Պե՞տք է, արդյոք, Հայաստանը քաղաքացիություն շնորհի օտարերկրյա ներդրողներին
Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ներդրողների ներգրավումը համարում է իր նոր կառավարության առաջնահերթությունը:
Դեռ վաղ է որոշել, թե արդյոք օտարերկրյա ներդրողները շահագրգռված են գործարարությամբ զբաղվել Հայաստանում: Նոր ներդրողների բացակայության ընդհանուր բացատրությունը հետևյալն է՝ նրանք սպասում են 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ակնկալվում է, որ վարչապետի պաշտոնակատարի կուսակցությունը կստանա պատգամավորական մանդատների մեծամասնությունը: Կառավարության պաշտոնատարները կարծում են, որ դա կխրախուսի օտարերկրացիներին սկսել ներդրումներ կատարել Հայաստանում:
Այնուամենայնիվ, գոյություն ունի լրացուցիչ միջոց, որով Հայաստանը կարող է համեմատաբար արագ ներգրավել օտարերկրյա նոր ներդրողների՝ նրանց քաղաքացիություն առաջարկելով: Աշխարհի շատ երկրներ նման քաղաքացիություն են առաջարկում օտարերկրացիներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Եվրոպան և երրորդ աշխարհի երկրները:
Այս տարվա սկզբին հետաքննությամբ զբաղվող hetq.am կայքը հոդված էր հրապարակել Arton Capital-ի մասին, որը մասնագիտացած է «քաղաքացիություն ներդրումների միջոցով» ծրագրերում ամբողջ աշխարհում: Ներգաղթի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հրավերով ընկերության պատվիրակությունը անցյալ տարի այցելել էր Հայաստան: Այցելությունից հետո Arton Capital-ի կայքը նշել է. «ներդրումների միջոցով քաղաքացիության հայեցակարգի գաղափարը ընդունվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, արտաքին գործերի նախարարության, նախագահի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, ոստիկանության, միգրացիոն պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից»:
Բուլղարահայ Արմանդ Արթոնը Arton Capital ընկերության նախագահն է, իսկ Էմիլ Շահմուրադյանը՝ բիզնեսի զարգացման գծով փոխնախագահը: Arton Capital-ը գրասենյակներ ունի տասնյակ երկրներում: Իր ընկերության կայքէջում Արմանդ Արթոնը նշել է. «որպես հպարտ հայ, ինձ համար մեծ պատիվ է առաջարկել իմ տարիների մասնագիտական փորձն ու հմուտ «նոու-հաու»-ը՝ օգնել երկրին իր արտաքին ուղղակի ներդրումային նպատակներին հասնելու համար: Arton Capital-ն իր բարեգործական հանձնառության աջակցման համար խոստացել է խորհրդատվական վճարները նվիրաբերել Հայաստանում փախստականներին որպես օգնություն: Ավելի քան 20 հազար սիրիացիներ, որոնք հիմնականում ազգությամբ հայեր են, ապաստան են գտել Հայաստանում 2011 թ. սիրիական պատերազմի սկզբից»:
Նման ծրագրեր առաջարկող երկրներն օտարերկրացիներից պահանջում են քաղաքացիություն ստանալու համար ներդրումների տարբեր մակարդակներ: Arton Capital-ը Հայաստանին առաջարկում է պահանջել 50 հազար դոլարի փոքր գումար՝ որպես օտարերկրացու համար քաղաքացի դառնալու նվազագույն ներդրում: Այլ երկրներ ավելի շատ են պահանջում օտարերկրյա ներդրողներից, իսկ առավել գրավիչ երկրները պահանջում են ավելի քան 10 միլիոն դոլարի ներդրում քաղաքացիություն ստանալու համար: Ընկերությունը գտնում է, որ առաջիկա վեց տարում Հայաստանը կստանա 138 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ՝ եթե այն իրականացնի առաջարկվող ներդրումները քաղաքացիության ծրագրի համար:
Arton Capital-ը Հայաստան կատարած ուղևորության զեկույցում «կարևորում է երկրի դրական կողմերը, ինչպիսիք են՝ նրա ամուր կապերը համաշխարհային տնտեսական կենտրոնների հետ և նրա աշխարհագրական ու մշակութային մոտիկությունը ռազմավարական շուկաներին։ Հայաստանն առաջարկում է ներդրողների մուտք դեպի Ռուսաստան և գրեթե բոլոր հետխորհրդային պետություններ, ինչը նշանակում է մոտ 250 միլիոն հավանական սպառող՝ ներառյալ Կենտրոնական Ասիայում, ավելացրած գրեթե 82 միլիոնից ավելի սպառող հարևան Իրանում, որի հետ երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի։ Եվ եթե երկիրը հասնի առանց վիզայի մուտք Շենգենյան գոտի, որը հնարավոր է 5-7 տարի հետո, նա կարող է արդարացիորեն պնդել, որ վերականգնել է իր պատմական դերը որպես արևմուտքն արևելքին կապող կանգառ Մետաքսի ճանապարհին։ Ընդհանուր առմամբ, երկարաժամկետ արժեքներ հետապնդող ներդրողները կարող են համոզվել՝ Հայաստանի առավելությունների հիման վրա: Ելքով [առանց մուտքի թույլտվության] դեպի 60 և ավելի երկրներ, իր առանձնահատուկ փոխհարաբերություններով Ռուսաստանի հետ և աշխարհագրական հարևանությամբ Իրանի հետ, Հայաստանի քաղաքացիություն ստանալը կդիտվի ոչ միայն որպես մարդու ապագայի և անվտանգության ապահովման միջոց, այլև որպես ռազմավարական քայլ բիզնեսի զարգացման և դիրքավորման համար»:
Հայաստանի կառավարության պաշտոնատար անձինք պետք է հավասարակշռեն քաղաքացիության ծրագրի համար ներդրումների օգուտները դրա թերությունների հետ։ Արտասահմանցի դիմորդները պետք է մանրակրկիտ քննության ենթարկվեն՝ մինչև իրենց ներդրումների դիմաց Հայաստանի քաղաքացիություն ստանալը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի