝ գիտակից հանրությունը շատ լավ է հասկանում, որ այդ հնարքներով հնարավոր չէ երկիր կառավարել, լուծել տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային լուրջ խնդիրներ, դրա համար անհրաժեշտ են գաղափարական, ծրագրային լուծումներ, ազգային ռազմավարություն:
- Հանրությունը պահանջում է երիտասարդ և նոր կադրեր։ Արդյո՞ք Դաշնակցությունը նույնպես գնում է երիտասարդացման ճանապարհով։
- Դա բնական պահանջ է, բայց մեր հանրությունը բաղկացած է տարիքային տարբեր խմբերից, չի կարելի տարանջատել նրանց: Ավագներն իրենց կենսափորձով պետք է օգնեն միջին տարիքային խմբին: Միջին սերունդն այն շարժիչ ուժն է, որն այսօր ունի մասնագիտական, աշխատանքային ժամանակակից հմտություններ: Նա աշխատում, ստեղծագործում է՝ դառնալով երիտասարդների այն ուղեկիցը, որի փորձի հիման վրա էլ վերջիններս պետք է կառուցեն իրենց ապագան՝ ստանալով որակյալ կրթություն: Միջին սերնդի վրա բավականին մեծ պատասխանատվություն է ընկած, այս շերտը պետք է երիտասարդներին հնարավորություն տա կայանալու, ապահովի նրանց առաջընթացը: Երիտասարդներն էլ փոքրերի համար պետք է ապահովեն անձի ձևավորման ու զարգացման նորմալ միջավայր, երջանիկ մանկություն: Անընդունելի է ցանկացած խմբի օտարումը:
- Կուսակցության վարկանիշը, տարբեր գնահատականների համաձայն, այնքան էլ բարձր չէ: Չի՞ խանգարում Ձեզ այդ հանգամանքը քարոզչության ընթացքում:
- Դաշնակցությունը իր պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ ունեցել է դժվարություններ, նրա քայլերը արժանացել են հակասական գնահատականների, բայց, ունենալով ամուր հիմք և իմաստնություն, կարողացել է դրանք հաղթահարել: Այսօրվա դժվարությունները նույնպես մեզ համար հաղթահարելի են:
- Քարոզչության ժամանակ շատ է խոսքը և, ցավոք, քիչ միտքը։ Կարո՞ղ եք շատ կարճ և հստակ ասել՝ ինչո՞ւ ընտրել Ձեզ, ինչո՞ւ ընտրել Դաշնակցությանը։
- Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարախոսական հիմքը Ազատ, Անկախ, Միացյալ հայրենիքի կերտման նպատակադրումն է: Դա հենց այն բանաձևն է, որի շնորհիվ հայ մարդը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները, արհավիրքները, հասել է հաջողությունների ու ապրում է այսօր: Ազատ ասելով՝ նկատի ունեմ հայ քաղաքացու ազատությունը, առանց նսեմանալու, նախընտրած աշխատանքի շնորհիվ արժանապատիվ ապրելը, հոգեպես չստրկանալը: Անկախ ասելով՝ հասկանում եմ, որ մեր երկիրը պետք է իր ազգային, մարդկային ներուժով ստեղծի այնպիսի տնտեսություն, այնպիսի ինքնուրույն կյանք, որ կախման մեջ չլինի այլ երկրներից և դրա արդյունքում ունենա վճռորոշ ձայն ու ազդեցություն տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վրա: Եվ միացյալ ասելով՝ նկատի ունեմ մեր էթնիկական ծագումը, պատմական հայրենիքը, սերունդների համերաշխությունը, լեզուն, մշակույթը: Անհրաժեշտ է ընտրել Դաշնակցությունը՝ հիմք ընդունելով մեր կուսակցության գաղափարախոսությունն ու նախընտրական ծրագիրը: