Բաքվի ստացած բացասական նշաններն ու Երևանի նուրբ բալանսավորումը

Դեկտեմբերի 10-12-ին Թբիլիսիում կազմակերպվող ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական պլատֆորմի հավաքի կապակցությամբ կարևոր նախանշաններ են փոխանցվում։ Հայտնապես այդ հավաքին չեն հրավիրելԱդրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին։
 

Բայց սա միակ երևույթը չէ, որը նախանշային իմաստ ունի։ Այդ հավաքի ամփոփիչ բանաձևի տեքստում նախատեսվում է կետ ներառել, որում նշվում է Ուկրաինայի ու Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և խոսք չկա Ադրբեջանի մասին:

Անհրաժեշտ է մտաբերել, որ Ուկրաինան և Վրաստանը ԵՄ-Ի հետ կնքել են ասոցացման համաձայնագիրը և գուցե առաջին հայացքից դրա համար է նշվում այդ երկրների տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը, որ ներգրավվել է Արևելյան գործընկերության ծրագրերում, բնականաբար, նույն կարգավիճակը չունի։

Առաջին հայացքից  ձևավորվող այս տպավորությունը թերի է իհարկե. Մանավանդ` երբ նկատի ենք առնում Բրյուսելի նախընթաց դիրքորոշումները Բաքվի նկատմամբ։ Խավիարային դիվանագիտությունը, ադրբեջանական բարքերը Բրյուսելյան քաղաքական հարթություն տեղափոխելու Բաքվի պետական քաղաքականությունը, որը հանգեց ի իվերջո ԵԽԽՎ ղեկավար Ագրամունտի հրաժարականին` երկարաձիգ հետևանքների տեղի տվող գործողություններ են փաստորեն։ Այդ հետևանքներից հիշենք հուլիսի սկզբին Եվրախորհրդարանի քվեարկած միաժամանակյա բանաձևերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի մասին. առաջինը ըստ էության դրական-քաջալերական բնույթի, մինչ երկրորդը` բացասական-պայմանական։

Թբիլիսիի հավաքը նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուղիղ հաջորդ օրը։ Այնտեղ անպայման Երևանը կօգտագործի եվրոպական չափանիշերին ընդառաջ ընտրությունները ժողովրդավարական իրավաչափություններով անցկացված լինելու փաստը` այն հակադրելով Բաքվի ավանդույթներին և ադրբեջանական կլանի վերարտադրության գործընթացներին։ Ինչը իբրև  բովանդակություն` տարբեր ասելաձևերով տեղ էր գտել Եվրոխորհրդարանի որդեգրած բանաձևերում։

Երևանի նկատմամբ եվրոպական գնահատականների հավանական շարունակությունը, իհարկե, զուտ ժողովրդավարական արժեչափերին չի վերաբերում։

Մեծ հաշվով գործընթացները ազդեցության գոտիների քաղաքական բախումների շրջանակներում դիտարկելու դեպքում նկատվում են Երևան-ՀԱՊԿ վերջին զարգացումները։ Եվրոպական հայացքով այդ շրջանակներում նկատվում է Երևանի կողմից հետխորհրդային և ՀԱՊԿ-ի անդամ երկրներին հարիր` չհեռացող ղեկավարներից առանձնացում, ինչը բնականաբար մանրադիտակի տակ է բերվում։ Առավել ևս` Երևանի ղեկավարի կողմից ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնի հարցով միևնույն միավորի անդամ պետությունների հետ ոչ ներդաշնակ պահվածքը։

Բնականաբար, առանց այդ հարցին անդրադառնալու և  ընտրությունների ժողովրդավար դրույթի վրա կենտրոնանալով` ԵՄ-ի շրջանակները անպայման դրական գնահատականներ կտան Երևանի հասցեին։

Քաղաքական պրակտիկան և տրամաբանությունը հուշում է, որ ԵՄ-ից բացասական ուղերձներ և ազդակներ ստացող Բաքուն իր հայացքը կուղղի՛ դեպի մրցակից ոլորտ։ Եվ այնտեղից կարող է ստանալ դրական ազդակներ` միևնույն տրամաբանությամբ։
Այստեղ է, որ սկսվում Երևանի կողմից ակտիվ կերպով կիրառելի բալանսավորման նուրբ խաղը. մանավանդ հետխորհրդային երկրների հատուկ` չհեռացող վարչակարգերի և ղեկավարների ախտանիշից ձերբազատման դրսևորում ունեցած և ՀԱՊԿ-ի երկրների հետ վեճում հայտնված մեր պետության համար։
 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր